«Տեր-Պետրոսյանն ինքն էլ անակնկալի է եկել»
Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը այսօր ilur.am-ում հրապարակված հարցազրույցում՝ անդրադառնալով Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո ստեղված քաղաքական իրադրությանը, անձնական կարծիք է հայտնել, թե «ընդդիմությունը ոչ մի պարագայում խաղերի մեջ չպետք է մտնի Սերժ Սարգսյանի հետ և չպետք է մաս կազմի նրա կողմից ձևավորված որևէ կառավարության, անգամ եթե վարչապետի պաշտոնը առաջարկվի ընդդիմադիր գործիչներից մեկին»:
«Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Ստեփան Սաֆարյանը, 168.am-ի հետ զրույցում՝ մեկնաբանելով ՀԱԿ առաջնորդին, նշեց, թե միայն այն հանգամանքը, որ Տեր-Պետրոսյանը հիմա է բարձրացնում այդ հարցը, նշանակում է, որ ընդդիմությունը, այդ թվում` Տեր-Պետրոսյանը պատրաստ չի եղել ներկայումս տեղի ունեցողին:
«Մի կողմից` նա հայտարարում է, թե սա քառյակի հաղթանակն է, բայց, մյուս կողմից, եթե քառյակի հաղթանակը լիներ, ապա Տեր-Պետրոսյանի հարցազրույցում մենք չէինք նկատի այն մտահոգությունները, որ քառյակից ոմանք կարող են դիտարկել իշխանության հետ կոալիցիա կազմելու հարցը:
Հետևաբար, կարելի է ենթադրել, որ Տեր-Պետրոսյանն ինքն էլ անակնկալի է եկել և փորձում է սահմանել խաղի կանոններ, որոնք, ցավոք սրտի, պետք է սահմանված լինեին ավելի վաղ, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը չորս քաղաքական ուժերին առաջարկում էր նստել մեկ սեղանի շուրջ:
Այդ դեպքում, իհարկե, պարզեցված կլինեին քաղաքական ուժերի հնարավոր պահվածքը` ամենատարբեր դիպաշարերի, այդ թվում` կառավարության հրաժարականի դեպքում: Վերջին հաշվով, բաց է մնում ոչ միայն այն հարցը, թե ինչ պիտի անեն բոլորը, որովհետև Տեր-Պետրոսյանը այսօր էլ ավելի ընդգծել, թե ներկայացնում է բացառապես իր տեսակետը, այսինքն` քառյակի տեսակետ գոյություն չունի»,- ասաց Ստեփան Սաֆարյանը:
Միաժամանակ Սաֆարյանն ավելացրեց, թե չի կարող մեղադրել նաև մյուս քաղաքական ուժերին` Դաշնակցությանը, «Բարգավաճ Հայաստանին», եթե նրանք անգամ դիտարկեն կառավարություն մտնելու հարցը. «Ասեմ` ինչու չեմ կարող մեղադրել, որովհետև նրանք ավելին չեն պայմանավորվել մեզ հետ, այսինքն` չորսը կառավարության հրաժարականից ավելին չեն պայմանավորվել, հետևաբար` Լևոն Տեր-Պետրոսյանի կոչն ընդամենը կարող է լինել խորհուրդ նրանց համար, բայց ոչ երբեք պայմանավորվածությունների հիշեցում»:
Մեր հարցադրմանը, թե Դաշնակցության և «Բարգավաճ Հայաստանի»` կառավարությանը մաս կազմելու դեպքում ՀԱԿ-ը և «Ժառանգությունն» են, փաստորեն, մնում ընդդիմություն, Սաֆարյանը պատասխանեց.
«Այո´, կարծեք թե, դա է տեղի ունենում, եթե հատկապես նկատի ունենանք, որ Տեր-Պետրոսյանը, ով այս հրապարակում պնդում էր, թե Գագիկ Ծառուկյանը պակաս չէ Իվանիշվիլիից, պիտի դեմ չլիներ, որ ԲՀԿ-ն գնա: Միգուցե Տեր-Պետրոսյանը չի փոխել իր տեսակետը, որ Գագիկ Ծառուկյանը կարող է նույնպես լինել վարչապետ Հայաստանում, ինչպես Իվանիշվիլին` Վրաստանում, միգուցե նրա հռետորաբանության այս սաստկացումը կոչված է օգնելու այդ գործին, որովհետև դա կարող է նաև այդ իմաստը ունենալ` Սերժ Սարգսյանի համար ստեղծելով ավելի մեծ սարսափներ և դրդելով Ծառուկյանի հետ գնալու ավելի շահավետ պայմանավորվածությունների:
Բայց, մյուս կողմից, չեմ բացառում, որ ինչ-որ մի բան ինչ-որ մի ուղղությամբ գնում է, և նա, ըստ էության, փորձում է դա կանխել, փորձում է կանխել կոալիցիայի կազմավորումը` քառյակի ուժերի հաշվին»:
Ստեփան Սաֆարյանն ավելացրեց` եթե դա տեղի ունեցավ, գոնե հասարակությունը կտա գնահատական, թե քառյակն օգնեց Սերժ Սարգսյանին` իրականացնելու իր ծրագիրը, որովհետև քառյակի որոշ ուժեր չդիմացան գայթակղությանը:
«Այպես, թե այնպես սա մի գործընթաց է, որից որևէ մեկը չի կարող մաքուր դուրս գալ»,- նշեց «Ժառանգության» վարչության քարտուղարը: