Ի՞նչ են ուզում Գագիկ Ծառուկյանը և մյուսները. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. «Մինչ քաղաքական շրջանակներում մղձավանջի են վերածվել նոր կառավարության և նոր ակնկալիքների հետ կապված սպասումները, իսկ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն ապագա կառավարության արևի տակ տեղ գտնելու «տասովկաների» մեջ են, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ վերջնագրային խոսք հնչեցրեց՝ ասելով. «Ընդդիմությունը ոչ մի պարագայում խաղերի մեջ չպետք է մտնի Սերժ Սարգսյանի հետ և չպետք է մաս կազմի նրա կողմից ձևավորված որևէ կառավարության»:

Որովհետև, ըստ առաջին նախագահի, փաստացի տիրապետելով ուժային կառույցներին, դատախազությանը, դատական համակարգին և տեղեկատվական ոլորտին, «Սերժ Սարգսյանն ի վիճակի է ընդամենը մի քանի ամիսների ընթացքում վարկաբեկել ցանկացած կառավարության` վարչախմբի բոլոր անհաջողությունները բարդելով նրա վրա»:

Տեր-Պետրոսյանի մոտ, ըստ քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանի, խաբված լինելու տրամադրություններ կան, որովհետև կամ գիտի, կամ ենթադրում է, որ վաղը քառյակի երկու ուժերը կարող են իշխանության հետ համատեղ աշխատել ազգային համերաշխություն հորջորջվող կառավարությունում։

«Ես վաղուց եմ ասել, որ Գագիկ Ծառուկյանը մատնոցի նման դիմադիր ուժերին և նախագահներին խաղացնում է մատների վրա, և վերջում Տեր-Պետրոսյանին էլ, փաստորեն, խաբվածի ճակատագիրն էր սպասվում»,- ասում է Հմայակ Հովհաննիսյանը և ասելիքը եզրափակում, չցանկանալով ծավալվել, որովհետև դրա համար ինքը «ծանր» է հատուցում՝ օրեցօր նոր դատական հայցեր ստանալով:

Հիշեցնենք, որ Տեր-Պետրոսյանի կասկածներն այդպես էլ չփարատվեցին ԲՀԿ-ի կողմից, որոշ ԲՀԿ-ականներ արձագանքեցին, բայց հերքումներ եղան միայն «կոալիցիոն» կառավարություն կազմելու մասին: «Մենք որևէ մեկի հետ խաղերի մեջ չենք մտել և չենք մտնի: Քաղաքականության մեջ խաղալը վատ բան է, իսկ մեր օրակարգում կոալիցիայի հարց չկա»,- հայտարարեց Ստեփան Մարգարյանը: «Պետք է լինի կուրսի, ծրագրային փոփոխություն և ոչ թե զուտ անձերի փոփոխություն, ինչը մեզ համար ընդունելի չէ»,- կարծում է ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ Միքայել Մելքումյանը, ով փոխանցում է, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ԲՀԿ-ն ներկայացնելու է իր մոտեցումները:

Որոշ տեղեկություններով, այդ մոտեցումները, որոնք Գագիկ Ծառուկյանն արդեն հասցրել է ներկայացնել Սերժ Սարգսյանին՝ մինչ Թուրքմենստան գնալը, հետևյալն են. նա առաջարկել է գործադիրը հանձնել իրենց, որն իրենք կձևավորեն առավելապես ոչ իշխանական անձերից, ներդրումներ կանեն, նոր ծրագրեր կիրականացնեն, մի խոսքով՝ երկիրը դուրս կբերեն փոսից:

Ընդ որում՝ ուժային կառույցներում ևս վերադասավորումների պահանջ է ներկայացվել և ոչ իշխանական ուժերին վերահսկողության գործառույթների ընձեռում: Հատկապես շեշտվել է Վովա Գասպարյանի հարցը, որը Տիգրան Սարգսյանից հետո Ծառուկյանի և ԲՀԿ-ի թիրախային կենտրոնում է՝ մարզերը ԲՀԿ-աթափ անելու իր նկրտումների պատճառով:

Առաջարկել են, որ կառավարության ղեկավար էլ իրենց «մարդուն» նշանակեն, իհարկե, Սերժ Սարգսյանի հավանությամբ, որպեսզի կարողանան վերականգնել «ավերված» տնտեսությունը: Ի դեպ, այս համատեքստում ուշագրավ են Ծառուկյանի վերջին հանդիպումները, որոնք ժամը մեկ ցուցադրվում են նրա հեռուստաալիքով:

Նա մեկ եվրոպական ինչ-որ պատվիրակություն է ընդունում, մեկ խոսում է տնտեսության մեջ ներդրումների մասին, մեկ ցուցադրվում է, թե մարդիկ ինչքան են հավատում ու գնահատում նրան: Ասենք, արձագանքելով ԲՀԿ ղեկավարի կոչին, ազգությամբ սլովակ և բուլղար մի շարք գործարարներ պատրաստակամություն են հայտնել ներդրումներ կատարել մեր երկրում, և այդ առիթով ԲՀԿ-ն հաղորդագրություն է տարածում:

Եվ քանի որ Տեր-Պետրոսյանը ևս կարևորել էր ուժային կառույցների հարցը, ՀԱԿ տնտեսագետ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանինհարցրինք. եթե, այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանն այդ ոլորտներում որոշակի զիջումների գնա, կարելի՞ է մաս կազմել ձևավորվող կառավարությանը։ «Այդ դեպքում Սերժ Սարգսյանը չի լինի»: Իսկ մասնակի զիջումների և վերահսկողության գործառույթներ ոչ իշխանականներին շնորհելու դեպքո՞ւմ։ «Մասնակիորեն չի լինում, Տեր-Պետրոսյանն էլ ասել է, որ Հայաստանը գտնվում է խորը-խորը տնտեսական-սոցիալական-քաղաքական ճգնաժամի մեջ, և դրա լուծումը մեկն է՝ ամբողջական իշխանափոխություն, որն ասվում է «Ժառանգության» ներկայացուցիչների կողմից, իսկ մենք այդ բառը չենք օգտագործում, մենք ասում ենք՝ Սերժ Սարգսյանի իշխանության փոփոխության կարիք ունի ՀՀ-ն, այսինքն՝ համակարգային: Եվ այդ պայմաններում իշխանության թեկուզ մի օղակ, որը չի ենթարկվի կառավարության կողմի ներկայացվող փոփոխությունների տրամաբանությանը, կբերի նրան, որ այս կառավարությունը պարզապես հերթապահ է, Տեր-Պետրոսյանի ասելիքն էլ հենց դա է»:

Չնայած ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի կողմից նոր կառավարությունում աշխատելու վերաբերյալ ներկայացրած պահանջներին՝ Վահագն Խաչատրյանը դեռ չի ցանկանում կանխատեսել քառյակի փլուզումը։

«Քանի որ դեռ կոնկրետ հայտնի չէ, թե ինչ պահանջներ են ներկայացնում, չի բացառվում, որ նրանց պահանջներն էլ հենց մեր ասածին են վերաբերում, այդ տրամաբանությանը, այսինքն՝ նոր ընտրություններ և իշխանության ամբողջ տրամաբանության փոփոխություն, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի»,- ասաց Վահագն Խաչատրյանը՝ նկատելով, որ ՀՅԴ-ի «յոթ կետերը հենց դա են նշանակում»:

«Դա նշանակում է լուրջ փոփոխություն, դա նշանակում է նոր կառավարման նոր մոտեցում, որ իշխանության պատկերացումը պետք է չլինի: Իսկ դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը պիտի գնա»:

Կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս