
Գուրգեն Եղիազարյան. Եթե Սերժ Սարգսյանը խելք ունենա, վարչապետ կնշանակի Հրանտ Բագրատյանին

«Մի նախադասություն, որ արտաբերեց, իհարկե, հոգեբուժարանի ժպիտը դեմքին, ասեց՝ «բա ի՞նչ անենք, թողնենք՝ մնան, որ հեղափոխություն անեն, թող լքեն Հայաստանը»: Միայն այդ նախադասության համար (ոսկու վաճառքը դրանց գլխին կպնի) էս Տիգրան Սարգսյանը պետք է վարչապետ չլիներ, որովհետև Հայաստանում տոտալ հայաթափման պայմաններում նրան վարչապետ պահելը նշանակում է` ուղղակի արհամարհել ժողովրդին… Առաջին հերթին ես նրան խորհուրդ կտամ սուիցիդը (ինքնասպանություն), ամենապարզ ճանապարհն է, որպեսզի մենք և հայ ժողովուրդը պրծնենք դրանից: Սերժ Սարգսյանը թույլ չի տա, որ մենք նրանից պրծնենք»,- նախորդ տարի կայացած ասուլիսներից մեկում այսպես էր Գուրգեն Եղիազարյանն արտահայտվել արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի մասին:
Այսօր հետաքրքրվեցինք Հայ ազգային կոնգրես դաշինքի նախկին անդամ Գուրգեն Եղիազարյանից, թե ի՞նչ տպավորություն է ստացել Տիգրան Սարգսյանի հրաժարականից:
– Պարոն Եղիազարյան, այդքան քննադատում էիք Տիգրան Սարգսյանին, հիմա գո՞հ եք:
– Դե գիտեք, Հայաստանում ոչինչ չի փոխվել, համակարգային փոփոխություն է պետք, և այդ փոփոխությունը կապված է միայն Սերժ Սարգսյանի հրաժարականի հետ: Տիգրան Սարգսյանի հրաժարականն առոչինչ է:
– Ինչո՞ւ:
– Ոչ մի բան չի փոխվի, ի՞նչ պետք է փոխվի:
– Շատերն ասում են` Սերժ Սարգսյանը դիմեց այս քայլին` հասարակական դժգոհությունը մեղմելու նպատակով: Սրա մեջ կա՞ ճշմարտություն:
– Իհարկե, չկա: Հասարակական դժգոհությունը հիմնականում իրենից է: Եթե ցանկանում է մեղմել հասարակական դժգոհությունը, թող ինքը հրաժարական տա:
– Բայց, ամեն դեպքում, նա այդպիսի նպատակ հետապնդե՞լ է:
– Իհարկե, հետապնդել է: Նա վախեցած էր քառյակի հանրահավաքից, որովհետև սոցիալական ծանր վիճակը, այս ամենն այս անգամ արդեն չէր մարսի: Դրա համար էլ ամեն ինչ բարդեց իր անհաջող Տիգրան Սարգսյանի վրա և ուղարկեց Կառավարության շենքից դուրս:
– Համաձայն չե՞ք, որ Սերժ Սարգսյանն այս դեպքում ավելի ճկուն գտնվեց, քան չորս ոչ իշխանական ուժերը:
– Ես դա ճկունություն չեմ համարի, նա ճկուն կգտնվեր, եթե նրա քայլերն օգնեին իր ասած «ապահով Հայաստանին», իր ասած՝ «առաջ Հայաստանին» և, ի վերջո, կանգնեցնեին արտագաղթը: Այս քայլը ուղղված չէ սոցիալական հարցերի լուծմանը: Նրա քայլերն ուղղված են միայն սեփական աթոռն ամուր գրկելուն, ուրիշ ոչինչ:
– Ձեր կարծիքով` Տիգրան Սարգսյանի հրաժարականն անձնակա՞ն որոշում էր, թե՞ նա հրաժարական ներկարացրեց Սերժ Սարգսյանի կամքով:
– Երկու ամիս առաջ տեղեկություն եղավ, թե ստորագրություն են բերել օֆշորից և հանձնել են փորձագետներին, որպեսզի եզրակացություն տան: Երկու ամիս անցել է, Դուք լսե՞լ եք այդ եզրակացության մասին: Ճիշտն ասած` ես չեմ լսել, որովհետև չկա: Մի ստորագրությունն ի՞նչ է, որ չլինի: Ես հիմա պատասխանում եմ Ձեր հարցին` Տիգրան Սարգսյանը երբեք հրաժարական չէր տա` թիկունքում ունենալով օֆշորը: Էդ վարչապետի աթոռն էր նրան փրկում Փայլակ Հայրապետյանից:
– Իսկ, ընդհանուր առմամբ, ինչպե՞ս կգնահատեք Տիգրան Սարգսյանի վեցամյա վարչապետությունը:
– Զրոյական:
– Իսկ ո՞ւմ եք համարում Հանրապետության լավագույն վարչապետը` 1990-91 թվականներից ի վեր:
– Համեմատաբա՞ր:
– Այո´:
– Հրանտ Բագրատյանին:
– Ետ գանք ներքաղաքական ներկայիս իրադրությանը: Ի՞նչ կտա վարչապետի փոփոխությունը ընդդիմադիր գործընթացներին, չորս ոչ իշխանական ուժերի պայքարին: Սա որևէ կերպ կնպաստի՞ այդ գործընթացին:
– Աստված տա, որ այդ ուժերը համախմբված մնան, և այս քայլը ոչ մի կերպ չազդի չորս ուժերի միասնության վրա:
– Ուժերից երկուսը ամբողջական իշխանափոխության կողմնակից են, իսկ մյուս երկուսը հստակ դիրքորոշում չեն հայտնում: Այդ դեպքում ի՞նչը կարող է նրանց համախմբել:
– Դրա համար եմ ասում` Աստված տա, որ այս քայլը նրանց հետ չպահի համախմբումից:
– Դա, իհարկե, ցանկություն է: Իսկ ի՞նչ կասեք իրական քաղաքականությունից:
– Դա իմ ցանկությունն է, բայց մենք ապրում ենք Հայաստանում և գիտենք, թե ընդհանրապես ինչպես են լինում այդ բաժանումները:
– Ինչպե՞ս:
– Պայմանավորվածությունների հաշվին: Ճիշտն ասած` ես չէի ուզենա այդպես մտածել: Աստված տա` այս անգամ այդպես չլինի:
– Իսկ հնարավո՞ր է` վարչապետի փոփոխությունը կապված լինի արտաքին որևէ ազդակի հետ:
– Մենք Ձեզ հետ միասին ապրում ենք մի երկրում, որտեղ ամեն ինչ հնարավոր է, ոչինչ չի կարելի բացառել:
– Իսկ ո՞ւմ եք համարում նոր վարչապետի հավանական թեկնածու: Կարո՞ղ եք որևէ անուն նշել:
– Ես կարող եմ ասել` ում կառաջարկի Սերժ Սարգսյանը: Ամերիկացիների համար, իմ կարծիքով, կառաջարկի իր աշխատակազմի ղեկավարին:
– Վիգեն Սարգսյանին:
– Այո´:
– Իսկ ռուսների՞ համար:
– Ռուսների համար չէ: Հավանական եմ նաև համարում, որ նա առաջարկի Պաշտպանության նախարարին, քանզի իրեն այս կործանվող երկրում հավատարիմ մարդ է պետք: Իսկ եթե խելք ունենա, կնշանակի Հրանտ Բագրատյանին, որպեսզի երկիրը դուրս բերի այս վիճակից:
– Իսկ հնարավո՞ր է` «Բարգավաճ Հայաստանից» ինչ-որ մեկը դառնա վարչապետ:
– Ճիշտն ասած` դրա շուրջ չեմ մտածել:
– Ենթադրում եմ` Դուք կառաջարկեիք Բագրատյանի թեկնածությունը:
– Ոչ միայն ես, այլև ողջ ժողովուրդը, որ երկիրն այս ստորացուցիչ տնտեսական վիճակից դուրս գար: