Բացահայտեք ինքներդ. Տիգրան Սարգսյանն ու կուտակային ֆոնդերի կառավարիչը

Սրանից ուղից 12 տարի առաջ, առաջին հայացքից` մի շարքային, պաշտոնական իրադարձություն տեղի ունեցավ։ Ինչպես գրում է «Արմենպրեսը», 2002 թվականի հոկտեմբերի 23-ին ՀՀ Կենտրոնական բանկի և գերմանական գործընկեր բանկերի նախաձեռնությամբ և անմիջական մասնակցությամբ Գերմանիայում Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության շրջանակներում բարեկամական համագործակցության համաձայնագիր ստորագրվեց Գերմանիայի Լորշ և Հայաստանի Գեղարդ վանքերի միջև` հիմքեր ստեղծելով հայ-գերմանական հոգևոր կրթագիտական-մշակութային համագործակցության համար:

Դրանից երկու շաբաթ անց` նույն թվականի նոյեմբերի 7-ին, կրկին ըստ «Արմենպրեսի», ստեղծվեց հայ-գերմանական հոգևոր, կրթական, գիտական և մշակութային համագործակցության հոգաբարձուների խորհուրդ, որի կազմում են պետական, մասնավոր և կրոնական կազմակերպությունների, այդ թվում` նաև Գերմանիայի «Դոյչե» բանկի և Հայաստանի Կենտրոնական բանկի ներկայացուցիչներ: Հաստատվեց, որ խորհուրդը ղեկավարելու է ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը:

Այդ օրը նաև բարեկամության և համագործակցության պայմանագիր ստորագրվեց Գերմանիայի Լորշ և Հայաստանի Գեղարդ վանքերի միջև: Միջնադարում Լորշ վանքը, լինելով Կենտրոնական Եվրոպայի ազդեցիկ և հարուստ վանքերից մեկը, եղել է նաև մշակութային և կրոնական կյանքի կարևոր կենտրոն: 1991 թվականից Լորշը գրանցված է համաշխարհային մշակույթի գանձերի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում:

2001-ին նույն պատվին է արժանացել Գեղարդը` հռչակվելով և ճանաչվելով անտիկ ճարտարապետության յուրօրինակ կոթող: Լորշ վանքի թանգարանի տնօրեն Հերման Շեփերսի խոսքերով, այս նախագծի հիմնական նպատակներից մեկը համաշխարհային ժառանգության կենտրոնների միջև համագործակցության խթանումն է:

Նա նշել է, որ այս համագործակցության գաղափարին ծնունդ են տվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի` համաշխարհային ժառանգության մասին 1972 թվականի պայմանագիրը և դրա հետ կապված երկկողմ համաձայնագիրը: Այս ծրագիրն ընդգրկում է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ասպարեզներ` հուշարձանների պահպանություն, հնագիտություն, պատմություն, քրիստոնեական և վանական անցյալ և այլն:

Անհետաքրքի՞ր է։ Մի շտապեք եզրակացություններ անել:

Անցնում է 11 տարի, և այս հետաքրքիր համագործակցության գերմանական կողմը Երևանում հյուրընկալվում է արդեն վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ։
Այդ մասին գրում է գերմանական morgenweb.de կայքը։ «Էռնստ-Լուդվիգ Դրայսի (Լորշի վանքի հոգաբարձուների խորհրդի երկարատև նախագահ) և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանդիպման բուն թեման վարչապետի գրասենյակում Հայ-Գերմանական համագործակցությունն էր… Տիգրանն էր, որ 2002 թվականից ակտիվորեն սատարեց և աջակցեց համաշխարհային մշակութային ժառանգություն համարվող Լորշի և Գեղարդի վանքերի միջև ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցությունը:

Շահագրգռություն առաջացրեց Դրայսը, որը որպես ֆինանսական մասնագետ` նեղ համագործակցական կապերի մեջ էր նախկինում եղել ՀՀ ԿԲ-ի հետ: Նա նաև Լորշի համաշխարհային մշակութային ժառանգության հոգաբարձուների խորհրդի նախագահն է: Սարգսյանը նախկինում ԿԲ-ի նախագահն էր, ինչը պատճառ հանդիսացավ, որ այս գործնական հարաբերությունները վերածվեցին մշակութային համագործակցության:

Հետևաբար` Սարգսյանը հաճախակի է այցելել Լորշ, ինչպես և 2002 թվականի հունիսին` սույն համագործակցության պայմանագիրը ստորագրելու ժամանակ: Հիմա որպես երկրի վարչապետ` նրան անչափ հետաքրքրում է. թե ինչ ստացվեց այդ գաղափարից»,- գրում է գերմանական կայքը` ավելացնելով, որ հանդիպման վերջում Դրայսը Տիգրան Սարգսյանին նվիրեց Լորշի նկարների հավաքածու (նկարում հենց այդ պահն է):

Հիմա հասնում ենք հետաքրքիր մասին։

Այս տեղեկատվությունը գերմանական կայքում հրապարակվել է 2013 թվականի ապրիլի 23-ին։ Այսինքն, կարելի է ենթադրել, որ հանդիպումը տեղի է ունեցել նույն օրը կամ դրանից մեկ-երկու-երեք օր առաջ։ Սակայն, որքան քչփորեցինք կառավարության պաշտոնական կայքի լրահոսը՝ նման հանդիպման մասին որևէ պաշտոնական տեղեկատվություն այնտեղ չգտանք։ Այնպիսի տպավորություն է, որ կառավարությունը փորձում է եթե ոչ` թաքցնել, ապա` գոնե հնչեղություն չհաղորդել այդ հանդիպմանը։

Ինչո՞ւ, չէ՞ որ շատ լավ ծրագիր ու գաղափար է իրականացվել։
Հստակ պատասխան տալ չենք կարող, սակայն կարող ենք ենթադրել։ Ուշադիր նայեք նկարում պատկերված այս մարդուն։ Նա` Էռնստ-Լուդվիգ Դրայսը, ոչ միայն Լորշի վանքի հոգաբարձուների խորհրդի երկարատև նախագահն է, այլև C-Quadrat Ampega Asset Management Armenia-ի տնօրենների խորհրդի նախագահը։ Իսկ այդ ընկերությունը ՀՀ կենսաթոշակային ֆոնդերի 2 կառավարիչներից մեկն է։

Հենց այդ հանդիպումից 7 ամիս անց` 2013թ. նոյեմբերի 29-ին, Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը գրանցեց «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը:

Այսքանից կարելի է ենթադրել, որ Տիգրան Սարգսյանը չէր ցանկանում հիշեցնել, որ ինքն ու Դրայսը վաղեմի բարեկամներ ու գործընկերներ են։ Համագործակցությունը, սակայն, միայն Լորշի և Գեղարդի միջև կապով չի սահմանափակվում։ Նույն morgenweb.de կայքի համաձայն` Դրայսը վարչապետի հետ հանդիպման ժամանակ հիշատակել է նաև «Նոյ» միության հիմնադրումը, որի նստավայրն է Հոֆենհայմը, և որը շատ նախաձեռնությունների մեջ է ներգրավված:

Առանց այն էլ խոսակցություններ կային, որ վարչապետը կապ ունի կենսաթոշակային հիմնադրամների հետ, ո՞ւմ էր պետք ավելորդ անգամ սրել այդ կասկածները։ Սակայն սա էլ դեռ ամենը չէ։

Հայկական հետքը` «C-Quadrat»-ում
«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերության գործադիր տնօրենն է Արման Վարդանյանը։ Դա, ի դեպ, գաղտնիք չէ, և այդ մասին կա համապատասխան տեղեկատվություն ընկերության պաշտոնական կայքում։

Ինչպես նշվում է կայքում, Արման Վարդանյանը Հայաստանում, Արևմտյան Եվրոպայում և Լատինական Ամերիկայում ակտիվների կառավարման մեծ փորձ ունի:
Մինչև այս պաշտոնում նշանակվելը նա եղել է «Ցե-Կվադրատ» (C-QUADRAT Group) խմբի հետ փոխկապակցված «Աբսոլյուտ պորտֆոլիո մենեջմենթ» (Absolute Portfolio Management) ընկերության խորհրդի անդամ: Իսկ դրանից առաջ` իր աշխատանքային կարիերայի սկզբում, Վարդանյանը երկար տարիներ աշխատել է Կենտրոնական բանկում և հասել մինչև ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի խորհրդականի պաշտոնին` միջազգային գործառնությունների գծով։ Այսինքն` Տիգրան Սարգսյանը բավականին լավ է ճանաչում Արման Վարդանյանին։

Սակայն՝ ոչ միայն նա։ Ա. Վարդանյանին շատ լավ ճանաչում է նաև Դրայսը։ Բանն այն է, որ հենց նա է 2006 թվականից ղեկավարել Absolute Portfolio Management-ը։ Այսինքն` 2007 թվականից սկսած Վարդանյանն ու Դրայսը միասին են աշխատել։ Կարճ ասած, Տիգրան Սարգսյանը, Էռնստ-Լուդվիգ Դրայսը և Արման Վարդանյանը բավականին լավ են ճանաչում միմյանց։ Չի բացառվում, որ նրանք բազմաթիվ ոչ պաշտոնական հանդիպումներ են ունեցել` քննարկելով տարբեր հետաքրքիր նախագծեր։ Ինչո՞ւ ոչ` նաև պարտադիր կուտակային համակարգի մասին։

«Դավադրության տեսությունը»
Վերը շարադրվածն ընդամենը փաստեր են, ոչ ավելին։ Սակայն այդ փաստերը բավական են, որ որոշ չար լեզուներ այս փաստերի հիման վրա կազմեն ու ներկայացնեն իրենց պատմությունը։ Օրինակ` սկսեն նրանից, որ Տիգրան Սարգսյանի մտքում վաղուց է հղացել միջնորդավորված ձևով «ֆռռացնել» ՀՀ քաղաքացիների գումարները։

Դրայսի հետ ծանոթանալուց հետո այդ գաղափարն ավելի է արմատավորվել (վերջինս լուրջ ֆինանսիստ է և գլխավորել է «Դոյչե» բանկը)։ Նաև կարող են պնդել, որ Տիգրան Սարգսյանը մտածված է իր լավագույն կադրերից մեկին` Արման Վարդանյանին, գործուղել եվրոպաներ, և, որ վերջինս հենց այնպես չի աշխատանքի տեղավորվել վարչապետի վաղեմի բարեկամ Դրայսի մոտ։ Իսկ հետո, երբ Տ. Սարգսյանը դարձավ վարչապետ, մնացածն արդեն, ինչպես ասում են, տեխնիկայի հարց էր։ Ու նրանք կեզրափակեն իրենց դավադրության տեսությունը` ապացուցված համարելով, որ կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների ետևում կանգնած է Տիգրան Սարգսյանը` իր ԿԲ-ական թիմով։

Սակայն մենք, իհարկե, ոչ մի հետին միտք չենք փնտրի։ Որովհետև ավելի հակված ենք հավատալու, որ Տիգրան Սարգսյանի և Դրայսի համագործակցության շրջանակը սահմանափակվել է միայն եկեղեցական ու դավանաբանական թեմաներով` Լորշի և Գեղարդի վանքերի համագործակցության շրջանակներում։

Ի դեպ, հոդվածի ամենասկզբում նշվում էր, որ 2002 թվականին այդ համագործակցության կապակցությամբ շնորհավորանքի խոսք են ասել «Վարբուրգ» բանկի ներկայացուցիչ Էռնստ-Լուդվիգ Դրայսը, Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս-Վուլ Բարթելսը, և Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ սրբազանը։ Սա էլ հենց այնպես` ի գիտություն, եկեղեցական թեմայի մասով` առանց որևէ հետին մտքի։

Տեսանյութեր

Լրահոս