
ԱՄՆ-ը 2015 թվականից գազ կմատակարարի Եվրոպային. Ջոն Քերի

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը 2015 թվականին սկսելու է գազ արտահանել դեպի Եվրոպա, և Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի ներկայիս գործողություններն այժմեական են դարձնում ռուսական էներգակիրներից Եվրոպայի կախվածության նվազեցումը:
Այս մասին Բրյուսելում ԱՄՆ-ԵՄ Խորհրդի նիստում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Տվյալ նիստին մասնակցել են նաև ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնն ու էներգետիկ հարցերով եվրահանձնակատար Գյունթեր Օթթինգերը:
Քերին կարևորել է ԱՄՆ-ի ու Եվրոպայի կողմից էներգակիրների դիվերսիֆիկացման հարցում նոր քայլեր ձեռնարկելը: Քերին հայտարարել է, որ ԱՄՆ-ը Եվրոպային կհատկացնի ավելի շատ գազ, քան ողջ Եվրոպան սպառում է ներկայումս:
Քերին ընդգծել է, որ Ռուսաստանը չպետք է էներգակիրներն օգտագործի որպես Ուկրաինայի դեմ ագրեսիայի միջոց և ԵՄ-ին կոչ է արել Ուկրաինային օգնել Եվրոպայից գազի պահեստային մատակարարումների հարցում: