Արմեն Մովսիսյանը չպատասխանեց, թե «Նաիրիտի» պարտքերը ինչի հաշվին են վճարվելու
«Հիմա տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքները կքննարկենք և արդեն ճանապարհային քարտեզը պարզ կլինի»,- այսօր մի քանի լրագրողների հետ խիստ հապշտապ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
Նկատենք, որ 2010թ. «Նաիրիտ» գործարանի աշխատանքների դադարեցումից հետո «տեխնիկատնտեսական հիմնավորման մշակումը» ՀՀ պաշտոնյաների շուրթերից չի իջնում և արդեն մի քանի տարի շարունակ այդ «հիմնավորումը» ոչ մի կերպ չեն կարողանում ավարտել:
Այսօր ևս Ա.Մովսիսյանը կրկնեց, թե «Ռոսնեֆտի» հետ բանակցությունները շարունակվում են և «Նաիրիտի» վերագործարկումն ամիսների հարց է: Միաժամանակ նա հայտարարեց, որ գործարանի աշխատակիցների աշխատավարձերը վճարվում են վարկային միջոցներից, որոնք ներառվելու են արդիականացման ծրագրի մեջ:
168.am-ի հարցին, թե Միջպետական բանկի գումարները որտեղի՞ց են վճարվելու, նախարարը հատուկ շեշտադրությամբ պնդեց, թե դրանք «բյուջեի հետ որևիցե կապ չունեն» և, կրկին չպատասխանելով բուն հարցին, հայտարարեց, որ այդ պարտքերի գումարներն էլ են ներառվելու «վերագործարկման ծրագրի մեջ»: Սակայն Ա.Մովսիսյանը չպարզաբանեց, թե այդքան պարտքի բեռով ծանրացած «վերագործարկման ծրագրի» պայմաններում արդյոք պատրա՞ստ է «Ռոսնեֆտը» մտնել խաղի մեջ և ստանձնել «Նաիրիտի» կառավարումը: