Հանրային հեռուստաընկերությունից գողացված կինոժապավենները գնահատվել են 441.600 դրամ. pastinfo.am

«Հայաստանի հանրային հեռուստատեսություն» ՓԲ ընկերության ֆիլմադարանի պահեստարանից 736 կինոժապավենի գողության գործով ամբաստանյալ Ռուդոլֆ Հովակիմյանը  դատապարտվել է պայմանական ազատազրկման՝ 2  տարի 6 ամիս ժամկետով՝ 2 տարվա փորձաշրջանով: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Դատարանը ամբաստանյալին մեղավոր է ճանաչել ոչ միայն ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ պահեստարան ապօրինի մուտք գործելով գողություն, այլև՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով՝ առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների ապօրինի շրջանառություն:

Դատավճռով ամբողջությամբ բավարարվել է տուժող «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն»  ՓԲ ընկերության ներկայացուցիչ Դավիթ Հայրապետյանի ներկայացրած քաղաքացիական հայցը՝ 441.600 ՀՀ դրամի չափով: Գումարը ամբաստանյալից պետք է բռնագանձվի՝ որպես հանցագործությամբ անմիջականորեն պատճառված վնասի փոխհատուցում:

Ըստ նախաքննական մարմնի կողմից առաջադրված մեղադրանքի՝ ամբաստանյալ Ռուդոլֆ Հովակիմյանն ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ 2013թ. հոկտեմբերի 14-ին և 15-ին` ժամը 18։30-ի սահմաններում, դռան փականը բացելու միջոցով ապօրինաբար մուտք է գործել «Հայաստանի հանրային հեռուստատեսության» ՓԲ ընկերության ֆիլմադարանի պահեստարան և այնտեղից գաղտնի հափշտակել զգալի չափի` ընդհանուր 441.600 ՀՀ դրամ արժողությամբ 736 կինոժապավեն, որոնք լցնելով պարկերի մեջ` մի մասը 2013թ. հոկտեմբերի 14-ին, իսկ մնացածը հոկտեմբերի 15-ին իր անձնական օգտագործման «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել է Երևան քաղաքի «Սարի թաղի հրապարակ» անվանվող վայր և հանձնել ոմն Արմանին` դրանց դիմաց վերջինիցս ստանալով ընդհանուր 20.000 ՀՀ դրամ գումար։

Բացի այդ, Ռուդոլֆ Հովակիմյանը 2013թ. սեպտեմբերի կեսերին դաշտից քաղել է վայրի աճած կանեփի բույսի տերևներ, դրանք փոխադրել է իր փաստացի բնակության վայր հանդիսացող բնակարան, ապա չորանալուց հետո մանրացրել է, փաթաթել է թղթի մեջ և առանց իրացնելու նպատակի՝ ապօրինաբար պահել է բնակարանի պահարանի մեջ` իր կողմից հետագայում օգտագործելու նպատակով:

Սակայն 2013թ. հոկտեմբերի 28-ին ոստիկանության աշխատակիցների կողմից նշված բնակարանում կատարված խուզարկության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է ընդհանուր 2,02 գրամ հաստատուն քաշով «չորացված մարիխուանա» տեսակի թմրամիջոցը։

Գործը հարուցվել էր «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերության ինժեներ Վարդան Հակոբյանի հաղորդման հիման վրա։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս