«Դրակոնյան» Ռուսաստանի և Մաքսային միության վտանգները՝ Հայաստանի և հայկական մամուլի համար

Երկու օր առաջ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Դաշնության կառավարությունը պատրաստվում է դադարեցնել «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի հեռարձակումը երկրի տարածքում: Այս մասին մարտի 21-ին ԱՄՆ-ի Հեռարձակման հարցերով խորհրդին (Broadcasting Board of Governors, BBG) հղած նամակում հայտնել է «Ռուսաստանն այսօր» («Россия сегодня») պետական լրատվական գործակալության տնօրեն Դմիտրի Կիսելյովը:

«Մենք չենք պատրաստվում համագործակցել»,- իր նամակում գրել է հակաարևմտյան հայացքներով և սուբյեկտիվ վերլուծություններով հայտնի ռուս հաղորդավարը, ով, ի դեպ, նաև Հայաստանում գործող «Գրիբոյեդով» ակումբի հիմնադիրն է: Սա, ըստ էության, Ռուսաստանում վերջին ամիսներին այլախոհ դարձած ազատ լրատվամիջոցների դեմ սկսված լայնամասշտաբ արշավի հերթական տրամաբանական հանգրվանն է: Պետական արշավն ամբողջովին տեղավորվում է խորհրդարանի կողմից վավերացված օրենքներով, որոնք ստացել են «դրակոնյան» անվանումը:

«Դրակոնյան օրենքներ»` Հին Հունաստանից մինչև ժամանակակից Ռուսաստան
«Դրակոնյան օրենք» եզրույթը բավական հին ծագում ունի: Դեռ մ.թ.ա. 7-րդ դարում Հին Հունաստանում` Աթենքում, մի քաղաքացի` Դրակոնտ անունով, ով աթենացիների կողմից ընտրվել էր արխոնտի (ղեկավար մարմնի անդամ) պաշտոնում, առաջինը մշակեց գրավոր օրենքներ: Օրենքները, հավանաբար` պայմանավորված գործող քաղաքական-հասարակական իրավիճակով, բավական խիստ էին: Օրինակ` սահմանվում էր, որ գողության համար քաղաքացին դատապարտվում է մահվան: Ըստ Դրակոնտի օրենսդրության` հանցագործություն չէր համարվում գողի սպանությունը, եթե այն կատարվել է ինքնապաշտպանության կամ սեփականությունը պաշտպանելու նպատակով: Մահապատիժ սահմանվում էր նաև սրբապղծության, մարդասպանության և անգամ հրդեհման համար: Ըստ օրենքներից մեկի` պատիժ էր սահմանվում նույնիսկ անշունչ առարկայի նկատմամբ, եթե դրանով սպանություն է կատարվել: Մեր ժամանակներում այսպիսի օրենքներ, իհարկե, չկան, սակայն կան երկրներ, որտեղ ընդունված որոշ օրենքներ նույնպիսի տպավորություն են թողնում մարդկանց վրա, ինչպես Դրակոնտի օրենքները` պատմություն սերտող աշակերտի, ավելի ճիշտ` առնվազն համացանցից օգտվող աշակերտի վրա:

Վերջին շրջանում միջազգային մամուլը հատկապես քննարկում է Ռուսաստանի տարածքում այլախոհ, պետական իշխանության քարոզչությանը հակադրվող զանգվածային լրատվամիջոցների նկատմամբ գործողությունները: ՌԴ-ում ԶԼՄ-ների արգելափակման գործընթացը հատկապես մեծ թափ ստացավ Ուկրաինայում հեղափոխական իրադարձություններին զուգահեռ: 2014 թ. հունվարի վերջին ինտերնետային «Դոժդ» հեռուստաալիքը Լենինգրադի` շրջափակումից դուրս գալու 70-ամյակի կապակցությամբ քաղաքացիների շրջանում անցկացրեց սկանդալային հարցում` «արդյոք չարժե՞ր հանձնել Լենինգրադը, որպեսզի փրկվեին հարյուր-հազարավոր մարդկանց կյանքեր», ինչի պատճառով «Դոժդը», մեղմ ասած, ենթարկվեց քննադատության և հայտնվեց փակման եզրին, քանի որ մի շարք կաբելային օպերատորներ, անընդունելի և դավաճանական համարելով այդպիսի հարցադրումը, հայտարարեցին հեռուստաալիքի հեռարձակումը դադարեցնելու մասին:

Կարդացեք նաև

Այս շրջանն էլ զարմանալիորեն համընկավ «Մայդանի» հեղափոխական գործընթացների հետ, և ոմանք համարեցին, թե պետական և քաղաքական գործիչների կողմից «Դոժդի» քննադատության իրական նպատակն ուկրաինական իրադարձություններն այլ տեսանկյունից լուսաբանող ալիքի արգելափակումն էր:

Արգելափակումներ եղան ավելի ուշ, երբ մարտի 12-ին «Ռոսկոմնադզորի» (Կապի, ինֆորմացիոն տեխնոլոգիաների և զանգվածային կապի միջոցների ոլորտում վերահսկողության դաշնային ծառայություն) պահանջով արգելափակվեցին մի շարք լրատվական կայքեր` Grani.ru, Kaspsrov.ru, EJ.ru, ինչպես նաև «Эхо Москвы» (echo.msk.ru) ռադիոալիքը և քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու բլոգը (navalny.livejournal.com), խնդիրներ եղան նաև հայտնի Lenta.ru կայքի հետ:
ԶԼՄ-ների դեմ արշավի գլխավոր հիմքը, այսպես կոչված, «Լուգովոյի օրենքն» է (Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Անդրեյ Լուգովոյի նախաձեռնությամբ):

ՌԴ Պետդուման այն հաստատել է 2013 թ. դեկտեմբերի 25-ին, հետո օրենքը ստորագրվել է նախագահ Պուտինի կողմից, որից հետո` փետրվարի 1-ին, այն մտել է ուժի մեջ: Օրենքում կա այսպիսի սահմանում. «Տեղեկատվության հասանելիությունը սահմանափակվում է այն դեպքում, երբ տեղեկատվական-կոմունիկացիոն ցանցերում, այդ թվում` համացանցում, հայտնվում է տեղեկատվություն, որը պարունակում է կոչեր` մասնակցելու մասսայական անկարգությունների, ծայրահեղական գործողություններ իրականացնելու կամ մասսայական (հրապարակային) միջոցառումներին, որոնք անցկացվում են հաստատված կարգի խախտումով` ներառյալ այդպիսի տեղեկատվության տարածման վերաբերյալ պետական իշխանության դաշնային մարմինների, Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների պետական իշխանության մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների կամ քաղաքացիների կողմից հաղորդումը:

Այդ դեպքում ՌԴ գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը պահանջ են ուղարկում գործադիր իշխանության դաշնային մարմնին, որը վերահսկողություն է իրականացնում զանգվածային լրատվամիջոցների, զանգվածային կոմունիկացիաների, ինֆորմացիոն տեխնոլոգիաների և կապի ոլորտում, այդպիսի տեղեկատվությունը տարածող ինֆորմացիոն ռեսուրսը սահմանափակելու միջոցներ ձեռնարկելու համար»: Կարճ ասած` «Ռոսկոմնադզորի» կողմից համապատասխան գրավոր ծանուցում ստանալուց հետո պրովայդերը պարտավոր է ինտերնետային ռեսուրսի սեփականատիրոջը հայտնել արգելված նյութն անմիջապես հեռացնելու պարտավորության մասին: Եթե այդ տեղեկությունը կայքից ջնջվում է, և Դատախազությունն այլևս որևէ պահանջ չի ունենում, ապա մուտքը դեպի տվյալ կայք վերականգնվում է: Թեև պետք է նշել, որ մարտի 12-ին նշված կայքերն արգելափակվելու ժամանակ դրանցից որևէ մեկը պրովայդերից կամ «Ռոսկոմնադզորից» ծանուցում չեն ստացել:

Երևույթը խստորեն դատապարտեցին իրենք` լրատվամիջոցները: Մասնավորապես, Grani.ru-ի գլխավոր խմբագիր Յուլյա Բերեզովսկայան «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում սա անվանեց «ռազմական գործողություններ ազատ լրատվամիջոցների դեմ»: Նրա խոսքերով` իշխանությունը ցանկացած տեղեկություն կարող է մեկնաբանել «Լուգովոյի օրենքին» համապատասխան, քանի որ, օրինակ, նույն Grani.ru-ն մշտապես մանրամասնորեն լուսաբանում է բողոքի բոլոր ակցիաները և ցույցերը: Ռուսաստանում ազատ լրատվամիջոցների դեմ արշավի մասին հայտարարությամբ հանդես եկավ նաև միջազգային «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունը, որը սա անվանեց ոչ պաշտոնական ցենզուրա, որն իրականացվում է Ղրիմի հանրաքվեի նախօրեին: «Սա շատ է նմանվում Սառը պատերազմի տարիներին արևմտյան ռադիոկայանների խլացմանը»,- հայտարարեց «Amnesty International»-ը:

Դեպի Մաքսային միություն կամ վերադարձ անցյալին
Mesrop-Harutyunyan45Այս դեպքերը որոշակի արձագանք ստացան նաև հայաստանյան մամուլի ներկայացուցիչների շրջանում: Հայտնի լրագրող, մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանը «168 Ժամի» հետ զրույցում անդրադառնալով Ռուսաստանում լրատվամիջոցների դեմ կամայական գործողություններին` ասաց, թե մտավախություն ունի, որ նույնը կարող է կրկնվել Հայաստանում:
«Ռուսաստանը, հատկապես վերջին տարիներին, մեդիայի ոլորտում, կարծես, ամեն ինչ փակելու, արգելելու քաղաքականություն է որդեգրել: Փետրվարի 1-ից ուժի մեջ մտավ օրենքը, ըստ որի` «Ռոսկոմնադզորը» կարող է ցանկացած հրահանգ իջեցնել օպերատորներին, որպեսզի արգելափակեն այս կամ այն կայքը:

Ընդ որում` «Ռոսկոմնադզորը» հրահանգը կատարում է Գլխավոր դատախազության դիմումի հիման և պարզապես հայտի հիման վրա: Առանց քննելու, առանց պարզելու` կարող են արգելափակել: Իմ կարծիքով` սա իսկապես շատ վտանգավոր նախադեպ է: Մտավախություն ունեմ, որ նույնը կարող է կրկնվել Հայաստանում»,- ասաց նա:
«Լուգովոյի օրենքն», ըստ փորձագետի, իհարկե, վտանգավոր նախադեպ է, սակայն շատ ավելի մտահոգիչ է այն նախաձեռնությունը, որն այժմ շրջանառվում է Պետդումայում:

«Արդեն պատրաստում են նախագիծ, որի համաձայն` կարող են ընդհանրապես արգելել լրատվամիջոցների գործունեությունը, եթե համարում են, որ նրանց տարածած տեղեկության մեջ հակառուսական քարոզչություն կա: Սա շատ է հիշեցնում սովետական նամշահոտ «հակախորհրդային գործունեություն», «հակախորհրդային պրոպագանդա» քրեական հոդվածները: Ընդ որում, դրանց համար լրատվամիջոցներին կարող են քրեական և վարչական պատասխանատվության ենթարկել:

Սա արդեն պուտինյան Ռուսաստանի վերադարձն է` դեպի Խորհրդային Միություն: Սա ինձ մտահոգում է այնքանով, որ հայաստանյան վերնախավը սովորություն ունի ընդօրինակել ռուսական օրենքներին»,- ավելացրեց մեր զրուցակիցը:

Փորձագետի երկրորդ մտավախությունը կապված է Հայաստանի` Մաքսային միությանը (ՄՄ) և Եվրասիական տնտեսական տարածքին անդամակցելու հեռանկարի հետ, քանի որ այդ միությունում լինելու է օրենքների միասնականացում, և հնարավոր է, որ տնտեսական, քաղաքական և այլ ոլորտների հետ միասին` Հայաստանին պարտադրվի նաև ընդունել օրենքներ լրատվամիջոցների վերաբերյալ: Երրորդ մտավախությունը ՀՀ Ազգային ժողովի վերջին նախաձեռնությունն է` աղմկահարույց «Ֆեյքերի մասին» օրինագիծը: Մ. Հարությունյանի կարծիքով` սա ևս կարող է դառնալ մի գործիք իշխանությունների ձեռքին` լրատվամիջոցների դեմ պայքարելու համար. «Սա մի փոքր քայլ է, որին կարող է հաջորդել, ասենք, «Ռոսկոմնադզորի» պես մի կառույցի ստեղծումը, հաջորդ քայլը կարող է լինել «հակահայկական քարոզչությունը», և այսպես շարունակ»:

BԻսկ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն իր հերթին` կարծիք հայտնեց, թե ՄՄ-ին միանալու փուլում նմանատիպ զարգացումներ Հայաստանում չի սպասում, բայց երբ ձևավորվի Եվրասիական միությունը, և այդ ինտեգրացիոն նախագծում սկսի մեծ դեր կատարել քաղաքական բաղադրիչը, այդ ժամանակ Հայաստանից կակնկալեն, որ մյուս երկրներում գոյություն ունեցող` լրատվական դաշտը կարգավորող նույնպիսի չափանիշներ կիրառվեն նաև մեզ մոտ: «Որքան հասկանում եմ` Հայաստանի իշխանություններն առանձնապես շահագրգռված չեն, բայց եթե պահանջ ներկայացվի, բնականաբար, իրենք ստիպված կլինեն կատարել, ինչպես և մնացած բոլոր պահանջները»,- նշեց Բ. Նավասարդյանը:

Ըստ նրա` Ռուսաստանում տեղի են ունենում հասարակական կարծիքի համախմբման, դրա վրա գաղափարական ազդեցության մենաշնորհացման գործընթացներ, քանի որ դա ուղղակի անհրաժեշտ է, որպեսզի Մոսկվան կարողանա իրականացնել այն քաղաքականությունը, որն այսօր վարում է:

«Ընդհանրապես, Ռուսաստանի քաղաքականությունն այսօր հենվում է նրա վրա, որ երկրի ներսում միակարծություն ապահովեն, և Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը մեծ աջակցություն ստանա հանրության բոլոր շերտերից: Եվ այդ նպատակն իրականացնելու համար, բնականաբար, պետք է սահմանափակել տեղեկատվության հոսքերը և տեղեկատվական դաշտում թողնել միայն այնպիսի խաղացողներ, որոնք կպաշտպանեն պաշտոնական քաղաքականությունը: Հաշվի առնելով, որ Ռուսաստանը գնում է բավական կտրուկ մեթոդների` արտաքին քաղաքականությունում, ապա էլ ավելի կտրուկ մեթոդների կգնա երկրի ներսում, որտեղ իրեն ոչ ոք չի խանգարում:

Դա կվերաբերի և՛ քաղաքական ուժերին, և՛ լրատվամիջոցներին, և՛ քաղաքացիական հասարակությանը»,- ասաց Նավասարդյանը:
Մենք փորձեցինք հակադրվել` միգուցե Ռուսաստանի իշխանությունների այս քաղաքականությունը, այդուհանդերձ, պետք է դրակա՞ն իմաստով ընկալել, քանի որ իշխանությունը ձգտում է ստեղծել ուժեղ պետություն, հասարակությանը համախմբել այն քաղաքականության շուրջ, որին հավատում են: «Եվ բոլորը երջանիկ լինեն,- ավելացրեց Բ. Նավասարդյանը: -Խնդիրն այն է, որ այդպիսի քաղաքականությունը ժամանակակից աշխարհում չի կարող տևական լինել. այն, վաղ թե ուշ, առնչվելու է խնդիրների հետ, և որքան իշխանությունը խիստ ու կտրուկ միջոցների գնա, այնքան հետևանքներն առավել ցավալի են լինելու: Այդ քաղաքականությունը երկու տարուց ավելի չի կարող տևել»:

Այսպիսով, երկու փորձագետներն էլ համամիտ են, որ Ռուսաստանի քաղաքականությունն այս հարցում երկրի ներսում միակարծություն ապահովելը և այլակարծությունը բացառելն է, քանի որ այլակարծությունը կարող է լինել միայն պաշտոնական քարոզչության սահմաններում:

LENINԹերևս տեղին է հիշել պրոլետարիատի առաջնորդ Վլադիմիր Լենինի դրույթը` լրագրության մասին. «Ինչո՞ւ թույլ տալ խոսքի ազատություն, ինչո՞ւ կառավարությունը, որը համոզված է, որ ճիշտ է, պետք է թույլ տա, որ իրեն քննադատեն: Լրագրողները պետք է լինեն «ագիտատորներ, պրոպագանդիստներ և պետության գործակալներ»: Կարելի է ենթադրել, որ լենինյան այս կարգախոսը լուրջ ազդեցություն է ունեցել պուտինյան Ռուսաստանի ջերմեռանդ «պրոպագանդիստներ» Կիսելյովի, Մամոնտովի, Զեյնալովայի և ընկերների վրա:

Ինչևէ, այն, որ մամուլը որոշակիորեն արտացոլում է երկրի հասարակական-քաղաքական իրավիճակը, հայտնի փաստ է, իսկ որ մամուլի նկատմամբ պետության վերաբերմունքը բխում է երկրում իշխող վարչակարգի բնույթից և նրա ժողովրդավարության աստիճանից, համոզվեցինք վերը նշվածից, սակայն դեռևս վաղ է ասել` կընդունվե՞ն «դրակոնյան օրենքներ» Հայաստանում, թե՞ ոչ: Պարզապես նշենք հատկանշական փաստ. Ուկրաինայում «Մայդանի» հաղթանակի համար վճռական նշանակություն ունեցավ բողոքի այն ալիքը, որը բարձրացավ հունվարի 16-ին` Վիկտոր Յանուկովիչի հրահանգով խորհրդարանի կողմից ընդունված նույնատիպ «դրակոնյան», մարդկային ազատությունները սահմանափակող օրենքների արդյունքում: Օրենքը ստիպված կասեցնելուց հետո Վիկտոր Յանուկովիչը դիմացավ ընդամենը մեկ ամիս, որից հետո բառացիորեն դիմեց փախուստի:

Տեսանյութեր

Լրահոս