Պետրոս Մակեյան. «Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հիմնական խնդիրը իրենց վարչախումբը պահպանելն է»

«Երբ Սերժ Սարգսյանը ասում է, թե այլևս չի առաջադրվի, ի՞նչ է, ալիևյան սկզբունքներն է ուզում հերքել: Հանրապետության նախագահը կարող է երկու անգամ ընտրվել, ինչի՞ համար է նա խոսում դրա մասին, դա անտեղի բան է»,- 168.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը` մեկնաբանելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հայտարարությունը:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ և հանդիպման ընթացքում անդրադառնալով նախատեսվող սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի նախնական տարբերակին՝ բավական ուշագրավ հայտարարություն է արել. «Մարդիկ էլ, քաղաքական ուժերն էլ, այսպահային շահերն էլ անցողիկ են, Սահմանադրությունը սերունդների համար է: Եվ որպես այս ճանապարհով շարժվելու սկիզբ, ես իմ կողմից ուզում եմ անել առաջին քայլը սահմանադրական բարեփոխումների քննարկումները իսկապես անկաշկանդ հունի մեջ դնելու առումով: Եվ ձեր առաջ, քննարկումների փուլն սկսելուց առաջ, պաշտոնապես հայտարարում եմ, որ ես` Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին»:

Չնայած Սերժ Սարգսյանի այս խոսքին` «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության ղեկավարը կարծում է, որ սահմանադրական բարեփոխումների և կառավարման խորհրդարանական համակարգին անցում կատարելու դեպքում Սերժ Սարգսյանը, «կիսակրիմինալ ուժերի»` Հանրապետականի, «Բարգավաճ Հայաստանի» և մյուսների հետ դասական ձևով կեղծելով 2017 թ. Ազգային ժողովի ընտրությունները և կազմավորելով խորհրդարանի նոր կազմը, կդառնա վարչապետ:

Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին` Պետրոս Մակեյանը այն համեմատեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք` 2005 թ., անցկացված սահմանադրական բարեփոխումների հետ, որոնք, նրա խոսքերով, հաստատվել են «ուրվականների հանրաքվեով»:

Կարդացեք նաև

«Նպատակը կրկին նույնն էր. այն ժամանակ էլ որոշակիորեն ուժեղացան վարչապետի լիազորությունները, և համոզված եմ, որ իրենք փոխհամաձայնության էին եկել, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է վերադառնար` որպես վարչապետ, պարզապես 2008-ի «բեսպրեդելը», կրակոցները, այնուհետև Հայ ազգային կոնգրես քաղաքական միավորման գործունեությունը կանխեցին Քոչարյանի` վարչապետ դառնալը, իսկ ավելի ուշ` Սերժ Սարգսյանն էլ արդեն շահագրգռված չէր, որ Քոչարյանը գա վարչապետ: Այսինքն, փաստորեն, ընդդիմության և Սերժ Սարգսյանի շահերը համընկան, և Քոչարյանը դուրս մնաց խաղից»,- մեկնաբանեց Պետրոս Մակեյանը:

Քաղաքական գործիչն ասաց, թե համոզված է, որ սահմանադրական բարեփոխումները կհաստատվեն նմանատիպ «ուրվականների հանրաքվեով», քանի որ, ի տարբերություն խորհրդարական և նախագահական ընտրությունների, սահմանադրական հանրաքվեները մեծ հետաքրքրություն չեն առաջացնում հասարակության կողմից:

«Եթե ընդդիմությունը չկարողանա ոչ իշխանական քառյակից ազատագրել ընդդիմադիր դաշտը, Սերժ Սարգսյանը կիրականացնի իր ծրագիրը»,- ասաց նա:

Մեր հարցին, թե չի՞ հավատում Սերժ Սարգսյանի խոսքին, Մակեյանը պատասխանեց. «Եթե ինքն ասում է` ես չեմ դառնա նախագահ կամ վարչապետ, ես կարող եմ հավատալ, ուրեմն Քոչարյանին են բերելու կամ իրենց մարդուն, միևնույն է: Յոթ տարին բավական ժամկետ է, որ ժողովրդի հիշողությունը մթագնի, և իրենց 15 տարվա սանձարձակությունները, կրակոցները, սպանությունները մոռացվեն: Պատահական չէ, որ նախագահի համար նախատեսված է յոթ տարի ժամկետը: Նրանք շատ հեռու են մտածում և շատ հստակ են անում իրենց քայլերը»,- նշեց մեր զրուցակիցը:

«Ե´վ Քոչարյանի, և´ Սերժ Սարգսյանի հիմնական խնդիրը այս համակարգը, իրենց վարչախումբը պահպանելն է, բայց այդ վարչախմբի ներսում իրենք կարող են պայքարել միմյանց դեմ փողի, իշխանական լծակների, բիզնես դաշտի համար: Այսինքն` ներքին արգեսիվ պայքար են մղում միմյանց դեմ, բայց միաժամանակ ձգտում են չվնասել այդ համակարգը»,- ավելացրեց Պետրոս Մակեյանը:

Տեսանյութեր

Լրահոս