Բաժիններ՝

Տանձուտ եւ Արմավիր համայնքները Սևանի ջրից չեն օգտվում

ԷկոԼուր -ի փոխանցմամբ` Սևանից ջրի լրացուցիչ բացթողումները իմիտացիա է: Այս կարծիքին են ՀՀ Արմավիր մարզի Արմավիր գյուղի բնակիչները: «Գյուղացիների հաշվին իրենք ուզում են բացթողումներ անեն, որպեսզի աշխատեն կասկադները, հետո այդ էլեկտրաէներգիան, որը ստացել են շատ էժան, շատ բարձր գնով վաճառեն ժողովրդին, անունն էլ դնում են գյուղատնտեսություն»,- ասում էին Արմավիր գյուղի բնակիչները:

Խոսքը Սևան-Հրազդան կասկադի մասին է, որը բաղկացած է յոթ ՀԷԿ-երից, որոնք տեղակայված են Հրազդան գետի վրա: Այդ ՀԷԿ-երն են՝ «Սեւան» ՀԷԿ, «Հրազդան» ՀԷԿ, «Արգել» ՀԷԿ, «Արզնի» ՀԷԿ, «Քանաքեռ» ՀԷԿ, Երևան ՀԷԿ-1, Երևան ՀԷԿ III։ Կայաններն օգտագործում են Հրազդան գետի բնական հոսքը, ինչպես նաև ոռոգման ջրի արտահոսքը Սևանա լճից:

«Սևանի ջուրը մեզ չի հասնի, մենք այդ խնդրի հետ կապ չունենք,- ասաց Արմավիրի համայնքապետ Ռաֆիկ Մարգարյանը,- Մենք օգտագործում ենք Արաքսի, Ախուրյանի ջուրը, հիմնականում Արաքսից ենք օգտվում»: Գյուղապետի խոսքով՝ իրենք ունեն ոչ թե ջրի, այլ ոռոգման ջուրը տեղ հասցնելու խնդիր, որը տեխնիկական խնդիր է:

Արտեզյան հորերի կոնսերվացման վերաբերյալ Արմավիր համայնքի բնակիչները նշեցին. «Մեզ մոտ կոնցերվացնելու խնդիր չկա…Որ հորը օգտագործում են, օգտագործում են, որը չէ, առանց այդ էլ փակ է, դրանք կոնսերվացնելու կարիք չկա: Հիմա մի հատ էլ դրա վրա փող ծախսեն, կոնսերվացնեն…ի՞նչը կոնսերվացնեն»,- ասում էին բնակիչները:

Արմավիրցիները նշեցին, որ իրենք թույլ չեն տա կոնսերվացնել իրենց չօգտագործվող հորերը, կարող է՝ ժամանակը գա, դրանք իրենց պետք գան. «Մենք գումար ենք ծախսել, խփել ենք այդ հորերը, ինչ ուզում են անեն, ուզում են, թող ոստիկաններ բերեն, չենք թողնելու»:

Արմավիրի մարզի Տանձուտ համայնքն էլ չի օգտվում Սևանա լճի ջրից։ «Մենք Սևանից երբեք ջուր չենք ստացել, չկա նաև ճանապարհ, որով Սևանի ջուրը կարող է հասնել մեզ, մենք Սևանի հետ գործ չունենք։… Մեզ Սևանի ջուրը պետք կլինի միայն երաշտի դեպքում, բայց որքան մենք գիտենք, ճանապարհ չկա, որ այդ ջուրը մեզ հասցնեն։ Օգտվում ենք Արաքսից և Ախուրյանի ջրամբարից։ Ոռոգման ընթացքում ունենում ենք խնդիրներ, բայց դրանք տեխնիկական բնույթ են կրում, այսինքն, տեղ կա, որ ջուրը չի հասնում»,- ասում էին Տանձուտի բնակիչները:

Բացի Արաքսից և Ախուրյանի ջրամբարից, Տանձուտ համայնքը ոռոգման նպատակով օգտվում է նաև խորքային հորերից: Բնակիչները նշեցին, որ իրենք անօրինական և կոնսերվացված հորեր չունեն:

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային Ժողովի հաստատմանն է ներկայացված «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ oգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաuտատելու մաuին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունմամբ 5 տարի ժամկետով Սեւանից ջրառի չափաքանակը 170 միլիոն խմ-ից կհասնի մինչեւ 240 միլիոն խմ-ի Արարատյան դաշտի 30-ից ավելի համայնքների ոռոգման համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս