Քառյակը զանգվածների խնդիր չունի, քանի որ ունի Ծառուկյանի պես հովանավոր. «Ժամանակ»
«Ժամանակը» իր այսօրվա խմբագրականում գրում է. Ապրիլի 2-ն անկասկած Հայաստանի քաղաքացիական տարեգրքում կնշանավորվի կարմիրով։ Իհարկե, խոսքը ոչ պաշտոնական տարեգրքի մասին է, ինչը, սակայն, ամենևին չի նսեմացնում քաղաքացիական պայքարի հերթական ձեռքբերումը։ Սահմանադրական դատարանը երեկ հակասահմանադրական է որակել պարտադիր կենսաթոշակային կատակային համակարգի մասին օրենքը։
Այսպիսով, կարող ենք արձանագրել հերթական հաջողությունն իշխանությունների հակահասարակական որոշումների նկատմամբ։
Սակայն երեկ ամենահաճախ հնչող հարցերից մեկը վերաբերում էր ոչ թե Սահմանադրական դատարանի որոշմանը, այլ այն բանին, թե այժմ ինչ կարող է տեղի ունենալ խորհրդարանական քառյակի և կուտակային համակարգի դեմ պայքարող քաղաքացիների միջեւ փոխհարաբերություններում։
Խնդիրն այն է, որ երեկ հնչել է մի բավականին հետաքրքրական հայտարարություն։ ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանն ասել է, որ Սահմանադրական դատարանի այս որոշումը կարելի է համարել ապրիլի 28-ին քառյակի հայտարարած շուրջօրյա հանրահավաքների առաջին արդյունքը։ Ի՛նչ է սա, ըստ էության, նշանակում։
Սա նշանակում է, որ հայտարարության հեղինակը, ըստ էության, կուտակայինի դեմ քաղաքացիական պայքարի էֆեկտը ստորադասում է քառյակի քաղաքական հայտարարությանը։ Այսինքն՝ Սահմանադրական դատարանի որոշումը ոչ թե քաղաքացիների պայքարի արդյունք էր, այլ ապրիլի 1-ին քառյակի անունից արված հայտարարության, որ ապրիլի 28– ին շուրջօրյա հանրահավաքներ են անցկացնում։ Այսինքն Սահմանադրական դատարանի որոշումը քառյակն, ըստ էության, վերցնում է քաղաքացիների ակտիվից և գրանցում սեփական ակտիվում։
Քաղաքական տրամաբանության տեսանկյունից սա, իհարկե, միանգամայն հասկանալի քայլ է, մարդիկ ցանկանում են քարից դիվիդենտներ քաղել, առավել ևս, որ հանուն արդարության պետք է նշել, որ իրենք էլ անմասն չեն եղել և մեծ մասնակցություն են ունեցել քաղաքացիների պայքարին աջակցելու առումով։ Եվ սակայն այս ամենով հանդերձ է, որ հարց է առաջանում քառյակի և քաղաքացիական պայքարի նախաձեռնողների ու մասնակիցների հետագա փոխհարաբերությունների, մասնավորապես ապրիլի 28-ին հայտարարված շուրջօրյա հանրահավաքներին միանալու մասով։ Այսինքն՝ քառյակը կպահանջի՞ քաղաքացիական շարժումից, այսպես ասած, պատասխան աջակցություն, թե՞ ոչ։
Լևոն Զուրաբյանի հայտարարությունը, սակայն, վկայում է, որ քառյակն, ըստ էության, վերցնում է քաղաքացիներից այն, ինչ իրեն պետք է, այսինքն՝ խոշոր հաշվով, նրանց հաղթանակի արդյունքը։ Իսկ քաղաքացիները քառյակին ըստ ամենայնի այլևս պետք չեն, որով հետև րնչ-ինչ, սակայն զանգվածներ ապահովելու խնդիր քառյակն իսկապես չունի, քանի որ ունի Ծառուկյանի պես հովանավոր։
Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակի» այսօրվա համարում։