
Ռուսաստանը չունի աստղակերպեր կործանելու միջոցներ. Ռոգոզին

Lenta.ru-ի փոխանցմամբ` Ռուսաստանը չունի վտանգավոր աստղակերպեր կործանելու միջոցներ: Այս մասին այսօր ուսանողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը: Ուսանողներից մեկը նրան հարցրել է, թե արդյոք ճիշտ է այն տեղեկատվությունը, որ չելյաբինսկյան երկնաքարը վայր է գցվել ՀՕՊ-ի միջոցներով:
Ռոգոզինը պատասխանել է, որ դա այդպես չէ, և իրենք ոչինչ էլ չեն կործանել: Ռոգոզինն ընդգծել է, որ եթե տիեզերական այդ մարմինը լիներ մի փոքր ավելի հզոր, ապա դինամիկ հարվածը կարող էր հանգեցնել մարդկային զոհերի.
«Իրականում դա վտանգավոր բան է, և նրանք, ովքեր կարծում են, թե մենք ամեն ինչ գիտենք տիեզերքի մասին և որ երբեք տեղի չի ունենա աղետ, նրանք խորապես սխալվում են: Տեխնոլոգիաների զարգացման արդի փուլում դեռ չկան այնպիսի միջոցներ, որոնք ունակ կլինեն կործանելու նմանատիպ օբյեկտները:
Անգամ եթե մենք ֆիքսենք այդ մարմինը, հասկանանք, որ նա 20 տարի անց վտանգավոր հեռավորության վրա կմոտենա Երկրին, միևնույն է` մենք միջոցներ չունենք նման վտանգի դեմ պայքարելու համար»: