ՀԱԿ-ն է՞լ դարձավ «գեղի կլուբ». «Առավոտ»
«Աոավոտի» հետ զրույցում արդեն նախկին վարչապետի նախկին օգնական, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ղեկավար Նարեկ Գալստյանն ասել է. «Նրանք, ովքեր հայտարարում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականն անակնկալ չէր, առնվազն անկեղծ չեն։ Չնայած առկա որոշակի ճգնաժամային իրավիճակին, այնուամենայնիվ, Տիգրան Սարգսյանի հրաժարականը սպասելի չէր, և ոչ մի քաղաքագետ, ոչ մի քաղաքական գործիչ չէր կարող վերլուծել, որ դա այս պահին տեղի կունենա։ Տիգրան Սարգսյանի հրաժարականն, այնուամենայնիվ, անակնկալ էր»:
Հարցին, թե այն շրջանում, երբ աշխատում էիք Տիգրան Սարգսյանի հետ, նրա հրաժարականի հիմքեր չէի՞ք տեսնում՝ անկախ նրանից, որ երկրում բարդ սոցիալ-տնտեսական իրավիճակ էր, և որ բուորը դժգոհ էին Տիգրան Սարգսյանի վարած սոցիալ– տնտեսական քաղաքականությունից, Նարեկ Գալստյանը պատասխանել է.
«Թերևս մի քիչ սուբյեկտիվ կլինեմ, բայց Տիգրան Սարգսյանը՝ թե որպես մարդ, թե որպես քաղաքական գործիչ, բոլորի հետ եղել է բացառիկ ազնիվ։ Նա Հայաստանում ներդրեց նոր քաղաքական մշակույթ։ Ես կարծում եմ, որ Տիգրան Սարգսյանը մեր երկրի ամենապայծաո քաղաքական գործիչներից է»։
Նաև նշել է. «Խորհրդարանական ընդդիմություն ասելով, կարծում եմ, դուք ոչ ճիշտ գնահատական եք տալիս, մանավանդ՝ իրենք էլ իրենց այդպիսին չեն անվանում։ Այժմ քաղաքականության մեջ մտել է քաղաքագիտությանն անհայտ «ոչ իշխանական» քառյակ եզրույթը, որը քաղաքագիտական տեսանկյունից առնվազն անգրագիտություն է։ Ինչ վերաբերում է նրանց համախմբմանը և մնացած այլ բաներին, ապա ԱԴՀԿ-ում կարծում են, որ այդ քառյակից առնվազն երկուսն ազնիվ չեն իրենց նպատակների մեջ։ Կարծում եմ, որ ՍԴՀԿ-ն կառաջնորդվի սեփական քաղաքական օրակարգով։ Ավելին, ես վստահ եմ, որ «ոչ իշխանական» քառյակի գործողությունների հիմքում ընկած էին անձնավորված դրսևորումներ, որոնք այսօր հանգել են իրենց տրամաբանական ավարտին, և առաջիկայում մենք կտեսնենք, թե ինչպես են իրենք իրենց մեջ լրջագույն խնդիրներ առաջացնում։ Ինչ-որ բան ինձ հուշում է, որ ԲՀԿ-ն, առաջիկայում՝ այնուամենայնիվ, դառնալու է իշխող կոալիցիայի անդամ»։
Թե հատկապես ի՞նչ է դա Ն. Գալստյանին հուշում՝ հարցին էլ նման պատասխան հնչեց. «Ես կարծում եմ, որ այդ քաղաքական կազմակերպությունը, որը սպասարկում է մեծ գործարարի շահերը, վարում էր անձնավորված պայքար և խնդիր ուներ, որպեսզի Տիգրան Սարգսյանը հրաժարական տա։ Եթե հաշվի առնենք այն անունները, որոնք շրջանառվում են վարչապետի հավանական թեկնածուների շարքում, իրենց համար թերևս ընդունելի կլինի, ու ԲՀԿ-ն կոալիցիա կմտնի։ Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական ակումբը, որը կոչվում է Հայ ազգային կոնգրես, և որը վերջին երեք-չորս տարիների ընթացքում ընդամենը սպասարկում էր ԲՀԿ նախագահի PR-արշավը, կհայտնվի ոչ այնքան հաճելի իրավիճակում։ Դեռ մի բան էլ ստիպված կլինեն քաղաքացիներին բացատրություն տալ իրենց կատարած գործողությունների համար»։
Ավելի մանրամասն կարդացեք «Առավոտի» այսօրվա համարում։