«Ժառանգության» խոսնակ. Սերժ Սարգսյանի ասածն ինձ համար դեռ որևէ հիմք չէ

«Մեկ անգամ չէ, որ Սերժ Սարգսյանը մի բան ասել է, մի ուրիշ բան է արել, այնպես որ, նրա ասածն ինձ համար դեռ որևէ հիմք չէ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը` անդրադառնալով ՀՀ նախագահի երեկվա հայտարարությանը:

Մենք նկատեցինք, որ Սերժ Սարգսյանն ընդծել է, որ Սահմանադրությունը սերունդների համար է, և Սահմանադրությանը դերը և ժողովրդավարական ավանդույթները երկրի համար ավելի կարևոր են, քան բոլոր տեսակի շահարկումները:

Մեկնաբանելով Սերժ Սարգսյանին` մեր զրուցակիցն ասաց. «Նման մոտեցում պետք է դրսևորել ոչ թե սահմանադրական հանրաքվեի կապակցությամբ, այլ ամենակարևորը` ընտրությունների ժամանակ: Եթե ժողովրդավարական ավանդույթները կարևորվեին գործող, դե ֆակտո նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, ընտրությունները չէին կեղծվի, և իշխանությունը չէր բռնազավթվի` թեկուզ միայն վերջին նախագահական ընտրությունների ժամանակ, էլ չեմ խոսում մյուս բոլոր ընտրությունների մասին»:

Մեր հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ Սերժ Սարգսյանը գնացել է այս քայլին` հաշվի առնելով ստեղծված ներքաղաքական բարդ իրավիճակը, Հ. Խուրշուդյանը պատասխանեց. «Բնականաբար, միայն այն փաստը, որ նա նման հայտարարություն է անում` անկախ նրանից` հավատում ենք իրեն, թե ոչ, արդեն ցույց է տալիս, որ այլևս հնարավոր չէ իշխանությունը պահել այս վիճակում, առավել ևս երբ մարդկանց մոտ մտավախություն կա, որ այս վիճակը կարող է շարունակվել տասնյակ տարիներ շարունակ: Ուստի, ստեղծված իրավիճակը էապես ազդել է նման հայտարարություն անելու վրա»:

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է բուն սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին, դրա դրական ու բացասական կողմերին, «Ժառանգության» մամուլի խոսնակն ասաց. «Անկախ բովանդակությունից, որն առաջարկված է հայեցակարգում, որում ևս մենք շատ կետերի հետ համամիտ չենք, մենք չենք կարծում, որ այս պահին` ստեղծված քաղաքական իրավիճակում` այն էլ գործող ոչ լեգիտիմ իշխանությունների օրոք, նպատակահարմար է նախաձեռնել նման կարգի սահմանադրական բարեփոխումներ»:

Հովսեփ Խուրշուդյանը սրան նաև ավելացրեց, որ «Ժառանգությունը», ի տարբերություն իշխող Հանրապետական կուսակցության, մշտապես հայտարարել է, որ գործող կիսանախագահական մոդելն արդյունավետ չէ, և տարօրինակ է, որ իշխանությունը, կողմ լինելով գործող կառավարման համակարգին, այժմ նախաձեռնում է սահմանադրական բարեփոխումներ, որտեղ որպես այլընտրանք ներկայացվում է հնարավոր անցումը կառավարման խորհրդարանականը համակարգին:

«Մենք սրանից շատ ավելի կարևոր ենք համարում այն, որ ընտրությունները պետք է լինեն բացառապես համամասնական ընտրակարգով, և մեծամասնականը պետք է բացառվի, ինչի պատասխանը նախագծում դեռևս տրված չէ և թողնված է հետագա քննարկումներին: Ամեն դեպքում, դա բովանդակային քննարկման ոլորտից է, որի մեջ հիմա չենք ուզում մտնել»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը երեկ Սերժ Սարգսյանին ներկայացրել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի նախնական տարբերակը: Սերժ Սարգսյանը, անդրադառնալով այս հարցին, հայտարարել է, թե իր կողմից ուզում է անել առաջին քայլը` սահմանադրական բարեփոխումների քննարկումները իսկապես անկաշկանդ հունի մեջ դնելու առումով, և քննարկումների փուլը սկսելուց առաջ, պաշտոնապես հայտարարում է, որ այլևս երբեք չի առաջադրվելու Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնի համար:

Եթե վերջնական քննարկումների արդյունքում իր ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, այսինքն` սահմանադրական բարեփոխումների արդյունքում Հայաստանն անցնի պառլամենտական կառավարման մոդելին, ապա չի հավակնի նաև վարչապետի պաշտոնին»:

«Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավել իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Տեսանյութեր

Լրահոս