Բաժիններ՝

Չարաշահումներ՝ ԱՆ հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսերում. ՎՊ

Անցած տարի Վերահսկիչ պալատն ընտրանքային սկզբունքով ստուգել է «ՀՀ առողջապահության նախարարության հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսեր» ՓԲԸ-ն: Ստուգման ծավալը 2012 թվականին կազմել է 793,408.0 հազ. դրամ, 01.09.2013թ. դրությամբ 526,301.0 հազ. դրամ:

 

Բնակչությանը մատուցված ծառայություններ

Ստուգմամբ պարզվել է, որ ծառայությունների մատուցման հիմքում դրված ոչ հիմնավոր հաշվարկներով հիվանդների թվի և նրանց բուժման ու հետազոտման ժամկետների վերաբերյալ ներկայացվել են ոչ հավաստի տվյալներ: Արդյունքում, որոշ դեպքերում ծառայությունն իրական շահառուներին մատուցվել է մասնակի:

Օրինակ՝ քաղաքացի Ա.Վ.-ն , ըստ ձևակերպված փաստաթղթերի, 151 օր ստացիոնար բուժում է ստացել, որի դիմաց Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսերի ֆինանսավորումը կազմել է 1,281.6 հազ. դրամ, սակայն հիվանդի ներկայացրած հայտա-րարությամբ նա Դիսպանսերում ստացիոնար պայմաններում բուժվել է ընդամենը 7 օր, որից հետո, մինչև 2012 թ. դեկտեմբեր ամիսը ստացել է իրեն հասանելիք դեղերը, սակայն ստացիոնար պայմաններում չի բուժվել: Հայտարարության իսկությունը հաստատվել է նաև հիվանդի աշխատանքի վայրից ստացված տեղեկանքով, որում նշված է տվյալ անձի աշխատանքի կանոնավոր հաճախումների և անաշխատունակության թերթիկ չներկայացնելու հանգամանքը:

Քաղաքացի Դ.Ղ.-ի ստացիոնար հետազոտության ժամկետն, ըստ ձևակերպված փաստաթղթերի, կազմել է 24 օր, սակայն հիվանդի մոր հայտարարության համաձայն` նա անցել է հետազոտություն, բայց ոչ ստացիոնար պայմաններում:

Վերահսկիչ պալատի վերահսկողության ընթացքում ի հայտ է եկել նմանատիպ շուրջ 20 դեպք, որոնց գծով ծախսվել է 4,859.4 հազ. դրամ: Այսինքն՝ փաստացի չմատուցված ծառայության դիմաց կատարվել է վճարում: Գումարը ենթակա է վերականգնման պետական բյուջե:

Բացի այդ, հիվանդանոցային պայմաններում տուբերկուլոզի ախտորոշման նպատակով սահմանված օրական 7150 դրամի փոխարեն փոխանցվել է 8900 դրամ: Արդյունքում, 2012թ. (16868 մարդ/օր) և 2013թ. (16056 մարդ/օր) բժշկական հաստատություններին ավելի է վճարվել համապատասխանաբար` 24.7 մլն և 24.9 մլն դրամ:

 

Գնումների գործընթաց

Գնումների գործընթացում Դիսպանսերի կողմից թույլ են տրվել գնումների մասին օրենսդրության բազմաթիվ խախտումներ: ՎՊ-ն առանձնացրել է ՀՀ կառավարության 10.02.2011 թ. N168-Ն որոշման 35.1 կետի պահանջի խախտման դեպքը, ըստ որի, գնահատող հանձնաժողովը` հիմք ընդունելով վիճակագրական տվյալները և նմանատիպ գործունեություն իրականացնող կազմակերպությունների գնային առաջարկները, պետք է կատարեր շուկայական գների ուսումնասիրություն, որը չի կատարվել: Արդյունքում, 2012 թ. ձեռք բերված ապրանքների գները գերազանցել են դրանց միջին շուկայական ցուցանիշների մակարդակը:

Օրինակ` 2012 թ. մակարոնեղենը գնվել է 630 դրամով` 350 դրամի փոխարեն, շաքարավազը 595 դրամով` 410 դրամի փոխարեն, սպիտակաձավարը 594 դրամով` 350 դրամի փոխարեն, բրինձը 604 դրամով` 400 դրամի փոխարեն, ձուն 60 դրամով` 50 դրամի փոխարեն, տավարի միսը 3240 դրամով` 2300 դրամի փոխարեն և այլն: Բացի այդ, կանոնակարգված չեն նաև հիվանդներին տրամադրվող սննդի չափաքանակներին, էներգետիկ արժեքին և սննդակարգին վերաբերող հարցերը:

Ուշագրավ է, որ Դիսպանսերում սննդի էներգետիկ արժեքը որոշվում է խորհրդային տարիների նորմատիվների հիման վրա:

Հիվանդների շարժի` ընդունելության և դուրս գրման ցուցանիշների ընտրանքային ուսումնասիրությամբ արձանագրվել է, որ 2013 թ. հունվար-օգոստոս ամիսներին Դիսպանսերում հաշվառված հիվանդների և ճաշացանկ-պահանջագրերում արտացոլված սնվողների թվերի միջև առկա են զգալի տարբերություններ:

ՎՊ-ն ակնհայտ է համարում, որ ֆինանսավորման նպատակով ներկայացվող հաշվետվություններում հիվանդների թվին վերաբերող տվյալների ներկայացման գործընթացը ռիսկային է:

Դիսպանսերի ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ ներկայացված ստուգման արդյունքներն ամբողջական չեն, քանի որ ստուգման ընթացքում՝ 12.09.2013 թ., ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության կողմից հարուցված քրեական գործի շրջանականերում առգրավվել են Դիսպանսերի 2009-2012 թթ. ֆինանսական և հաշվապահական հաշվառման փաստաթղթերը, որի պատճառով 01.10.2013 թ. Վերահսկիչ պալատի կողմից իրականացվող ստուգման գործընթացը կասեցվել է:

Ինչ վերաբերում է տուբերկուլոզի հիվանդության և մահացածության ցուցանիշներին, ապա ՎՊ-ն տարեկան հաշվետվությունում նշել է, որ վերջին տարիներին դրանք էականորեն նվազում են: Այնուամենայնիվ, դրան համարժեք ֆինանսավորման հոսքերը չեն փոփոխվում, դեռ ավելին, դրանք գնալով ավելանում են: Կարելի է ենթադրել, որ ֆինանսավորումը համարժեքորեն չի արտացոլում առկա վիճակն ու միտումները: Ֆինանսավորման ուղղությունները տարիներ շարունակ հիմնականում չեն փոփոխվում, չեն արտացոլում տեղի ունեցող զարգացումները:

Նման հակասական վիճակագրությունը կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ տուբերկուլյոզային հիվանդանոցները փոխհատուցվում են ըստ մահճակալ/օրերի ծանրաբեռնվածության մեթոդի, ինչը հանգեցնում է տուբերկուլյոզով հիվանդներին հիվանդանոցում անհարկի երկար պահելուն: Բացի այդ, այդ երևույթն իր հերթին կարող է նպաստել ներհիվանդանոցային դեղակայուն տուբերկուլոզի վարակի տարածմանը:

ՎՊ-ն գտնում է, որ հանրային առողջության պահպանման տեսանկյունից կարևոր քայլ կլինի փոխել տուբերկուլոզային հիվանդանոցային ծառայությունների ֆինանսավորման մեխանիզմը` անցնելով կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս