Օբամայի տարեկան եկամուտները նվազել են 180.000 դոլարով
Lenta.ru-ի փոխանցմամբ` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ու նրա կին Միշելը 2013 թվականին վաստակել են կես միլիոն դոլարից էլ պակաս գումար` 482.000 դոլար: Այս մասին են վկայել ԱՄՆ-ի առաջնորդի հարկային հայտարարագրի տվյալները, որոնք տեղ են գտել Սպիտակ տան կայքում:
2012 թվականին Բարաք Օբամայի ու նրա կնոջ վաստակած գումարը կազմել էր 662.800 դոլար: Այդպիսով, 2013 թվականին Օբամայի եկամուտները նվազել են 180.000 դոլարով` համեմատած 2012 թվականի հետ: 2013 թվականին Օբամայի ընտանիքի վճարած հարկերը կազմել են 98.200 դոլար` 20.4 տոկոս:
Նախագահն ու նրա կինը բարեգործական նպատակներով ծախսել են 59.200 դոլար, այսինքն` իրենց եկամուտների 12.3 տոկոսը: Օբամայի ընտանիքը գումար է նվիրաբերել 32 տարբեր կազմակերպության, որոնցից ամենամեծ գումարը (8800 դոլար)` զինծառայողների ու վետերաների օգնության Fisher House Foundation հիմնադրամին:
Ընդգծվում է, որ ԱՄՆ նախագահ դառնալուց հետո Օբամայի եկամուտները նվազում են տարեցտարի: 2009 թվականին նա վաստակել է 5.5 միլիոն դոլար, 2010 թվականին` մոտ 1.7 միլիոն դոլար, 2011 թվականին` մոտ 790.000 դոլար, 2012 թվականին` 608.600 դոլար:
ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենն ու նրա կին Ջիլը 2013 թվականին վաստակել են 407.000 դոլար: Նրանք բարեգործական նպատակներին հատկացրել են 20.100 դոլար: Հարկերի մուծման վրա ծախսվել է 96.400 դոլար` 23.7 տոկոս: