ԲՀԿ-ի փողոցն ու ՀՀԿ-ի դահլիճը. «Ժամանակ»

«Ժամանակ» օրաթերթը այսօրվա իր խմբագրականում գրում է.
ՄԱԿ-ում Ուկրաինայի վերաբերյալ բանաձևի հայտնի քվեարկությունը Հայաստանում արժանացավ բավական բուռն քննարկումների և գնահատականների՝ Հայաստանի դիրքորոշման առումով:

Ինչպես հայտնի է, Հայաստանը քվեարկեց այդ բանաձևի դեմ, այսինքն՝ Ռուսաստանի գործողությունների օգտին՝ ըստ էության դառնալով 11 «իզգոյ» պետություններից մեկը: Եվ այս փաստը հայաստանյան հասարակության մեջ արժանացավ միանգամայն արդարացի կոշտ քննադատության և գնահատականների:

Այստեղ, սակայն, իրականում մենք երևի թե գործ ունենք շատ ավելի մանր մի իրավիճակի հետ: Հայաստանի միջազգային վարկանիշի առումով սեպտեմբերի 3-ից հետո առանձնապես նշույլներ չէին էլ մնացել, որ դրանք կորեին ՄԱԿ-ի քվեարկությամբ: Այնպես որ՝ աշխարհում երևի թե զարմացել էին ոչ թե Հայաստանի դեմ քվեարկելուց, այլ նրանից, որ մեկ օր առաջ Հայաստանի ԱԳՆ-ն տարածել էր արտահոսք կամ տեղեկատվություն, որ ձեռնպահ են քվեարկելու: Սա էր երևի թե աշխարհին զարմացրել, ու ինչքան էլ, իհարկե, դատապարտելի է Հայաստանի քվեարկությունը՝ որպես դիվանագիտական, մեղմ ասած, տգիտության դրսևորում, այնուամենայնիվ՝ արտաքին առումով հայաստանյան ներկայիս քաղաքականությունն առանց այն էլ այնքան խոցելի է, որ սրանով ավելի խոցելի հազիվ թե դառնա՝ ավելիի տեղ ուղղակի արդեն չկա:

Փոխարենը Հայաստանի քվեարկությունը Սերժ Սարգսյանի համար միջոց էր՝ լուծելու սեփական դիրքերի խոցելիության կամ անխոցելիության հարց ներհայաստանյան քաղաքական իրավիճակում, որում նրան ԲՀԿ-ի առաջնորդությամբ նոր վարչապետի թեկնածու են պարտադրում՝ թեև հայտնի չէ, թե հատկապես ում, և սպառնում են չընդունելու դեպքում հարյուրավոր հազարների հանել փողոց:

Այս իրավիճակում Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ում իրեն է պաշտպանում՝ մտածելով, որ Հայաստանը, միևնույն է, հասցրել է այնպիսի վիճակի, որ մի քվեարկությամբ պաշտպանել հնարավոր չէ:

Սերժ Սարգսյանն ընդհանրապես այսօր իր բոլոր գործողություններով լուծում է այդ խնդիրը, այսինքն՝ ներիշխանական հարաբերություններում սեփական դիրքի գերակայության: Այդ խնդրի համար է նա ինքնամոռաց սլանում ՄՄ, նույնիսկ այնպես արագ, որ Պուտինն է զարմանում: Սերժ Սարգսյանը նրան ցանկանում է ցույց տալ, որ Հայաստանի ռուսահպատակությունն ապահովելու հարցում ինքը կողմնակի օգնության կարիք չունի: Այդպիսով նա Պուտինի համար վերացնում է Հայաստանում Սերժ Սարգսյանի «հոգսը» կիսելու կարիքը, իսկ տվյալ դեպքում դա ուղղակի իշխանական դիրքն է: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը Պուտինին ցույց է տալիս, որ Հայաստանի իշխանությունը կիսելու կարիք նա չունի:

ՄԱԿ-ի քվեարկությունը Սերժ Սարգսյանի համար այդ գործընթացի մի հանգրվան էր, և պատահական չէ միգուցե, որ ԲՀԿ-ն ըստ էության միակն էր Հայաստանի քաղաքական դաշտի, այսպես ասած, հիմնական խաղացողներից, որ այդ քվեարկության արդյունքներին հստակ դեմ արտահայտվեց:

Բանն այն է, որ ԲՀԿ-ի գլխավորած «հրաշալի քառյակը» սույնով ըստ էության զգում է, որ կորցնում է Ռուսաստանի հովանավորությունն իր նախաձեռնության մեջ՝ կառավարության պաշտոնանկություն, կամ ավելի ճիշտ կորցնում է այդ հովանավորությունը ձեռք բերելու հնարավորությունը: Իսկ սա նշանակում է ԲՀԿ-ի համար խոշոր անհաջողություն երկու մակարդակում՝ ներիշխանական պայքարի՝ ընդհանրապես և նաև լոկալ առումով էլ՝ քառյակում, քանի որ քառյակում բոլորն ակնհայտորեն տվել են առաջատարությունը ԲՀԿ-ին, իսկ ԲՀԿ-ն փաստորեն չի կարողանում հաջողություն ապահովել:

Եվ սրանով էր երևի թե պայմանավորված նաև այն, որ Հայաստանի քվեարկությունից անմիջապես հետո ԲՀԿ-ն հայտարարեց հարյուր հազարների փողոց դուրս բերելու մասին:

Կարդացեք «Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս