Բաժիններ՝

Հրայր Թամրազյան. «Ֆեյքերի» մասին օրենքը վնաս կհասցնի Հայաստանի միջազգային վարկին

Այսօր ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում խորհրդարանական լսումներ էին կազմակերպվել՝ «Վիրավորանքը և զրպարտությունը համացանցում. առկա հիմնախնդիրները և առաջարկվող լուծումները» թեմայով: Լսումներին մասնակցում էին պատգամավորներ, լրագրողներ, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, մեդիա ոլորտի փորձագետներ:

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը տեղեկացրել է, որ պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի, Դավիթ Հարությունյանի, Էդմոն Մարուքյանի, Նաիրա Զոհրաբյանի, Էլինար Վարդանյանի, Թևան Պողոսյանի, Արմեն Ռուստամյանի, Ստեփան Դեմիրճյանի, Գագիկ Ջհանգիրյանի և Հեղինե Բիշարյանի հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը վերաբերում է ինտերնետում, մասնավորապես՝ տարբեր ինտերնետային լրատվամիջոցների նյութերի ներքո տեղ գտնող, զրպարտանք և վիրավորանք պարունակող մեկնաբանությունների կարգավորումներին:

Օրինագիծը, որը ստացել է ««Ֆեյքերի» մասին օրինագիծ» անվանումը, նախատեսված է լրատվական նյութի տակ տեղ գտած մեկնաբանությունները և սոցիալական ցանցերում լրատվամիջոցների կողմից հրապարակված նյութերի տակ կեղծ (ֆեյք) օգտատերերի գրառումները վերահսկելու համար:

«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ շատ վատ է վերաբերվում այս օրինագծին. «Ես կարծում եմ, որ այդ նախագիծը մեր` իբրև քիչ թե շատ ազատ ինտերնետային դաշտ ունեցող երկրի, վարկը գցում է: Եվ, հավանաբար, «Freedom House»-ը և մյուս բոլոր իրավապաշտպան կազմակերպություններն անպայման կխոսեն, եթե այդ օրենքն, իհարկե, անցնի: Ես հույս ունեմ, որ չի անցնելու»:

Կարդացեք նաև

Ի դեպ, ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի խոսքով` այս օրինագծով հանդես գալու նախաձեռնությունը պատկանում է լրատվամիջոցներին: Մեր հարցին, թե որքանո՞վ է սա հնարավոր, Հ. Թամրազյանը պատասխանեց. «Նման բան չկա: Կարող է՝ լրագրողներից որևէ մեկն ինչ-որ տեսակետ հայտնել է, բայց ես կարծում եմ, որ դա նրանց նախաձեռնությամբ չի եղել: Ես չգիտեմ՝ պետությանը, որևէ կառավարական պաշտոնյայի մոտ կանգնած լրատվամիջոցներն արե՛լ են, թե՞ ոչ, բայց ես չգիտեմ որևէ քիչ թե շատ մեծ լրատվամիջոց, որը դիմած լինի այդպիսի օրենք ընդունելու համար, եթե Նաիրա Զոհրաբյանը գիտի, ապա թող հրապարակի այդ անունները»:

Հ. Թամրազյանը համաձայնեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի այն դիտարկման հետ, որ այս օրինագծով ներքին գրաքննությունը զարգանալու է. «Գիտեք, ոչ թե լրատվամիջոցի մոտ է Խորհրդային Միությունից մնացած այդ ներքին գրաքննության բնազդն առաջանում, այլ այն նոր ձևավորվող քաղաքացիական լրագրողի, որը պարզապես անհատ մարդ է, որը մեկնաբանություն է թողնում այս կամ այն կայքէջում,  սոցցանցում:

Նրանք մեր լրագրության մեջ այն քաղաքացիներն են, ովքեր շատ ակտիվ են սպառում լրատվությունը, և նրանց ինչ-որ իմաստով կարելի է համարել քաղաքացիական լրագրության անդամներ: Իրականում, խոսքը ոչ թե հայհոյանքների մասին է, որը լրագրողական էթիկայի և, ընդհանրապես, մարդկային էթիկայի ակնհայտ խախտում է: Սովորաբար լրատվամիջոցները նման հայհոյանքները հեռացնում են, անկախ նրանից՝  նման օրենք կա՞, թե՞ ոչ:

