«Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած երեխան կլինիկական մահ էր ունեցել
2.5 տարեկան Լիա Միսակյանի մահվան գործով այսօր դատարանում հարցաքննվեցին «Արաբկիր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչը և մանկաբույժը: Լիա Միսակյանը հիվանդանոց տեղափոխվել էր 2012թ. դեկտեմբերի 31-ին, իսկ 2013թ. հունվարի 2-ին մահացել էր: Այժմ նրա գործով ամբաստանյալ մեղադրվում են երկու մանկաբույժներ՝ Լիլիթ Վարդանյանը և Զարինե Այվազյանը:
Այսօր դատրանում ցուցմունք տվեց վկա, «Արաբկիր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աշոտ Գյուլբուդաղյանը: Նա ասաց, որ ճանաչում է ամբաստանյալեր Լիլիթ Վարդանյանին և Զարինե Այվազյանին որպես բժշկական համալիրի մանկաբույժներ, նրանց հետ նորմալ, աշխատանքային հարաբերություններ ունի:
Վկան դատարանում 2013թ. հունվարի 2-ին երեկոյան իրեն հիվանդանոցից զանգահարել են և ասել, որ կլինիկական մահվան վիճակով հիվանդ է տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք և եթե կարող է՝ ներկայանա հիվադանոց: Ա. Գյուլբուդաղյանի խոսքով՝ ինքը մտել է վերակենդանացման բաժանմունք, որտեղ շարունակվել են վերակենդանացման միջոցառումները, ինքը մոտ 45 րոպե մասնակցել է դրան, սակայն շուտով վրա է հասել երեխայի կենսաբանական մահը:
Նրա խոսքով՝ վերակենդանացման ընթացքում չի վերականգնվել ոչ երեխայի սրտի աշխատանքը, ոչ էլ շնչառությունը:
Լիա Միսակյանի հայրը՝ Գեորգի Միսակյանը վկայից հետաքրքրվեց՝ եթե իր երեխան ջերմային ցնցումներ է ունեցել, նա պիտի վերակենդանացման բաժանմունք տեղափոխվե՞ր, թե՞ պալատ: Ա. Գյուլբուդաղյանն ասաց, որ դա որոշում է բժիշկը:
Դատավոր Լևոն Ավտիսյանը հետաքրքվեց՝ արդյոք հիվանդանոցում տեղի ունեցած դեպքը քննարկվե՞լ է, փորձե՞լ են հասկանալ՝ եղե՞լ են միջոցառումներ, որոնք պետք է արվեին, սակայն չեն արվել, որոշել՝ ով է սխալ եղել:
Ի պատասխան «Արաբկիր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչն ասաց, որ ինքն իրավասու չէ որոշել. դա դատական մարմինների գործն է. «Բայց ես կարող եմ ասել, որ, նայելով այդ հիվանդի նկարագիրը՝ որոշ հարցեր կան, որ քննարկվել է, բայց քանի որ պատմության նկարագիրը չկար, մենք լիարժեք չէինք կարող քննարկել: Արյան անալիզի մեջ կային որոշ շեղումներ, որ կասկած եղավ՝ դա կարող է լինել արյան չարորակ հիվանդության ընթացք՝ ելնելով տվյալներից:
Թոքաբորբը, ինչ-որ նկարագրված էր ռենտգեն պատկերով և ռենտգեն նկարագրությամբ, այնպիսի թոքաբորբ չէր, որ կարող էր կարճատև ընթացքում այդպիսի ողբերգական վերջ առաջացնել»:
Դատավորի հարցին՝ արդյոք դրանք ենթադրություննե՞ր են, բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչը պատասխանեց, որ ինքը կարող է միայն ենթադրություններ անել, քանի որ Լիա Միսակյանին տեսել է միայն կլինիկական մահվան ընթացքում:
«Արաբկիրի» բժշակական կենտրոնի մանկաբույժ Իրինա Մամյանն ասաց, որ ինքը հիվանդանոցում հերթապահել է 2013թ. հունվարի 2-ին, հերթափոխն ընդունել է բժշկուհի Զարիեն Այվազյանից (այժմ Զ. Այվազյանը մեղաադրյալներից մեկն է), ով ներկայացրել է հիվանդների քանկը, նրանց վիճակը:
Մանկաբույժը պատմեց, որ հերթով մտել է հիվանդանոց հոսպիտալացված երեխաների մոտ: Իրինա Մամյանի խոսքով՝ ինքը տեսել է, որ Լիա Միսակյանը դժվարաշնչություն ունի, նրա ծնողն ասել, է, որ երեխան գիշերվանից է դժվար շնչում: Մանկաբույժը դատարանում պատմեց, որ երեխայի վիճակի մասին հետաքրքրվել է, ծանոթացել է հիվանդության պատմությանը:
Իրինա Մամյանի խոսքով՝ ինքը ծանոթացել է նրա արյան անալիզի հետ, որտեղ շեղումներ է նկատել՝ երեխայի մեջ լեյկոցիտների քանակը քիչ է եղել, ապա ռենտգեն հետազոտություն է նշանակել:
Մանկաբույժը պատմեց, որ ինքը խնդրել է կրկնել անալիզները՝ հասկանալու համար՝ արդյո՞ք պակերը նույնն է: Բժիշկն ասաց, երեխայի մոտ թեթև թոքաբորբ է ախտորոշել, բուժում նշանակել, առավոտյան երեխայի վիճակը ծանր է գնահատել:
Լիա Միսակյանի դժվարաշնչությունը պահպանվել է, նա փսխում է ունեցել, հրավիրվել են բժիշկներ, զննել նրան: Մանկաբույժը պատմեց, որ ինքը իջել է ընդունարան, իրեն զանգահարել է բուժքույրն ու ասել, որ ծնողների խոսքով՝ Լիա Միսակյանը շատ վատ է: Երբ հասել է երեխայի մոտ, տեսել է, որ նա ընդհանրապես չի շնչում, սրտի «տոները բացարձակ չեն լսվում», և երեխային տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, որտեղ էլ նա մահացել է:
Լիա Միսակյանի հոր ներկայացուցիչ Արթուր Սաքունցը հետաքրքրվեց՝ կարո՞ղ էր արդյոք հիվանդությունը մի քանի ժամվա ընթացքում զարգանալ: «Կարող էր զարգանալ նաև մի քանի ժամվա ընթացքում, կարող էր և օրերի ընթացքում լինել»,- ասաց մանկաբույժը:
Ամբաստանյալ Լիլիթ Վարդանյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը վկա Իրինա Մամյանից հետաքրքրվեց՝ եթե դուք լինեիք դետեմբերի 31-ի բժիշկը, արդյոք նո՞ւյնը կախտորոշեիք երեխայի մոտ, որին մանաբույժը դրական պատասխան տվեց:
Ամբաստանյալ Զարինե Այվազյանի պաշտպան Երեմ Սարգսյանն էլ ասաց, որ դատաբժշկական եզրակացության համաձայն՝ երեխայի մահվան պատճառը նշիկաբորբն ու թոքաբորբն են:
Պաշտպանը հետաքրքրվեց՝ արդյոք Լիա Միսակյանի արյան անալիզները տեսնելով՝ կարո՞ղ էր նա երեխայի մոտ նշիկաբորբ ախտորոշել: Իրինա Մամյանը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ նման արյան անալիզների նման ցուցանիշներ կարող էր ունենալ նաև այլ հիվանդություն ունեցող անձը:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 11-ին, ժամը 11:00: