«Ժառանգության» պաշտոնական տեսակետը ներկայացնում է ոչ թե Ռուբեն Հակոբյանը, այլ Րաֆֆի Հովհաննիսյանը. Ստեփան Սաֆարյան

Մարտի 28-ին Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, թե ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկությունը Ղրիմի վերաբերյալ բանաձևի առնչությամբ համարում է կործանարար, Հայաստանի սուվերենությունը ոչնչացնող ու Հայաստանի դեմ ուղղված քայլ, մինչդեռ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը համարում է, որ դա Հայաստանի շահերից է բխում: 168.am-ը «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանից հետաքրքրվեց, թե, ի վերջո, ո՞րն է կուսակցության պաշտոնական տեսակետը:

Ստեփան Սաֆարյանն էլ մեջբերելով «Ժառանգության» կանոնադրության համապատասխան կետը՝ ասաց, թե պաշտոնական դիրքորոշում է հայտնում կուսակցության նախագահը, այսինքն՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, և ոչ թե՝ Ռուբեն Հակոբյանը:

«Որպեսզի այդ հարցում թյուրիմացություններ չլինեն, ես խնդրում եմ, որ բոլորը վերցնեն կուսակցության կանոնադրությունը և տեսնեն, որ կուսակցության տեսակետը հայտնում է կուսակցության նախագահը, ով Րաֆֆի Հովհաննիսյանն է: Իհարկե, սա չի արգելում մնացածներին իրենց տեսակետը հայտնել:

Այո, «Ժառանգությունում» կան տարբեր տեսակետներ, բայց եթե ուզում եք իմանալ, թե ո՞րն է կուսակցության պաշտոնական տեսակետը, ապա կարող եմ ասել, որ ՄԱԿ-ի քվեարկության հարցով նման տեսակետ հայտնեց Րաֆֆի Հովհաննիսյանը»,- նշեց նա:

Նա որպես օրինակ՝ նշեց. եթե, ասենք,  Երևանի ավագանիում «Բարև, Երևան» դաշինքի խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանն էլ այլ տեսակետ հայտնի, արդյոք կուսակցության գիծը դրանից կփոխվի՞:

Ս. Սաֆարյանի խոսքով՝ կուսակցությունն ունի տարբեր մարմիններ, երկու խմբակցություն՝ ԱԺ-ում և Երևանի ավագանիում, դրանց անդամները հայտնում են տարբեր կարծիքներ, բայց կուսակցության պաշտոնական տեսակետը ներկայացնում է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Տեսանյութեր

Լրահոս