ՌԱԿ. Ի դեմս Քեսաբի և քեսաբահայության՝ շարունակվում է Թուրքիայի ցեղասպան քաղաքականությունը

Թուրքիան, խախտելով միջազգային բոլոր օրենքներն ու պարտավորվածությունները, օրերս գնդակոծել է Քեսաբ հայկական գյուղն ու շրջանը, այնուհետեւ իր սահմանից ճանապարհ բացել, որպեսզի Սիրիայում գործող իր վարձկան «Ջաբհադ ան Նուսրայի» եւ «Ջեյշ ալ Իսլամի» ահաբեկչական խմբավորումները կարողանան գրավել հայկական Քեսաբ քաղաքատիպ ավանը հարեւան գյուղերով, ինչի հետևանքով շուրջ 670 հայ ընտանիքներ լքել են իրենց տները պատսպարվելով Լաթաքիայում։

Գաղտնիք չէ, որ Թուրքիայի համար Քեսաբը մշտապես եղել է թիրախ, իսկ Սիրիայում վերջին շրջանում ընթացող ողբերգական իրադարձությունները նրան հնարավորություն ընձեռեցին փորձելու հայաթափել հայաշատ եւ հայաշունչ այդ բնակավայրը։ Թուրքական իշխանությունը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ծրագրավորված ձգտում է ամբողջ տարածաշրջանը վերջնականապես հայաթափել, տեսնել Սիրիան առանց հայերի, որովհետեւ Սիրիայի հայերը Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներն են եւ ուղիղ պահանջատերեր։ Թուրքիան օգտագործելով առիթը դիմում է քայլերի առավել օգուտներ քաղելու համար եւ իրականացնում պանթուրքիստական հեռու գնացող իր ծրագրերը:

Ռամկավար Ազատական կուսակցությունը կարծում է, որ Քեսաբի հայաթափման հարցով ՀՀ իշխանությունները եւ Սփյուռքը պետք է ուժգնորեն անհանգստացնեն միջազգային ընտանիքին, որը պայքար է հայտարարել ահաբեկչության դեմ։ ՌԱԿ-ը կոչ է անում բոլոր պետություններին օգտագործելու առկա միջոցները վերջ տալու Քեսաբի խաղաղ բնակչության դեմ հարձակումներին, հնարավորություն տալով հայերին և գյուղի բոլոր բնակիչներին վերադառնալու իրենց բնակավայրը։ Միջազգային հանրությունը պետք է զսպի թուրքերին կասեցնելու այս եւ համանման հակահայկական գործողությունները։

ՌԱԿ-ը նաեւ կոչ է անում Հայաստանի ԱԳ նախարարությանը՝ անհապաղ միջազգային բոլոր ատյաններում բարձրացնել Քեսաբի ազգաբնակչության տեղահանման խնդիրն ու պահանջել Թուրքիայից դադարեցնել հայերի տեղահանման հերթական ցեղասպան ծրագիրը։ ՀՀ իշխանությունները պետք է դիմեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, կտրուկ միջոցներ ձեռք առնել՝ դադարեցնելու համար թուրքական ոտնձգությունները։

ՌԱԿ-ը կոչ է անում աշխարհասփյուռ հայությանը եւ առաջադեմ մարդկությանը՝ իրենց ձայնը բարձրացնելու Թուրքիայի եւ նրա կողմից հովանավորվող ահաբեկչական խմբավորումների բռնարարքների դեմ: ՀՀ իշխանությունները Սփյուռքյան կառույցների հետ համատեղ քայլեր պետք է մշակեն այս հարցի շուրջ միջազգային կարծիք ձևավորելու և ստեղծված իրավիճակը շտկելու համար։

ՌԱԿ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Տեսանյութեր

Լրահոս