Հայաստանը չի թուլացրել ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը. Ջեյմս Ափաթուրայ

Haqqin.az-ի փոխանցմամբ՝ Կենտրոնական Ասիայում ու Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է ՆԱՏՕ-ի ու Հարավային Կովկասի փոխհարաբերություններին.

«Մենք հասկանում ենք, որ Հայաստանը, Ադրբեջանը և Մոլդովան կատարելապես տարբեր երկրներ են: Սակայն նրանց բոլորին միավորում է այն, որ մենք նրանց հետ ունենք համագործակցության մասին համաձայնագիր: ՆԱՏՕ-ն կարող է այդ երկրներին առաջարկել առավել բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն և ռազմական ոլորտի աջակցություն»:

Անդրադառնալով ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի ու Ադրբեջանի համագործակցության հարցին՝ Ափաթուրայն ընդգծել է, որ Հայաստանը չի թուլացրել ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը՝ չնայած Մաքսային միությանը միանալուն. «Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այդ երկիրն ունի իր էներգետիկ շահերը:

Ադրբեջանը նաև աջակցում է մեր գործողություններին, ինչի համար շնորհակալ ենք նրան: Դրա հետ կապված՝ մենք դիտարկում ենք էներգետիկ անվտանգության ոլորտի համագործակցություն և մտածում ենք, թե էլ ինչ կարող ենք առաջարկել»: Պատասխանելով ՆԱՏՕ-ին Հայաստանի ու Ադրբեջանի հնարավոր անդամակցության մասին հարցին՝ Ափաթուրայը հայտարարել է, որ այդ երկրները դեռ չեն ձգտում դրան.

«Մոլդովան պահպանում է չեզոքություն, Հայաստանը չի ցանկանում գնալ ՆԱՏՕ, և որքան ես տեղյակ եմ, Ադրբեջանը նույնպես հատուկ չի ձգտում դրան: Մոլդովան իր վրա ճնշում է զգում Ռուսաստանի կողմից, ով ցանկանում է խոչընդոտել այդ երկրի եվրաինտեգրման գործընթացին: Դրա համար էլ Մոլդովան օգնություն է խնդրում մեզանից»:

Տեսանյութեր

Լրահոս