Տվյալ դեպքում խնդիրն այն մեկնաբանությունների մասին է, որոնք կարող են դիտվել՝ ինբրև վիրավորական. բայց ո՞ւմ կողմից կարող են այդպես դիտվել, կամ ո՞ր մեկնաբանություններն են վիրավորական, ո՞վ պետք է որոշի, թե որո՞նք են վիրավորական մեկնաբանություններ: Հենց այդտեղ բացվում է հնարավորություն ազատ մեդիայի նկատմամբ ոչ այնքան բարեկամաբար տրամադրված կառույցների համար, որպեսզի նրանք կարողանան դատարանում իրենց ուզած մեկնաբանությունը ստանալ և, ըստ այդմ էլ, պատժել լրատվամիջոցին:

Ըստ այդ նախագծի՝ եթե իմ սոցցանց, իմ կայքէջ մարդիկ գալիս և մեկնաբանություններ են թողնում հոդվածների տակ, ես պարտավոր եմ այդ մարդկանց ինքնությունը պարզել 12 ժամվա ընթացքում և այդ տեղեկատվությունը տալ այն մարդուն, ով դժգոհ է այդ մեկնաբանությունից: Սա արդեն շատ վտանգավոր երևույթ է: Այսինքն՝ ստացվում է, որ լրատվամիջոցը պետք է ընկնի տվյալներ հավաքի իր ընթերցողների, լսարանի մասին: Լրատվամիջոցներն, ընդհանրապես, նման բան չեն կարող իրենց թույլ տալ: Խոսքս նորմալ լրատվամիջոցի մասին է»,- ասաց մեր զրուցակիցը:

Հ. Թամրազյանը հարցազրույցներից մեկում նշել էր, որ լրագրողները միշտ պետք է տեսնեն թերությունները, և դա նրանց ամենակարևոր ֆունկցիան է: Հարցին, թե որքանո՞վ են հայ լրագրողները կատարում այդ ֆունկցիան, Հ. Թամրազյանը պատասխանեց.

«Ես չեմ տեսել մի հայ լրագրողի, որն անբարեխիղճ լինի: Իրենք անում են հնարավորինս, բայց արդյո՞ք իրենց արածը գնում է եթեր, հրապարակվում է այնպես, ինչպես իրենք կուզեին: Դա արդեն այլ խնդիր է:

Մանավանդ, մեր այս շատ ծանր ֆինանսական, տնտեսական պայմաններում ես չեմ մեղադրում այն լրագրողներին, որոնք, ուղղակի, սկզբունքի համար չեն հեռանում այն լրատվամիջոցներից, որտեղ, ասենք, բերել է մի հոդված, բայց տպագրել են ուրիշ բան: Որովհետև, եթե այդ լրագրողը՝ ի նշան իր հոդվածն աղավաղելու, բողոքի և դուրս գա, ապա նա ուրիշ տեղ աշխատանք չի գտնի: Ոչ թե լրագրողն է մեղավոր, այլ մեղավոր է այն իրավիճակը, որի մեջ մենք ենք այսօր. ինչ-որ իմաստով մեղավոր է հասարակությունը, մեղավոր է կառավարությունը»:

«Ազատություն» ռադիոկայանի տնօրենը նշեց նաև, որ Հայաստանում լրագրության դպրոցները բավականին զարգացած են. «Օրինակ, Բրյուսովի ժուռնալիստիկայի դպրոցը շատ եմ հավանում: Ես շատ էի տպավորվել այն օրը, երբ նրանց արտադրական պրակտիկայի պրեզենտացիային էի գնացել: Նրանց ներկայացրած նյութերը, ընդհանրապես նրանց մակարդակը շատ բարձր էր: Ես շատ տպավորվել էի բոլոր լրատվամիջոցների պրակտիկանտներից: Դա ինձ շատ է ուրախացնում, որ լրագրողների մի նոր սերունդ է մտնելու լրագրողական դաշտ, որոնք շատ ավելի սկզբունքային և իրենց իրավունքների համար պայքարող են լինելու»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս