«Բարգավաճն» ու Դաշնակցությունն ուզում է՝ հազար տարի գոռգոռան, որ ընդդիմություն են, դա բացառվում է (տեսանյութեր)

«Մարդը ցանկություն հայտնեց, դիմում գրեց՝ դուրս եկավ աշխատանքից: Երբ էլ լիներ՝ հարցնելու էիք` ինչո՞ւ հենց այս պահին: Պահը ինքն է հարմար գտել, այդ պահին տվել է իր հրաժարականի դիմումը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: Նրա խոսքով՝ որպես կուսակից, բնականաբար, իրեն հուզում է դա, բայց որևիցե մեկը չի կարող մարդու նկատմամբ բռնություն ցուցաբերել, երբ մարդը չի ցանկանում աշխատել և դիմում է գրում:

«Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունից Սոս Գիմիշյանն էլ ասաց, որ վարչապետի պաշտոնից չեն հրաժարվում, դա այդ պաշտոնը չի. «Շատ քաղցր է, չափից դուրս: Մեր երկրում դա լուրջ բարիքներ է բերում: Հիմա ինձ համար ակնհայտ է, որ հենց այնպես վարչապետի պաշտոնից չեն հրաժարվում, դա լուրջ քաղաքական պաշտոն է:

Իմ կարծիքով՝ պահը հետևյալն է: Վերջին մեկ տարում Հայաստանում քաղաքական օրակարգի գլխավոր խնդիրն է Ասոցացման պայմանագի՞ր, թե՞ Մաքսային միություն: Սեպտեմբերից որոշել և թեքվել է դեպի Մաքսային միություն և այն, ինչ աշխարհում տեղի է ունենում (Ուկրաինայի դեպքեր, խնդիրներ կան Ղազախստանում, Թուրքիայում, Վենեսուելայում եւ այլ երկրներում), կա մտավախություն, որ կարող է Հայաստանին էլ պատժեն (որը հրաշք Եվրոպայից հրաժարվում է, գնում է դեպի, այսպես ասած, զզվելի Ռուսաստան), ինչպես Ուկրաինային պատժեցին: Այս վտանգն էի տեսնում»:

Ս. Գիմիշյանի կարծիքով՝ վարչապետի հրաժարականը ներքաղաքական խնդիրների հետ բացարձակապես կապ չունի. «Ներքաղաքականում ի՞նչ ունենք: Հրաշալի քառյակը ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ, բացարձակապես գործոն չի, որ վարչապետ փոխվի: Իմ պատկերացմամբ՝ հիմնականում արտաքինն է»:

Կարդացեք նաև

Ըստ նրա` Տիգրան Սարգսյանը երբեք չէր գնա նախագահի ցանկությանը դեմ. «Եվ դա ապացուցեց նրա` մինչև սեպտեմբերի 1-ը հայտարարությունները, որ՝ կեցցե՛ Եվրոպան, իսկ ամսի 2-ից` կեցցե՛ Մաքսային միությունը: Բայց երբ բարձրաստիճան պաշտոնյաների չինովնիկների գույքը, ունեցվածքը, կամ ֆինանսական միջոցները գտնվում են Արևմուտքում (իսկ դա լուրջ լցակ է, որ կարողանան ցանկացած պաշտոնյայի, որը նույնիսկ կամակատար է, շեղեն),  ապա այդ վտանգը միշտ էլ կա»:

Սուքիաս Ավետիսյանն էլ ասաց, որ այնպես չի, որ վարչապետը ցանկացել է ինչ-որ բան անել, նրան թույլ չեն տվել. «Կա թիմ, կա քաղաքական որոշում, կան նախընտրական և հետընտրական ծրագրեր, և ով էլ որ լինի վարչապետ, բնական է, նա պետք է առաջնորդվի այդ ծրագրերով: Իսկ դրանք մեր թիմային ծրագրերն են` մեծամասնություն և կոալիցիայի ծրագիրն է, որը մենք պետք է առաջ տանենք: Ով էլ նշանակվի վարչապետ՝ այդ ծրագրերից շատ չի կարող շեղվել, միգուցե որոշ տակտիկական  քայլեր կարվեն, բայց այնպես չէ, որ այդ ծրագրից պետք է շեղվեն և իրենք իրենց ծրագիրն անեն: Բնական է, նոր կառավարությունը ինչ ծրագիր էլ ներկայացնի պետք բխի Հանրապետություն նախագահի նախընտրական ծրագրից և Հանրապետական կուսակցության և կոալիցիայի նախընտրական ծրագրից»:

Ս. Գիմիշյանը համաձայնեց, որ որ վարչապետը ով էլ լինի՝ պետք է կատարի մեծամասնության ծրագիրը. «Սա քաղաքականության այբուբենն է, և, հիմա էլ, գտնում եմ, որ միայն Հանրապետականը պետք է ձևավորի կառավարություն, որովհետև ինքը բացարձակ մեծամասնություն  է կազմում»:

Ս.Գիմիշյանն ասաց, թե չիի հավատում, որ «Բարգավաճ Հայաստանն» ու Դաշնակցությունը ընդդիմություն են. «Խոսքով ինչ ասես՝ կարամ ասեմ: «Բարգավաճն» ու Դաշնակցությունն ուզում են հազար տարի գոռգոռան, որ իրենք ընդդիմություն են, կամ ոչ իշխանական: Ինձ համար միշտ ակնհայտ է եղել, որ ո՛չ «Բարգավաճը», ոչ էլ Դաշնակցությունը չեն կարող լինել ընդդիմություն, դա բացառվում է»:

 

Տեսանյութեր

Լրահոս