Շարբաթյանի գործով վկաները ուշագրավ բացահայտումներ են անում

Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, լեփ-լեցուն դահլիճում ապրիլի 10-ին և 11-ին շարունակվեց փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության մեջ մեղադրվող Սամվել Դիլոյանի, Արտակ և Արեն Վերանյանների դռնբաց դատական նիստը:

Հարցաքննվեցին վկաներ Արեն Հովհաննիսյանը, Ալվարդ Եղիկյանն ու Օֆելյա Աֆիցերյանը: Արեն Հովհաննիսյանն ասաց, որ ընկերոջ՝ Վոլոդյա Պետրոսյանի հետ վերանորոգելիս են եղել «Մուշ» ռեստորանային համալիրի տանիքը, հյուրասենյակը. դեպքի օրը մասնավորի տանը գործը վերջացնելուց հետո գնացել են «Մուշ»՝ իրենց աշխատանքային գործիքները վերցնելու և մի կտոր հաց ուտելու: Վկան հիշեց, որ ընկերը օրվա ինչ-որ պահի զանգ էր ստացել և իրենց կանչել էին «Մուշ»: Հասնելով այնտեղ ՝ տեսել են հավաքված մարդկանց՝ բարձրաձայն խոսելիս, ապա, իր ասելով՝ 12-13, հաջորդ պահին նույնիսկ 10 տարեկան մի տղա (գործով ապացուցվել է, որ այդ օրը «Մուշ»-ում նշված տարիքի ընդամենը մի տղա է եղել՝ դեպքի ականատես վկա, այժմ զինծառայող Հայկ Ասլիկյանը- հեղ.) «քեռի-քեռի» է ասել ու մոտեցել ընկած տղամարդուն: Հետո էդվարդ Խլղաթյանի կանչով Ա. Հովհաննիսյանն ու Վ. Պետրոսյանն են մոտեցել, ըստ վկայի՝ նաև խոհարար Կարեն Խեչոյանը ու ներս են տարել Ս. Շարբաթյանին: Ըստ վկայի՝ միայն ոստիկանության և շտապօգնության գալուց հետո են իմացել, որ Շարբաթյանը մահացել է:

Ինչպես Շարբաթյանի քրոջ որդու՝ Հայկ Ասլիկյանի տարիքը ճիշտ չնշելը (վկան սկզբում նույնիսկ 12-13 տարեկան էր ասում, շարունակ ձեռքով ցույց տալով վկայի փոքրությունը՝ «մանր երեխա էր», ինչը տարակուսանք առաջացրեց ինչպես տուժողի իրավահաջորդ Հասմիկ Մանուչարյանի, դատավորի, այնպես էլ պաշտպանական կողմի մոտ), այնպես էլ շատ այլ հանգամանքներ նշելը, որոնց սխալ լինելը գործով ապացուցված է, հրապարակված նախաքննական ցուցմունքի և դատարանում ասվածի անհամապատասխանությունը, ինչպես Ռ. Հակոբյանն ասաց՝ միայն Հայկի ասած «քեռի-քեռի»-ն հիշելը, պաշտպանական կողմի և ամբաստանյալների մոտ ողջամիտ կասկածներ առաջացրեց, որ վկան չի եղել դեպքի վայրում: Ինչպես Դիլոյանը նկատեց՝ նրա այնտեղ իբր եղած և որոշ հանգամանքներ տեսած լինելը որպես «նևեդիմկա» պազապես կցված է գործին: Հակասություններ կային նաև Ա. Եղիկյանի ու Օ. Աֆիցերյանի նախաքննական և դատաքննական ցուցմունքների միջև: Նրանք նշեցին, որ Օֆելյայի ծանոթի հրավերով գնացել են «Մուշ», բայց չկարողացան հիշել ոչ ամիսը, ոչ առավել ևս՝ կոնկրետ օրը, ոչ էլ իրենց հետ այդ օրը «Մուշ»-ում եղած 3 տղամարդկանցից 2-ի անունները: Օֆելյայի ենթադրյալ ծանոթի անունը Ալվարդը նշեց Շմավոն, իսկ Օֆելյան՝ Շավարշ:

Ավելին՝ իր ցուցմունքում Օֆելյան հստակ նշեց, ապա ի պատասխան դատավորի, մեղադրողի և պաշտպանական կողմի մի քանի հարցադրումների նաև պնդեց, որ նախաքննական ցուցմունքներում ամբաստանյալներին մեղադրող հանգամանքները իրեն թելադրել է քննիչը:

«Ասավ գրի, քեզական բան չկա, քեզ սկի դատարան չեն կանչի»,- հայտնեց վկան, ավելացնելով քննիչի կողմից իրեն սպառնալու հանգամանքը ՝ «որ օտար տղամարդկանց հետ ռեստորան եմ գնացել, կարողա նաև §պաստել¦ եմ մտել, ասավ գլխիդ գործ կսարքեմ, ես էլ չուզենալով, որ իմ տղաները իմանան այդ մասին, գրել եմ, որ ինձ համար լավ լինի»,- հայտարարեց վկան: Նա չհրաժարվեց ասվածը պնդել նաև քննիչի ներկայությամբ՝ առերես: Մեղադրող դատախազ Պետրոս Մարտիրոսյանի հարցին էլ՝ «Դուք իմանալով, որ զրպարտում եք ու կեղծ մեղադրանք եք ներկայացնում, գիտակցաբա՞ր եք ստել», վկան պատասխանեց. «Ես ոչ մեկին չեմ մեղադրել, ինձ պաշտպանելու համար եմ տենց գրել»:

Երբ դատախազը վկային տեղեկացրեց սուտ մատնության և զրպարտության համար օրենքով նախատեսված քրեական պատասխանատվության մասին՝ պաշտպան Ռ. Հակոբյանն ու Ս. Դիլոյանը նախ նկատեցին, որ դա մեղադրողի իրավասության մեջ չի մտնում, ապա ասացին, որ այս դատավարության ընթացքում շատ են եղել դեպքեր, երբ վկաները հայտարարել են ավելի ծանրակշիռ բազմաթիվ կեղծիքների մասին, բայց դատախազը նման պարզաբանումներ չի արել: «Ի՞նչ է, թույլ օղա՞կ եք գտել»,- արձագանքեց Հակոբյանը, «թե՞ էս վկայի վրա ազդելու միջոցներ, կախվածության մեջ գցելու լծակներ կան»,- ավելացրեց Դիլոյանը:

Չնայած դատավորի հարցին՝ մեղադրողը չի՞ ցանկանում ի պատասխան որևէ բան ասել, Պ. Մարտիրոսյանն ասվածն անարձագանք թողեց: Ռ. Հակոբյանը նրան հորդորեց. «Պարոն մաղադրող, մի´ նյարդայնացեք, որ ապօրինությունների մասին բարձրաձայնվում է»:

Օ. Աֆիցերյանն ասաց, որ քննիչն ասել է, թե կարող է չնշել իրենց հետ եղած տղամարդկանց անունները, պետք չի: Պաշտպանական կողմը այս հանգամանքի վրա էլ հրավիրեց մեղադրողի ուշադրությունը, թե ինչպես նախաքննական մարմինը փորձ անգամ չի արել բացահայտելու վկաների ինքնությունը կամ հենց այդ օրը դեպքի վայրում եղած լինելը այն պարագայում, երբ վկան պաշտպանի հարցին պատասխանեց, որ ինքը նոյեմբերին է եղել «Մուշ»-ում, սակայն կոնկրետ ամսաթիվը՝ նոյեմբերի 18-ը, քննիչն է իրեն մատնանշել գրել ցուցմունքում: Տարակուսանք առաջացրեց նաև հանգամանքը, որ տարվա այդ եղանակին, ինչպես վկան ասաց, ժամը 17-18-ի սահմաններում իրենք որոշել են գնալ բնության գիրկ, բիսետկա՝ հանգիստ անցկացնելու: Սրանով պաշտպանական կողմը ողջամիտ կասկածներ հայտնեց, որ Օ.Աֆիցերյանն ու Ա. Եղիկյանն էլ այդ օրը չեն եղել դեպքի վայրում: Մեղադրողը սրան էլ չարձագանքեց:

Ի պատասխան դատավորի այն հարցին և ամփոփմանը, թե դուք այդ օրը ռեստորանում եղած ժամանակ բարձր խոսակցություն, հայհոյանք, վեճ ու կռվի ձայներ լսել եք, որի պատճառով դուք հեռացել եք ռեստորանից, վկան մի քանի անգամ պատասխանեց. «Ոչ: Մենք հաց ենք կերել, ժամանակ ենք անցկացրել ու շուտ դուրս ենք եկել, գնացել: Նույնիսկ կարող էինք մի քիչ էլ նստել, բայց արդեն ուշ ժամ էր»:

Պաշտպան Մհեր Դավթյանը նկատեց, որ Աֆիցերյանի ցուցմունքում իրավաբանորեն հանգամանալից շարադրված է խուլիգանության ամբողջ հանցակազմը, նշեց, որ վկային հարցաքննության են կանչել առանց պատշաճ ծանուցելու: Ըստ Օ. Աֆիցերյանի՝ իրեն չեն ծանուցել, իր հետևից տուն են եկել §Ռուդոն մեկ էլ Ռեմբոյի տղեն¦:

«2013թ. մայիսին, երբ անհրաժեշտություն էր առաջացել կալանքի ժամկետը երկարացնելու, քննչական բաժնի պետը ցուցում է տալիս խուլիգնության մեղադրանքով ստեղծել այս արհեստածին ապացույցը, դրա համար են այս վկաներին կցել գործին»,- հայտարարությամբ նկատեց Մ. Դավթյանը՝ ավելացնելով, որ վկային առանց ծանուցագրի տնից հանել-ոստիկանություն տանելը ընդունված է Սալվադորում և Թունիսում, իսկ ՀՀ-ն իրավական պետություն է և նման մոտեցումներն այստեղ օրենքի խախտում են համարվում: Նա այս հանգամանքի վրա ևս հրավիրեց մեղադրողի ուշադրությունը:

Հաջորդ նիստը նշանակվեց ապրի 23-ին, ժամը՝ 12-ին:

Տեսանյութեր

Լրահոս