Նաիրա Զոհրաբյան. «Այս նախագծով հանդես գալու իմպուլսները, կրկնում եմ, եկել է լրատվամիջոցներից»

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյան «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց, որ օրենքի հիմնական զեկուցող Արփինե Հովհաննիսյանը «հրաշալի, համապարփակ» ներկայացրեց հիմնական մոտիվացիան: Նա շեշտեց, որ նման նախագծով հանդես գալու նախաձեռնությունը պատկանում է լրատվամիջոցներին:

«Մասնավորապես, ինձ` որպես նախկին լրագրող, դիմել են հարգված լրագրողներ, եթե այստեղ են՝ իրենք կխոսեն, ես չեմ տա նրանց անունները, պրոֆեիսոնալ լրատվամիջոցներ, օրաթերթերի խմբագիրներ, որոնց աշխատանքը ես համարում եմ իրապես պրոֆեսիոնալ, որոնք իրենց լրատվամիջոցներում չեն անցել ահա այս սահմանը, և նրանք են ասել, որ տեսնում են նման անհրաժեշտություն՝ կարգավորելու այդ դաշտը»,- նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավորը:

Նրա խոսքով, այն, որ դաշտը պետք է կարգավորվի, ընդունում են բոլորը:

Նա շեշտեց, որ ԵԽ ԽՎ հունվարյան նստաշրջանում քննարկվել է նմանօրինակ խնդիր և ԵԽ ԽՎ անդամ երրկները, պատգամավորները ընդունել են, որ իրենց երկրներում առկա է այս խդնիրը ու այն պետք է կարգավորվի:

«Հիմա, այո, Դավիթ Հարությունյանը ճշգրիտ նշեց, որ սա ոչ թե երկխոսության ավարտն է, այլ սկիզբն է, մենք հավաքվել ենք ձեզ հետ միասին՝ գտնելու օպտիմալ լուծում, տարբերակ, և անմիտ է սա դիտարկել լրատվամիջոցների, խոսքի դեմ ազատությանն ուղղված քայլ: Կգտնենք, որ չկա դրա անհրաժեշտությունը, ես ինքս՝ որպես նախկին լրագրող, որևէ խնդիր չեմ տեսնում: Բայց այս նախագծով հանդես գալու իմպուլսները, կրկնում եմ, եկել է լրատվամիջոցներից»,- հավելեց Ն. Զոհրաբյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս