Բաժիններ՝

«Էդվագ Գրուպ»-ը դատի է տալիս ՏՄՊՊՀ-ին

Արդեն երեք տարուց ավել է, ինչ «Էդվագ Գրուպ» ՍՊԸ-ն (ապրանքային նշանը` 365 Wines, այսուհետեւ` Ընկերություն) վիճարկում է հայկական շուկայում իր մտավոր  սեփականությունն հանդիսացող նռան տեսքի ապակյա շշով գինիների նմանակների անօրինական առկայությունը:

2011թ.-ից «Վեդի Ալկո» ՓԲԸ-ն սկսել է արտադրել նման արտադրանք, այնուհետեւ ՏՄՊՊՀ պահանջով գրանցել է արտադրական նմուշը, որից հետո դատարանում վիճարկվել եւ առոչինչ է ճանաչվել այդ գրանցումը, ու նույն ՏՄՊՊՀ-ն ստիպել է «Վեդի Ալկո» ՓԲԸ-ին հանել այդ արտադրանքը շուկայից: Այդ ընթացքում, երեք այլ արտադրողներ` Իջեւանի գինու գործարանը, Պռոշյանի գինու գործարանը եւ Մառան ընկերությունը, օգտվելով շուկայում տիրող խառնաշփոթ իրավիճակից, նույնպես սկսել են արտադրել եւ իրացնել նման արտադրանք, նույնիսկ այն դեպքում, երբ Մտավոր Սեփականության գործակալությունը մերժել է այդ արտադրական նմուշների գրանցումը` շփոթեցնելու աստիճանի նման լինելու հիմքով:

Ընկերությունը նույն պահանջով դիմել է ՏՄՊՊՀ-ին` չգրանցված եւ շփոթության աստիճանի նման արտադրանքները շուկայից հանելու վերաբերյալ որոշում կայացնել:

Թվում է, թե խնդիրը, որն արդեն դատական նախադեպ ուներ, պետք է արագ լուծում ստանար, սակայն ավելի քան կես տարի տեւած վարչական վարույթի

արդյունքում ՏՄՊՊՀ-ն 2013թ. ապրիլի 4-ին կայացնում է տրամագծորեն հակառակ որոշում` հիմնավորելով, որ շուկայում առկա նռան տեսք ունեցող որեւէ ապակյա շիշ ՆՈՒՅՆՈՒԹՅԱՄԲ ՉԻ ԿՐԿՆՈՒՄ գրանցված արդյունաբերական նմուշը, որ դրանց վրայի պիտակների վրա նշված են արտադրողները, որ դրանց մի մասը վաճառվում է տուփով, եւ որ այդ բոլոր ընկերություններն ունեն կայուն իրացում:

Նման «հիմնավորումը» Ընկերության մոտ զարմանք է առաջացնում, քանի որ ՏՄՊՊՀ-ն իր որոշման մեջ խեղաթյուրում է Տնտեսական Մրցակցության Պաշտպանության Մասին ՀՀ Օրենքի դրույթները, մասնավորապես, Հոդված 12-ի 2-րդ կետի 1 ենթակետը, համաձայն որի շփոթության առաջացում է համարվում` գրանցված ապրանքային կամ սպասարկման նշանին կամ արդյունաբերական նմուշին շփոթության աստիճանի նման, (այլ ոչ թե նույնությամբ կրկնող) չգրանցված ապրանքային կամ սպասարկման նշանի կամ արդյունաբերական նմուշի օգտագործումը:

Առավել զարմանալի է այն, որ ՏՄՊՊՀ-ն իր որոշմամբ հակասել է Մտավոր Սեփականության Գործակալության որոշմանը, որը նույն այդ արտադրական նմուշները չի գրանցել շփոթության աստիճանի նման լինելու հիմքով, ընդ որում Մտավոր Սեփականության Գործակալությունն այս դեպքում ունի մասնագիտական շատ ավելի մեծ փորձ: Առավել զարմանալի է նաեւ այն, որ ՏՄՊՊՀ-ն այս որոշմամբ նաեւ վնաս է հասցնում պետությանը եւ պետական բյուջեին, քանի որ արդեն երեք տարի տեւող վեճերի եւ անբարեխիղճ մրցակցության արդյունքում Ընկերությունը ֆինանսական ահռելի վնասներ է կրել, որի բաժնետերերից մեկը փաստացի պետական Հայաստանի Գյուղական Տարածքների Տնտեսական Զարգացման Հիմնադրամն է, իսկ հիմնական վարկատուն նույնպես պետական «ՓՄՁ Ներդրումներ» Ունիվերսալ Վարկային Կազմակերպությունը:
Փաստորեն, ՏՄՊՊՀ-ն, խեղաթյուրելով Տնտեսական Պաշտպանության Մասին ՀՀ օրենքի դրույթները, կայացրել է որոշում, որը հակասում է նույնատիպ գործով դատական նախադեպին, Մտավոր Սեփականության Գործակալության ավելի վաղ կայացրած որոշմանը, եւ վտանգի տակ է դրել պետական ներդրումները մի ընկերությունում, որի ամենամեծ կապիտալը պատշաճ գրանցած արդյունաբերական նմուշներն են:

«Էդվագ Գրուպ» ՍՊԸ-ն պատրաստվում է ամենամոտ ապագայում վիճարկել այս որոշումը ՀՀ Առաջին ատյանի դատարանում` պաշտպանելով իր եւ իր բաժնետերերի շահերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս