100 հազար դրամ տուգանք՝ կնոջ հորը հարվածելու, առողջությանը թեթև վնաս պատճառելու համար

Առաջին ատյանի դատարանի վճռով՝ Արագածոտնի մարզի բնակիչը մեղավոր է ճանաչվել կնոջ հորը դիտավորությամբ հարվածելու և առողջությանը թեթև վնաս պատճառելու մեջ:

Նախաքննության ընթացքում տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ հոր հետ, որի ընթացքում դիտավորությամբ ձեռքով և ոտքով հարվածել է նրան, դիտավորությամբ պատճառել է նրա առողջությանը թեթև վնաս` գլխի շրջանի քերծվածքների, զույգ ակնակապճային շրջանների արյունազեղումների և ուղեղի ցնցման ձևով:

Նրան մեղադրանք էր առաջադրվել դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդված): Ըստ առաջին ատյանի դատարանի վճռի՝ առաջադրված մեղադրանքում տղամարդն իրեն մեղավոր է ճանաչել, և ցուցմունք տվել, որ վիճաբանության ընթացքում կնոջ հայրը վիրավորել է իրեն, որի պատճառով ինքը բարկացել է և ձեռքով հարվածել է կնոջ հոր դեմքին, որից նա ընկել է գետնին: Տղամարդը հայտնել է նաև, որ հնարավոր է՝ դրանից հետո էլ է հարվածել կնոջ հորը, սակայն հստակ չի հիշում: Դրանից հետո վիճաբանությանը միջամտել է հայրը և ինքը հեռացել է, կատարածի համար զղջում է:

Տուժողը ցուցմունք է տվել, որ փեսայի տուն գալով՝ աղջկան տեսել է  հուզված, մազերը խառնված վիճակում, բարկացել է և ցանկացել է վերջինիս ամուսնուց պարզել, թե ինչ է տեղի ունեցել: Ըստ դատարանի վճռի՝ տուժողը նշել է, որ տան բակում իր ու փեսայի միջև առաջացել է վիճաբանության, վերջինս ձեռքով հարվածել է իր գլխին, որի հետևանքով ինքն ընկել է և կորցրել է գիտակցությունը: Դատարանը տղամարդուն մեղավոր է ճանաչել՝ նշանակելով 100 հազար դրամ տուգանք:

Նշենք, որ դատավճիռն օրինական ուժի մեջ է մտնելու հրապարակումից մեկ ամիս անց. այդ ընթացքում այն կարող է բողոքարկվել քրեական վերաքննիչ դատարան:

 

Տեսանյութեր

Լրահոս