Քառյակի անդամները՝ Հովիկ Աբրահամյանի մասին
Մինչ ԲՀԿ-ն հայտարարում է, որ իրենց համար անընդունելի է, որ վարչապետի հաջորդ թեկնածուն դարձյալ ՀՀԿ-ական լինի, ՀՅԴ-ն նման սկզբունքային հարց իր առջև չի դնում՝ հայտարարելով, որ իրենց համար սկզբունքային հարցը կառավարությունը փոխելն է: Պատասխանելով 168.am-ի հարցին, որ եթե կառավարության հրաժարականից հետո հաջորդ վարչապետը նշանակվի մեկ այլ ՀՀԿ-ական, իրենց համար ընդունելի կլինի՞ այդ տարբերակը, Ա. Ռուստամյանը պատասխանեց՝
«Հանրապետականը հո հայհոյանք չէ՞», հանրապետականների մեջ էլ մարդիկ կան, որոնք այսօր դուրս են մղված այդ նույն տեղից, ուստի «ՀՀԿ-ից լինի, ԲՀԿ-ից լինի, որտեղից լինի… կարևորը՝ հայ մարդ լինի, իր ազգը սիրի, իր ժողովրդին սիրի, պրոֆեսիոնալ լինի, լուծումներն առաջարկի, դրանք իրականացնի»:
168.am-ը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանից հետաքրքրվեց, թե իրենց համար ո՞ր մոտեցումն է ավելի ընդունելի՝ պայքարե՞լ, որ հաջորդ կառավարության ղեկավարը չլինի ՀՀԿ-ից, թե՞ կուսակցական տարբերություն չդնել այս հարցում:
Ի պատասխան՝ Ռուբեն Հակոբյանն ասաց, թե ինքը բազմիցս հայտարարել է, որ «Ժառանգության» համար խնդիրն անձերի մեջ չէ, ապա նշեց, թե իրենք անձերի հարցը չեն կարևորում: Նրա համոզմամբ՝ գործող կառավարությունը, այն համակարգը, որի ներքո այն աշխատում է, որևէ անձով չի կարող փոխվել, ուստի որևէ մեկն այդ գործող կառավարությունում չի կարող այլ արտադրություն տալ:
«Մենք (նկատի ունի քառյակը.- Տ.Մ.) դեռ չենք քննարկել կառավարության կազմը, վարչապետի և այլն: Մեզ համար կարևոր է, որ այն ծրագիրը, որը մենք որպես այլընտրանք ներկայացնելու ենք, ընդունվի, իսկ դրանից հետո թե ո՞վ կլինի վարչապետ, իսկ ո՞վ՝ նախարար, մենք դրան չենք անդրադարձել, որովհետև դա չենք կարևորում: Մենք կարևորում ենք այլընտրանքային ծրագրի ընդունումը, որն իր մեջ ամբողջական համակարգ է պարունակում»,- նշեց նա:
Մեր ճշտող հարցին, որ եթե, օրինակ, գործող վարչապետ Տիգրան Սարգսյանը փոխարինվի մեկ այլ ՀՀԿ-ականով, ասենք՝ նրան փոխարինելու գա ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ապա իրենց համար դա ընդունելի կլինի՞, Ռուբեն Հակոբյանն այսպես արձագանքեց. «Ձեր հարցն արդեն պատասխանելու տրամադրություն չի թողնում, որովհետև «եթե»-ով եք սկսում, իսկ ես «եթե»-ով հարցերին ես չեմ պատասխանում. ամեն ինչ կարելի է քննարկել՝ ըստ ժամանակի, ըստ անհրաժեշտության: Ինձ համար, կրկնում եմ՝ անհատը նշանակություն չունի այս պահին, որովհետև մեր կռիվը, պայքարը անհատի դեմ չէ, համակարգի, բովանդակության դեմ է: Եվ նրանք, ովքեր այս հարցը դնում են, միամտորեն կամ ոչ միամտորեն խնդիրը տանում են այլ հարթություն, որը չի նպաստում գործընթացին»:
168.am-ի հետ զրույցում ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ, պատասխանելով այն հարցին, թե Կոնգրեսի համար սկզբունքայի՞ն է, որ վարչապետի հաջորդ թեկնածուն հանրապետական չլինի, շեշտեց, որ իրենց համար սկզբունքային է, որ կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը դառնա ամբողջական իշխանափոխության գեներատոր: «Եվ մենք մեր ջանքերն ուղղում ենք այս ուղղությամբ»,- հավելեց նա:
Մեր հարցին, թե արդյոք ՀԱԿ-ի համար տարբերություն չկա՞՝ հաջորդ վարչապետը ՀՀԿ-ակա՞ն կլինի, թե՞ ոչ, նա կրկնեց. «Մեզ համար կարևոր է, որ այս գործընթացը վերածվի ամբողջական իշխանափոխության»:
Մեր դիտարկմանը, որ եթե, օրինակ, Տիգրան Սարգսյանին փոխարինելու գա ԱԺ նախագահը, իրենք կհամաձայնե՞ն այդ տարբերակին, ՀԱԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Ես արդեն ասացի մեր նպատակը որն է. մեզ համար ամենակարևոր հարցն այն է, որ մենք արմատապես փոխենք իրավիճակը մեր երկրում, վերցնենք նախաձեռնությունն ընդդիմության ձեռքը, ժողովրդին մոբիլիզացնենք, դուրս բերենք փողոց: Եվ եթե մենք հաջողենք այս գործընթացը, իմացեք, որ, ի վերջո, կհասնենք Սերժ Սարգսյանի հրաժարականին»: