ՀՅԴ-ն հեղափոխական ակնկալիքներ ունի Ս. Սարգսյանից. «Ժամանակ»
«Ժամանակը» գրում է. «Ինչպես հայտնի է, ԲՀԿ ու ՀՅԴ ղեկավարներն այս պահին նախագահականում են և Սերժ Սարգսյանի հետ քաղաքական կոնսուլտացիաների են մասնակցում: Ըստ այդմ՝ ամեն րոպե սպասվում է, որ այդ ուժերը հնարավոր է համաձայնության գան:
Դրան առնչվող մեր հարցերին պատասխանում է ՀՅԴ ներկայացուցիչ, սոցապ նախկին նախարար Արսեն Համբարձումյանը: Հայտնի է նաև, որ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն այսօր նախագահականում տված ասուլիսում հայտարարել է, որ սահմանադրական բարեփոխումների նախապատրաստման հանձնաժողովը շատ լուրջ է մոտենում հարցին, թե արդյոք անհրաժեշտություն կա՞ անցում կատարելու 100 տոկոս համամասնական ընտրական համակարգին, և որ հարցը կպարզվի քաղաքական ուժերի հետ քննարկումներ անցկացնելուց հետո մինչև հուլիսի 1-ը:
– Պարոն Համբարձումյան, տեղյա՞կ եք Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքից:
– Չէ, այս պահին որևէ տեղեկատվության չեմ տիրապետում:
– Իսկ Դաշնակցությունում նիստ և որոշում եղե՞լ է, կոալիցիային միանալու որևէ ներքին համաձայնություն կա՞:
– Որևէ որոշման մասին այս պահի դրությամբ չեմ կարող խոսել: Ասել ենք արդեն՝ մենք ունենք մեր հստակ մոտեցումները, պատկերացումները: Ինչ պետք է արվի արմատական համակարգային բարեփոխումներ իրականացնելու համար, և մեր մոտեցումներն ու պատկերացումները ներկայացնելու ենք: Թե ինչպիսի արձագանք կստանան դրանք, ըստ այդմ էլ պարզ կլինի մեր վերաբերմունքը և դիրքորոշումը:
– Ասել է թե՝ եթե Սերժ Սարգսյանը ՀՅԴ 7 կետերն այսօր ընդունի, ՀՅԴ-ն պատրա՞ստ է մտնել կոալիցիա:
– Առաջարկությունների փաթեթը կառուցված է 7 կետերի շրջանակներում և տրամաբանությամբ, բայց դրանով չի, որ սահմանափակվում են մեր մոտեցումները:
– Ի՞նչ ակնկալիք ունեք Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից: Ի՞նչ ակնկալիքով են ՀՅԴ ներկայացուցիչները գնացել հանդիպման:
– Ակնկալիքը մեկն է. ուզում ենք հավատալ, որ նախագահը խորությամբ գիտակցում է մեր երկրի առջև ծառացած լրջագույն հիմնախնդիրները և այդ վիճակից դուրս գալու լուրջ, կտրուկ, նաև հեղափոխական քայլեր անելու անհրաժեշտությունը: Եթե կլինի այդ գիտակցությունը, այդ մոտեցումը, այդ պարագայում, կարծում եմ, որոշակի ընդհանուր հայտարար հնարավոր է:
– Կարծում եք՝ Հովիկ Աբրահամյանը կարո՞ղ է հեղափոխական քայլեր անել, քանի որ վարչապետի հավանական թեկնածու է:
– Ես չեմ ուզում անձնավորել: Խորհուրդ չէի տա անձնավորված դիտարկել գործընթացները:
– Իսկ Հովիկ Աբրահամյանի թեկնածությանը ինչպե՞ս է վերաբերվում ՀՅԴ-ն:
– Երբ կլինի հանրապետության նախագահի ելույթը և քաղաքական մեծամասնության որոշումը, թե ինչ թեկնածության շուրջ են իրենք կանգ առել, այդ պարագայում նաև ՀՅԴ-ն իր մոտեցումը կհայտնի:
– Եթե ՀՅԴ-ն երկու պորտֆելով մտավ կոալիցիա, Ձեր կարծիքով՝ որևէ բան կկարողանա՞ փոխել երկրում:
– Ես որևէ բան չեմ ուզում ասել այդ առթիվ: Ով որ էդպես ներկայացրել է, ներկայացնողներին այդ հարցն ուղղեք: Դուք ՀՅԴ-ից նման բան լսե՞լ եք:
– Քանի՞ պորտֆել է ակնկալում Դաշնակցությունն այդ դեպքում և արդյոք այդ մասնակցությունը կբավարարի՞ ինչ-որ բան փոխելու համար:
– Դաշնակցությունը պորտֆել չի ակնկալում, Դաշնակցությունն ակնկալում է, որ մեր երկրում լուրջ, համակարգային, արմատական փոփոխությունների սկիզբ դրվեն: Այդ պարագայում ՀՅԴ-ն կքննարկի իր մասնակցության ձևաչափը: Պարտադիր չի, որ ՀՅԴ-ն անպայման մասնակցի պորտֆելներով:
– Այլ մասնակցության ձևաչափն ինչպե՞ս է պատկերացնում ՀՅԴ-ն, կարո՞ղ եք ասել:
– Բազմաթիվ ձևեր ու եղանակներ կան: Եթե ՀՅԴ-ի համար պորտֆելները կարևոր լինեին, ժամանակին դրանք չէր հանձնի:
– Սահմանադրական փոփոխությունների նոր փաթեթի առթիվ ո՞րն է Ձեմոտեցումը:Արդյոք սա ավելի չի՞ պակասեցնում ժողովրդավարության մակարդակը պետական կառավարման համակարգում, քանի որ նախագահն արդեն ընտրվելու է 7 տարի ժամկետով և ընտրություններ ավելի քիչ են լինելու մեր երկրում:
– Ես կարծում եմ՝ դա հիմք չի տալիս նման հետևություններ անելու համար: Ընդհակառակը, կարծում եմ, բավականին լուրջ հայեցակարգի նախագիծ է ներկայացված, որը հնարավորություն է տալիս Հայաստանում քաղաքական, տնտեսական արմատական փոփոխություններ առաջ բերելու: Ամենակարևորը համակարգային լուրջ փոփոխություններ անելն է, և հերթական անգամ պիտի արձանագրենք, որ այն բոլոր կարևորագույն փոփոխությունները, որոնց մասին Դաշնակցությունն ասում էր տարիներ առաջ, տևական ժամանակ հետո նոր այլ քաղաքական ուժեր և գործիչներ անդրադառնում են, որ դա ճիշտ է և պետք է որդեգրվի:
– Այս առաջարկով նաև հանվում է նախագահի համար տարիքային սահմանափակումը և ասվում, որ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր քաղաքացի կարող է դառնալ նախագահի թեկնածու:
– Փաթեթը նախ պետք է խորությամբ ուսումնասիրել: Ես ընդամենը առաջին ընթերցմամբ ծանոթացել եմ: Սա ընդամենը հայեցակարգի նախագիծ է, չի նշանակում, որ բոլոր մանրամասնություններով պետք է ներկայացվեր, այդ թվում և՝ տարիքային սահմանափակումը: Դա չի նշանակում, որ ՍԴ փոփոխությունների մեջ այդ դրույթներն ամրագրելու պարագայում տարիքային սահմանափակում չի լինելու»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակի» այսօրվա համարում։