Աստված պահի ձեր զավակներին
Այսօր Հայաստանում տոն է ու ցնծություն: ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել կուտակային կենսաթոշակի մասին օրենքի մի քանի դրույթներ: Արդարությունը հաղթանակեց: Ահա ձեզ իսկական իրավական պետություն: Սահմանադրության ու օրենքի տառին մեռած իշխանություն: Ու նրանից անպատկերացնելիորեն անկախ Սահմանադրական դատարան: Սրանք այն փոքրաթիվ ընդհանրացումներն են, որոնք կարելի է անել ՍԴ-ի այսօրվա որոշումից հետո իշխանության ներկայացուցիչների ելույթներից, նրանց հարակից սոցցանցային պաշտպանների գրառումներից, ՍԴ-ում այս հարցը բողոքարկող կողմի ոգևորության ճիչերից:
Բայց այսօր Հայաստանում տեղի է ունեցել նաև մի սարսափելի, ոչ միայն՝ սահմանադրորեն, այլ առաջին հերթին՝ մարդկայնորեն ճղճիմ իրադարձություն:
Քաղբանտարկյալ, արդեն վեց ամիս կալանավորված Շանթ Հարությունյանի 15-ամյա որդուն՝ Շահեն Հարությունյանին, նոյեմբերի 5-ին տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ հարուցված գործի շրջանակներում այսօր մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի՝ 4-7 տարվա ազատազրկում նախատեսող՝ 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ «Խուլիգանություն կատարելու համար»:
Անչափահաս տղայի նկատմամբ այս մեղադրանքն առաջադրել է նույն այն իշխանությունը, որի սպասարկու մեկ այլ մարմին՝ ՍԴ-ն, նույն օրն այդքան հումանիստական որոշում է ընդունել՝ առաջացնելով մի քանի տասնյակ հազար դրամի համար պայքարող հասարակության հոծ զանգվածների անթաքույց ոգևորությունն ու հաղթանակի բերկրանքի զգացողությունը: Իշխանությունը չի բավարարվել Շանթին ազատազրկելով, վրեժն ավելի ցավոտ ձևով լուծելու համար ցանկանում է ազատազրկել նաև նրա զավակին:
Բայց սա Հայաստանի իշխանության վրեժը չէ: Սա Հայաստանի իշխանության ծառայությունն է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ում դեմ համարձակվել էր պայքարել Շանթ Հարությունյանը՝ նրան մեղադրելով իր երկիրն անկախությունից զրկելու համար:
Այդ պայքարի անշրջելիությունն ու իր սկզբունքայնությունը ցույց տալու համար Շանթն այդ պայքարին մասնակից էր դարձրել սեփական որդուն, ով ավելի երիտասարդ է, քան Հայաստանի Հանրապետությունը, որի անկախության համար Շանթը պատրաստ էր զոհել կյանքը: Շանթը հայհոյել է Պուտինին: Հայաստանի իշխանությունը պատժում է բոլոր նրանց, ովքեր այդ պահին Շանթի կողքին են եղել ու Պուտինի «թասիբը» չեն պահել գոնե Զորի Բալայանի նման:
Պատժում է անգամ ու առաջին հերթին՝ Շանթի որդուն, ով չի համարձակվել հանդիմանել սեփական հորը՝ Հայաստանում շատերի համար սեփական հորից ավելի թանկ Պուտինին հայհոյելու համար: Շանթն այնքան շրջահայաց չի գտնվել, որքան Լևոն Տեր-Պետրոսյանը, ու որդուն չի պատգամել «չհայհոյել Պուտինին»՝ ինչպես ՀՀ հիմնադիր նախագահն էր հորդորում սեփական կուսակիցներին:
Շանթն իր պայքարը սկսեց ու ավարտեց Ազատության հրապարակում: Ոստիկանները հերոսաբար ազատագրեցին Ազատության հրապարակը Շանթից: Որպեսզի մի քանի ամիս անց այնտեղ շուրջօրյա հանրահավաքներ անեն այն ուժերը, ովքեր իրենց քաղաքական հաջողությունը պայմանավորում են Պուտինի բարեհաճությամբ:
Նրանք Ազատության հրապարակում պայքարելու են այն իշխանության դեմ, որը քրեական գործ է հարուցում 15-ամյա պատանու դեմ՝ Պուտինին հայհոյելու համար: Հայաստանի սահմանադրականության ցուցիչը ոչ թե Գագիկ Հարությունյանի այսօրվա կայացրած որոշումն է, այլ Դատախազության կամ չգիտեմ որ կառույցի չգիտեմ որ բաժնի չգիտեմ որ ազգանունով քննիչի որոշումը՝ Շահեն Հարությունյանի դեմ գործ հարուցելու վերաբերյալ: Զզվելի՛ է:
Հարություն Ավետիսյան