Մշտական կայուն վիճակները լավ վիճակներ չեն և՛ քաղաքականության, և՛ բնության մեջ. Մարգարիտ Եսայան. Tert.am

Tert.am-ի հետ զրույցում Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը նոր Կառավարության ձևավորման համատեքստում պատասխանելով հարցին, թե իր կարծիքով նոր՝ թարմ դեմքերի կարիք կա՞, ասում է. «Անկեղծ ասած, կողմ չեմ շատ արագ փոփոխություններին ու նաև՝ անընդհատ: Բայց մյուս կողմից ուզում եմ, որ այդ փոփոխությունները լինեն, որովհետև փոփոխություններ պիտի լինեն, որ զարգացում լինի: Մշտական կայուն վիճակները վտանգավոր վիճակներ են, լավ վիճակներ չեն և՛ քաղաքականության, և՛ բնության մեջ: Եվ շարժումը մշտապես բերում է ավելի դրական ելքերի ու լուծումների: Ես կողմ եմ, այո՛, փոփոխությունների, և կարծում եմ, որ այս անգամ կունենանք մի Կառավարություն, որից, ինչպես Դուք նշում եք, հասարակությունը շատ ավելի գոհ կլինի: Մարդիկ, առհասարակ, սխալների վրա են սովորում, և ավելի տեսանելի է դառնում, թե ինչը այնպես չէր արվել և ինչ պետք է անել, որպեսզի ավելի լավ լինի»:

Տիկին Եսայան, ֆեյսբուքյան Ձեր էջում «Վեց տարուց՝ վեց օր պակաս» հուզիչ վերտառությամբ Տիգրան Սարգսյանի մասին ֆոտոռեպորտաժ էիք արել: Ինչո՞ւ։ Ձեր մեջ նախկին լրագրո՞ղն էր խոսել:

– Գուցեև, բայց նկատի ունեցեք, որ մի գործիչ, որը 6 տարի եղել է Հայաստանի Հանրապետության վարչապետը, պետք է որոշակի ձևով հիշվի: Նա վեց տարի երկրի վարչապետ է աշխատել և այդ աշխատանքը պետք է գնահատել: Եվ այս իշխանությունը հենց նրանով է տարբերվում նախորդներից, որ չի բաժանվում նախկինների և ներկաների։

Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդու աշխատանք պետք է գնահատել: Ուրիշ խնդիր, որ եղել են դժվարություններ, որ եղել են դժգոհություններ, չլուծված խնդիրներ: Բնական է, աշխատող մարդն է սխալվում: Բայց ես կարծում եմ, որ մենք չպետք է կորցնենք հիշողությունը և ուրանանք մարդուն, որը հեռացել է պաշտոնից: Մենք պետք է յուրաքանչյուրին հավուր պատշաճի կարողանանք գնահատել: Ու նման ֆոտոռեպորտաժներ արվում են ամեն վարչապետի կամ պաշտոնատար անձի պաշտոնանկությունից հետո: Այսինքն՝ միշտ հիշվում են նախկինները:

Համարո՞ւմ եք, որ Տիգրան Սարգսյանի Կառավարությունը լավ Կառավարություն էր, նա ինքը` լավ վարչապետ:

-Ես կարծում եմ, որ Տիգրան Սարգսյանը վատ վարչապետ չէր, նա շատ գրագետ վարչապետ էր, ոլորտին տիրապետում էր, և բավականին լուրջ տնտեսագետ եմ իրեն համարում: Պարզապես ինքը շատ վատ պահի դարձավ վարչապետ,երբ համաշխարհային տնտեսական ճգնաժամ գոյություն ուներ, երբ խնդիրներն ավելի սրված էին, և այդ իրավիճակում վարչապետ աշխատելը Հայաստանի նման երկրում բավականին բարդ է: Մենք ուղղակի դրա ականատեսը եղանք, բայց բոլորովին համամիտ չեմ այն կարծիքներին, որ Տիգրան Սարգսյանը ձախողել է իր վարչապետության տարիները: Հակառակը, շատ դրական քայլեր նույնպես կատարվել են:

Տիկին Եսայան, Ձեր համար և՞ս անակնկալ էր վարչապետի հրաժարականը:

-Կոնկրետ այդ պահին և այդ օրը, այո՛, անակնկալ էր, բայց ընդհանրապես անակնկալ չէր, որովհետև ոչ մի պաշտոն ոչ մեկի համար հավերժական չէ: Բոլորի համար պարզ էր, որ ինչ-որ պահի Տիգրան Սարգսյանը գնալու է: Եվ դա նորմալ է քաղաքականության մեջ:
Օրակարգում, այսպես ասած՝ ազգային համաձայնության թեմա կա հիմա, չնայած ամեն ինչ շատ սաղմնային վիճակում է: Այսուհանդերձ, նման Կառավարությունը հնարավոր համարում ե՞ք, այսինքն՝ կոալիցիոն Կառավարություն, որում կլինեն նաև ներկայացուցիչներ քառյակից:

-Ոչինչ չեմ բացառում: Եթե հիշում եք՝ ժամանակին, նույն 2008-ին նախագահը առաջարկ արեց տարբեր քաղաքական ուժերի՝ գալ, միանալ և միասին ձևավորել Կառավարություն: Այսինքն՝ կոտրել չհասկացվածության պատը և աշխատել իրար աջակցելու մթնոլորտում: Այս առաջարկը հենց հանրապետականն է արել, և չեմ բացառում, որ կարող է լինել նաև այդպիսի Կառավարություն: Բայց ես իրավասու չեմ այդ հարցին պատասխանել, որովհետև այդ հարցի պատասխանները կարող է տալ միայն ՀՀ Նախագահը՝ իր որոշելիքը պիտի լինի, թե ինչպիսի Կառավարություն կձևավորվի:

ՀՀԿն հայտարարում է, որ վարչապետը հրաժարական է ներկայացրել մեկ ամիս առաջ: Դուք և՞ս համարում եք, որ նրա գնալու մեջ դեր չի ունեցել քառյակի ճնշումը:

-Իսկ Դուք որտե՞ղ զգացիք այդ ճնշումը:

Խոստացվել էր ցնցում և բարիկադներ ապրիլի 28-ին:

-Չկա նման բան, սա բացառապես Տիգրան Սարգսյանի որոշումն է, որին կողմ է եղել նաև Հանրապետության Նախագահը: Եթե նա չուզեր, չէր ստորագրի նրա հրաժարականի դիմումը: Եվ իզուր են որոշ գործիչների տվայտանքները, թե իրենց ինչ-ինչ քայլերի արդյունքում սա եղավ:

Հարցազրույցն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս