Բաժիններ՝

Դեպի կշտացող Հայաստան

Ապրիլի 10-ին «Կենտրոն» հեռուստաընկերության հյուրն էր նախկին արտգործնախարար, ներկայումս` ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանը։ Նույն օրը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը` Օսկանյանի և մեկ այլ պատգամավորի` Ստեփան Մարգարյանի հետ միասին, հյուրընկալվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին։

Եվ ահա Օսկանյանը ներկայացնում էր այդ հանդիպման մանրամասները։ Ընդհանուր առմամբ նորմալ գնահատելով հանդիպումը` նա ասաց, որ դրա նպատակն այն էր, որպեսզի հանրապետության նախագահը լսի կուսակցության դիրքորոշումները նոր կառավարության անելիքների հետ կապված։ «Պրն Ծառուկյանը կուսակցության կողմից հիմնական 4 խնդիր է դրել նախագահի առաջ. 4 հարց է բարձրացրել և քննարկել»,- ասաց Օսկանյանը և սկսեց կետ առ կետ անդրադառնալ այդ 4 կետերին։
Առաջին երկու կետերը բավականին ակտիվ լուսաբանվեցին։ Առաջին կետն այն էր, որ ԲՀԿ օրակարգում չի եղել և այսօր էլ չկա կոալիցիա մտնելու հարցը. «Որովհետև, ինչպես բազմիցս ասվել է, ինքնանպատակ չի կոալիցիա մտնելը` պաշտոններ վերցնելը»։

«Մեր նպատակը միշտ եղել է` փորձել իրավիճակը փոխել երկրում, լավացնել ժողովրդի կենսամակարդակը։ Կասեցնել արտագաղթը, և պրն Ծառուկյանը հենց դա շեշտեց, որպեսզի պաշտոնների հետ կապված այդ խնդիրը մի կողմ դրվի, և մենք կարողանանք իսկապես բովանդակության մասին խոսել»,- ասում էր Վ.Օսկանյանը։

Երկրորդ հարցը վերաբերել է Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգին, որը հրապարակվել էր նույն օրը` ապրիլի 10-ին։ Ինչպես արդեն հայտնել ենք, ԲՀԿ-ն դեմ է արտահայտվել այդ փոփոխություններին, որոնց արդյունքում Հայաստանը կարող է դառնալ խորհրդարանական երկիր։ Սա բավականին ուշագրավ էր, քանի որ ոչ վաղ անցյալում ԲՀԿ-ն ինքն էր առաջ քաշում այս փոփոխությունը։ Դրա համար Օսկանյանը փորձում էր պարզաբանել, որ դեմ են «հատկապես այս օրերին» այդ հարցը քննարկելուն, և, որ, եթե իսկապես դրա կարիքը կա, ապա դա պետք է անել 2017-18 թվականներին։

Օսկանյանի գլխավոր փաստարկն այն էր, որ այսօր ժողովրդի առաջ այնպիսի բարդ խնդիրներ են կանգնած (հիմնականում` տնտեսական), որ պետք է կենտրոնանալ դրանց վրա։

«Այսօր ժողովրդի պահանջը ոչ թե սահմանադրական փոփոխություններն են, այլ տնտեսական բարեփոխումները։ Այսօր ժողովրդի պահանջն իր կյանքի մեջ փոփոխություններն են, իր օրվա հացի խնդիրն է»,- ասաց Օսկանյանը` ավելացնելով, որ դա կարող է ի վերջո վերածվել կուսակցությունների վեճի, պաշտոնակռվի` ձեռքի հետ զգուշացնելով, որ անգամ նախագծի քննարկումը կարող է տանել «երկրում անդորրի խաթարմանը»:

Երրորդ խնդիրը, ըստ Օսկանյանի, եղել են տնտեսական հարցերը. նրա խոսքի այդ հատվածի սղագրությունը, թերևս, ավելի ճիշտ կլինի ներկայացնել ամբողջությամբ, քանի որ այդ մասն այնքան էլ ակտիվ չլուսաբանվեց. «Պրն Ծառուկյանը ներկայացրեց կուսակցության դիրքորոշումը` առ այն, որ այսօր հիմնական փոփոխություն է անհրաժեշտ տնտեսական քաղաքականության մեջ, առհասարակ փիլիսոփայության և գաղափարախոսության մեջ։ Եվ ասաց, որ ժամանակն է, որ մենք կարողանանք սթափ և անաչառ գնահատական տալ այս 6 տարիների կառավարության գործունեությանը, մատնանշել, թե որոնք են եղել սխալները, թերացումները, որ մենք այսօր գտնվում ենք այն վիճակում, որ այսօր ենք, և ինչ անել, որ կարողանանք այս իրավիճակից դուրս գալ։

Եվ այստեղ ԲՀԿ-ն շատ հստակ դիրքորոշում ունի` որ պետք է փոխվի քաղաքականությունը, շեշտադրումները պետք է փոխվեն։ Հիմնական կառավարության շեշտը պետք է լինի տնտեսական աճը, կենսամակարդակի բարձրացումը և աշխատատեղերի ստեղծումը, որը կբերի նաև արտագաղթի կասեցմանը։ Սա ի՞նչ է նշանակում։

Մի քանի պարզ օրինակ տամ։ Սա ենթադրում է բանկերի տոկոսադրույքների նվազեցում, որ մարդիկ կարողանան ներդրումներ անել, սա նշանակում է կենսամակարդակի բարձրացում` աշխատավարձը և թոշակները բարձրացնելով, սա ենթադրում է հատկապես փոքր և միջին գործարարության հարկային բեռը նվազեցնել և արտոնություններ տալ։

Ահավասիկ նման միջոցառումներով կուսակցությունը կարծում է, որ մենք կկարողանանք տնտեսությունը խթանել, որ այսօր շատ անհրաժեշտ է»։
Չորրորդ հարցը Օսկանյանը ներկայացրել է` որպես «ժողովրդին հուզող, հրատապ հարցեր», որոնք հասարակական քննարկման և դժգոհության առարկա են դարձել` ավտոկանգառների կարմիր գծեր, արագաչափեր, կուտակային բարեփոխումներ և այլն։ Ըստ էության, սրանք նույնպես կարելի էր դասել տնտեսականին, և կստացվեր, որ նախագահի առաջ ԲՀԿ-ն երեք հարց է բարձրացրել։

Օսկանյանն ասում էր, որ իրենց կուսակցությունը բարեփոխումներին դեմ չէ, պարզապես չեն ցանկանում, որ այդ ամենի արդյունքում լուրջ տուգանքները ժողովրդի առանց այն էլ ցածր կենսամակարդակն էլ ավելի նվազեցնեն։ «Աշխատավարձերը, թոշակներն այնքան ցածր են, որ այդ տուգանքները, որ, բնականաբար, ժողովրդի կյանքում իր վազնիվազի մեջ, բնականաբար, լինում են, դա առավել նվազեցնում է ժողովրդի կենսամակարդակը և գնողունակությունը, որը և խաթարում է նաև մեր տնտեսական զարգացումը»,- ասում էր Օսկանյանը` նշելով, որ տուգանքը պետք է լինի ժողովրդի կենսամակարդակին համահունչ, ոչ թե 10 կամ 20 հազար դրամ, այլ 500, 1000 դրամ։

Հիմա փորձենք հասկանալ այս ամենը։ Օսկանյանն ասում է (ԲՀԿ-ի դիրքորոշումն է), որ կառավարության հիմնական շեշտադրումները պետք է լինեն տնտեսական աճը, կենսամակարդակի բարձրացումը, պետք է նվազեցնել տոկոսադրույքները, բարձրացնել թոշակներն ու աշխատավարձերը, ստեղծել աշխատատեղեր, որը կբերի նաև արտագաղթի կասեցմանը։ Իրականում սրանք ոչ թե շեշտադրումներ են, այլ նպատակներ` չափազանց վեհ ու նույնքան բարի։

Այսինքն` Օսկանյանը պետք է խոսեր տնտեսական աճին հասնելու ուղիների մասին։ Իսկ եթե խնդիրն ընդամենը նպատակները շեշտելն է, ապա նախորդ կառավարությունը դա պակաս տպավորիչ կերպով չէր անում։

Չէ, իհարկե, ԲՀԿ-ն գիտի նաև այդ արդյունքներին հասնելու ուղիները, պարզապես Սերժ Սարգսյանի մոտ դժվար թե կետ առ կետ ներկայացնեին տնտեսության առողջացման ծրագիրը։ Փոխարենը` այսօր Ծաղկաձորում մեկնարկելու է քառյակի տնտեսական համաժողովը, որտեղ, ըստ էության, քննարկվելու է հենց այդ ծրագիրը։ Ավելին, ինչպես մեր թղթակցի հետ զրույցում նշել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, «Ժառանգությունը» կողմ է ԲՀԿ-ի ծրագրին։

Այդուհանդերձ, կան մի քանի «մանրուքներ», որոնք ԲՀԿ ծրագրում դժվար թե շոշափվեն։ Օրինակ` Մաքսային միության հարցը, որին անդամակցությունը բերելու է մաքսատուրքերի բարձրացման, հետևաբար` գնաճի, հետևաբար` բնակչության գնողունակության անկման, ինչի մասին խոսում էր Վարդան Օսկանյանը։ Բացի այդ, արտագաղթի մասին խոսելիս` դժվար թե հիշատակեն վերջերս Ռուսաստանի հետ ձեռք բերված համաձայնությունը` ՀՀ քաղաքացիների համար միգրացիոն ռեժիմի հեշտացման վերաբերյալ։

Այդ համաձայնագիրը ոչ այլ ինչ է, եթե ոչ` արտագաղթը խթանելու միջոց։ Կխոսվի փոքր ու միջին բիզնեսին խթանելու մասին, բայց չի խոսվի այն մասին, թե ինչպես խաղատնային ոլորտի բազմաթիվ փոքր ու միջին ձեռնարկատերեր օրենքի փոփոխության շնորհիվ քոչեցին Երևանի մոտակայքից` մոնոպոլիստի կարգավիճակում թողնելով մայրուղու սկզբնամասում գտնվող հայտնի խաղատունը։ Սակայն ամենակարևորը սրանք չեն։

Ամենակարևորի մասին չի խոսվում։ Օսկանյանը (այսինքն` ԲՀԿ-ն) ճիշտ է, որ անհրաժեշտ են լուրջ փոփոխություններ, սակայն լուրջ` փիլիսոփայական, շեշտադրումների փոփոխությունները պետք է գան առաջին հերթին` քաղաքական համակարգից։ Հնարավոր չէ տնտեսական բարեփոխում իրականացնել` քաղաքական փտած հիմքի ու կախյալ դատական համակարգի հիման վրա։ Այս մասին ոչինչ չի ասվում։

Ու բացի այդ, ԲՀԿ-ն ազնիվ չէ գնահատական տալու առումով, որովհետև «սթափ և անաչառ» գնահատական տալ պետք է ոչ միայն կառավարության, այլ ողջ իշխանության քաղաքականությանը` նախագահի գլխավորությամբ։ Որովհետև նախագահական մոդելում, որը ԲՀԿ-ն ցանկանում է պահպանել, կառավարության իրական գլուխը ոչ թե վարչապետն է, այլ նախագահը, որը բազմիցս հայտարարել է, որ պատասխանատու է կառավարության իրականացրած տնտեսական քաղաքականության համար։ Իսկ մեզ փորձում են համոզել, որ խնդիրը միայն կառավարության պրոֆեսիոնալիզմն է, և, որ ամեն ինչ լավ կարող է լինել, միայն թե տնտեսական քաղաքականությունն իրականացվի ԲՀԿ-ի առաջարկներին համահունչ։

Կարճ ասած, տպավորությունն այնպիսին է, որ ժողովրդին հուզում են միայն սոցիալական խնդիրները, և, որ արտագաղթը կապված է հիմնականում դրա հետ։ Սակայն չէ՞ որ այդպես չէ, մարդիկ ավելի շատ արտգաղթում են ոչ թե սոցիալական պայմաններից, այլ` որ իրենց հետ ազնիվ չեն` թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը։ Իսկ այսպես ստացվում է, որ մեր ժողովրդին պետք է պարզապես կերակրել, և վերջ։

Ի դեպ, Վարդան Օսկանյանն իր 6 րոպեանոց հարցազրույցի ընթացքում «ժողովուրդ» բառը կրկնում է 14 անգամ (կարող եք հաշվել)։ Սա նշանակում է, որ միջինը` 25 վայրկյանը մեկ նա հնչեցնում է «ժողովուրդ» բառը։ Դա հռետորաբանության փորձված մեթոդ է. կան ազդեցություն գործող կամ էմոցիաներ առաջացնող բառեր, որոնց շնորհիվ խոսքն ավելի տպավորիչ և ազդեցիկ է դառնում։ Սակայն փորձը ցույց է տվել, որ հայաստանյան իրականության մեջ որքան ավելանում է «ժողովուրդ» բառի օգտագործումը, այնքան փոքր է ժողովրդի դերակատարությունն ու մասնակցությունը` իշխանության համար պայքարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս