Վադիմ Դուբնով. «Անշուշտ, Մոսկվան ցանկանում էր ազատվել Տիգրան Սարգսյանից, բայց…»
«Կարծում եմ` Տիգրան Սարգսյանի հրաժարականը պայմանավորված է նախագահի ներքաղաքական խնդիրներով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի վերլուծաբան Վադիմ Դուբնովը:
Վերլուծաբանի խոսքերով` Սերժ Սարգսյանը շատ հարմար պահ է գտել վարչապետի պաշտոնանկության համար, քանի որ ստեղծված քաղաքական իրավիճակում այդ քայլը շատ հեշտ է ներկայացնել որպես «ընդդիմության հաղթանակ», քառյակի համախմբման արդյունք, որը համընկավ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման հետ: Դուբնովը սրան գումարեց նաև Մոսկվայի հնարավոր ճնշումը:
Վադիմ Դուբնովը շեշտեց, թե այս բոլոր գործոններն, իհարկե, խաղացել են իրենց դերը, սակայն դրանք երկրորդական են, քանի որ առաջնայինը նախագահն է, ում որոշումը ոչ միայն սպասելի էր, այլև շատ վաղուց արդեն դարձել էր անխուսափելի:
«Սա Մոսկվայի հետ կապված է այնքանով, որքանով կարելի է պատկերացնել` որպես Մոսկվայի ճնշման հետևանքով կայացված որոշում: Անշուշտ, Մոսկվան ցանկանում էր ազատվել Տիգրան Սարգսյանից, բայց, ինչպես հաճախ է լինում այսպիսի իրավիճակներում, ներքաղաքական որոշումները թե´ Հայաստանում, թե´ այլ երկրներում շատ հաճախ կայացվում են արտաքին քաղաքականության անհրաժեշտության շղարշի տակ:
Այդպես եղավ նախորդ տարվա սեպտեմբերին, երբ Հայաստանը արտաքին քաղաքական անհրաժեշտության պատճառաբանությամբ հրաժարվեց եվրաինտեգրումից, թեև ես կարծում եմ, որ պատճառը բացառապես ներքաղաքական էր: Նույն կերպ էլ հիմա Մոսկվան դարձավ շատ հարմար ֆոն այն գործողության համար, որին դիմեց Սերժ Սարգսյանը` լուծելով բացառապես իր ներքին խնդիրները»,- ասաց ռուսաստանցի վերլուծաբանը:
Պատասխանելով մեր հարցին, թե ում է համարում նոր վարչապետի ամենահավանական թեկնածու, Դուբնովը նշեց, որ չի համարձակվի որևէ կանխատեսում անել, բայց միաժամանակ ավելացրեց. «Կարծում եմ` Ռոբերտ Քոչարյանը հաստատ չի լինի»:
Ըստ Դուբնովի` այժմ Սերժ Սարգսյանը խաղը շարունակելու մի քանի տարբերակներ ունի. «Նա կարող է վարչապետին ընտրել իր կուսակցությունից, կարող է շարունակել կոալիցիոն իշխանության որոշակի պատրանքը և առաջարկ անել մերձավոր հակառակորդներից մեկին, ինչպիսին, օրինակ, «Բարգավաճ Հայաստանն» է: Ցանկացած պայմանավորվածություն հնարավոր է, բայց չեմ կարծում, որ դա սկզբունքային նշանակություն ունի»:
Մեր հարցին, թե, իր կարծիքով, ի՞նչ քայլեր կձեռնարկի ընդդիմությունը, նա պատասխանեց. «Կարծում եմ` ընդդիմությունը` ոչ իշխանական ուժերը, առաջին հերթին` ՀԱԿ-ը կփորձեն տեղի ունեցածը իրենց վերագրել, բայց չեմ կարծում, որ համախմբումը կխորանա: Միգուցե, սա ընդդիմության գագաթնակետն է: Առայժմ չեմ պատկերացնում, թե ինչ հիմքերի վրա պետք է այդ համախմբումը շարունակվի, եթե դրան չավելանան նոր գործոններ»:
Մեր խնդրանքով Վադիմ Դուբնովը նաև անդրադարձավ Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանի այսօրվա հայտարարությանը, որում վերջինս նշել էր, թե հետագա գործողությունների միակ օրակարգը Սերժ Սարգսյանի հրաժարականին հասնելու խնդիրն է:
«Ինձ համար դժվար է պատկերացնել, որ այդ կարգախոսին միանա «Բարգավաճ Հայաստանը»»,- մեկնաբանեց մեր զրուցակիցը: