Առանց «հայի բախտից» դժգոհելու. «Առավոտ»

«Առավոտի» գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը իր այսօրվա խմբագրականում գրում է.
Սիրիայից մենք ստանում ենք հակասական տեղեկություններ: Մի կողմից՝ լավատեսական լուրեր այն մասին, որ Սիրիայի կառավարական զորքերը Քեսաբի մոտակայքում ճնշում են, այսպես կոչված, ապստամբներին, որոնք, ծանր կորուստներ կրելով, նահանջում են: Տագնապալի լուրերն այն մասին են, որ հրոսակախմբերի ներխուժումից հետո Քեսաբում և շրջակա գյուղերում մնացել էին հայեր, որոնց թուրքամետ ավազակները առևանգել են: Թե ոգևորող և թե անհանգստացնող տեղեկությունները անկախ, չշահագրգռված աղբյուրներից հաստատում չեն ստանում:

Բայց դրա հետ մեկտեղ տարածվում է պարզ ապատեղեկատվություն: Համացանցում հայտնվել են լուսանկարներ, որտեղ գնդակահարվում և գլխատվում են ինչ-որ մարդիկ, և անհայտ աղբյուրներ, ակնհայտ դիտավորությամբ, կապում էին այդ նկարները Քեսաբի դեպքերի հետ՝ ներկայացնելով զոհերին որպես հայեր: Այդ ամենը դարձյալ, հավանաբար, միտումնավոր ներմուծվում էր սոցցանցերում ծավալվող Save Kessab քարոզչական արշավի մեջ: Շատերն այդ ապատեղեկատվությունը (չիմանալով, որ դա կեղծիք է) տարածում էին, հավանաբար, լավագույն մտադրություններով՝ ցույց տալու համար, թե որքան դաժան են հայերի հետ վարվել Քեսաբ ներխուժած գրոհայինները:
Որտե՞ղ են այդ կեղծիքի ակունքները՝ կան տարբեր վարկածներ: Անձամբ ես ենթադրում եմ, որ այդ լուրերը տարածում են հենց թուրքամետ շրջանակները՝ գրոհայինների հետ կապված չեչենական կամ գուցե ադրբեջանական քարոզիչները՝ հատուկ նպատակ ունենալով ընկճել հայությանը: Ընդ որում՝ մատուցվող պատկերները և սիրիահայ երիտասարդների իրական վարքը տրամագծորեն հակառակն են՝ վերջիններս հերոսաբար դիմադրել են ավազակներին և ողջ են մնացել: Հերոսական պայքարի բազմաթիվ պատմություններ են լսել վերջերս Լաթաքիայում քեսաբցիներին հանդիպած մեր պատգամավորները:

Բայց պետք է ասել, որ «հերթական կոտորածների» մասին ապատեղեկատվությունը շատ հաճախ ընկնում է «պարարտ հողի» վրա: Աշխարհի շատ անկյուններում, նախևառաջ Հայաստանում, բազմաթիվ են հայերը, որոնք որոշակի հաճույք են ստանում տառապելուց, դժգոհելուց և բողոքելուց: Եվ այս կեղծ պատմություններն էլ նրանց առիթ են տալիս դառը հոգոց հանելու և փիլիսոփայական հետևություններ անելու հայի չար բախտի ու «կարկուտը ծեծած տեղը ծեծելու» մասին: Ոմանք նույնիսկ Քեսաբի դեպքերի հետ կապված սկսեցին արտասանել «Ցեղասպանություն» բառը:

Ամբողջությամբ կարդացեք «Առավոտի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս