
Տիգրան Սարգսյանն ընդունել է «Կրեդի ագրիկոլ» բանկի գլխավոր տնօրենի տեղակալին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ֆրանսիական «Կրեդի ագրիկոլ» բանկի գլխավոր տնօրենի տեղակալ Քսավիե Մյուսկայի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցները նախ իրենց ցավակցությունն են հայտնել «Ակբա-կրեդիտ ագրիկոլ» բանկի ղեկավար Ստեփան Գիշյանի անժամանակ մահվան կապակցությամբ և ընդգծել նրա մեծ դերը Հայաստանի բանկային համակարգի զարգացման գործում:
Այնուհետև ՀՀ վարչապետը և «Կրեդի ագրիկոլ» բանկի գլխավոր տնօրենի տեղակալն անդրադարձել են «Ակբա-կրեդիտ ագրիկոլ» բանկի զարգացման ուղղությամբ նախատեսվող ծրագրերին: Քսավիե Մյուսկան բարձր է գնահատել մեր երկրի բանկային համակարգի զարգացման աստիճանը և նշել, որ մտադիր են էապես ավելացնել «Ակբա-կրեդիտ ագրիկոլ»-ի կապիտալը, ինչը կնպաստի շուկայում տարբեր նախագծերի իրականացմանը:
Վարչապետ Սարգսյանը ողջունել է նախաձեռնությունը և կառավարության աջակցությունը հայտնել բանկի ղեկավարությանը: