Բաժիններ՝

ՎՊ կողմից ստուգված բոլոր բժշկական կենտրոններում բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել

2013 թ. ընթացքում առողջապահության ոլորտում Վերահսկիչ պալատը վերահսկողություն է իրականացրել պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծրագրերի, Հայաստանում դեղերի շրջանառությանն ուղղված գործողությունների, ինչպես նաև «Առողջապահական» ԾԻԳ-ի կողմից իրականացվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի նկատմամբ:

Ընտրանքային կարգով ուսումնասիրվել են 2012 թ-ին ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված` 36.00 և ավելի միավոր ունեցող անձանց խմբին (հատուկ խմբից որպես առավել ռիսկային ընտրանք) մատուցած, պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները: 2013 թ. ծրագիրը չի ուսումնասիրվել` «Ընտանեկան նպաստ» համակարգի ամբողջական բազայի բացակայության, դրա տվյալների և ծրագրի ֆինանսավորման վերաբերյալ տեղեկատվության համադրման անհնարինության պատճառով:

ՀՀ ԱՆ ՊԱԳ տվյալներով՝ 2012 թվականին 36.00 և ավելի միավոր ունեցող անձանց տրամադրվել է թվով 2567 ծառայություն` շուրջ 330 մլն դրամ ծավալով: Ընտրանքային սկզբունքով ստուգվել է 6 բժշկական հաստատություն («Արմենիա», «Նորք-Մարաշ», Հրազդանի, Վանաձորի, Սպիտակի ԲԿ-ներ, Ա.Վ.Մալայանի անվ. Հ.Ա. կենտրոն), որոնցից բոլորում էլ հայտնաբերվել են խախտումներ: Ընդհանուր առմամբ՝ արձանագրվել է խախտման 72 դեպք՝ ավելի քան 25 մլն դրամի չափով:

ՎՊ համաձայն՝ խախտումների հիմնական պատճառը սոցիալական ծառայության տարածքային գրասենյակների կողմից առողջապահական հաստատություններին անարժանահավատ տեղեկանքների տրամադրումն է: Արդյունքում, պետական բյուջեի որոշ միջոցներ օգտագործվել են ոչ նպատակային և ոչ հասցեական:

ՎՊ-ն ստուգել է նաև Գլոբալ հիմնադրամի ֆինանսավորմամբ սարքերի և սարքավորումների ձեռք բերման գործարքները: Հիմնադրամի աջակցությամբ ձեռք բերված 294,550.0 հազ. դրամի սարքավորումները տարբեր պատճառներով վերահսկողության ավարտի դրությամբ դեռևս չէին օգտագործվում (շահագործվում):

Առողջապահական ԾԻԳ-ի կողմից ձեռք բերված 636,403.5 հազ. դրամի չափով սարքավորումներից 112,452.8 հազ. դրամի չափով սարքավորում ստուգման պահի դրությամբ բաշխված չէր բժշկական հաստատություններին և չէր շահագործվում:

ՎՊ-ն գտնում է, որ ակնհայտ է, որ ծախսված միջոցների արդյունավետությունը եղել է ցածր: Դրա հիմնական պատճառը սխալ և ոչ պատշաճ պլանավորումն է:

Խախտումներ և թերություններ են արձանագրվել նաև հեմոդիալիզի անցկացման ծառայությունների ոլորտում: Սակայն, առավել ուշագրավ է հեմոդիալիզի ծառայությունների մատուցման ժամանակ բժշկական հաստատությունների կողմից հեմոդիալիզատորների /ֆիլտր/ բազմակի օգտագործման դեպքերը:

Տվյալ դեպքում, թեև, ՀՀ առողջապահության նախարարի հրամանով մեկ սեանսի ընթացքում ֆիլտրի բազմակի օգտագործումն, առողջական անվտանգությունից ելնելով, արգելված է, և ֆինանսավորումը կատարվել է «մեկ սեանսի համար մեկ ֆիլտր» սկզբունքով, այնուամենայնիվ, բժշկական հաստատությունները փաստացի գնելով ավելի քիչ ֆիլտրներ, դրանք օգտագործել են բազմակի:

Ուշագրավ է նաև այն, որ բժշկական հաստատությունների ձեռք բերած ֆիլտրների վերջնական գները մի քանի անգամ գերազանցում են դրանց ներմուծման հաշիվ-ապրանքագրերում նշված արժեքը:

Միայն հեմոդիալիզատորների բազմակի օգտագործման հետևանքով հաշվետու ժամանակաշրջանում «Վանաձորի բժշկական կենտրոն» և «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ների դեպքում ոչ նպատակային ծախսը կազմել է համապատասխանաբար` 23,586.0 և 20,874.0 հազ. դրամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս