Բաժիններ՝

ԱՄՀ-ն՝ ի պաշտպանություն Մաքսային միությա՞ն

Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ որոշ մտահոգություններ է հնչեցրել` կապված Հայաստանի տնտեսության վրա արտաքին զարգացումների բացասական ազդեցության հետ։ Նա ասել է, որ Ուկրաինայի իրադարձությունները մտահոգություն են առաջացնում, և դրանք հետևանքներ կունենան նաև Հայաստանի տնտեսության վրա, քանի որ կազդեն Ռուսաստանի տնտեսության վրա, իսկ Հայաստանի տնտեսությունը ՌԴ տնտեսության հետ խիստ սերտ կապեր ունի: «ՌԴ տնտեսությունն աճի տպավորիչ ժամանակաշրջան էր ունեցել, բայց դա արել էր առկա կապիտալի և ոչ թե` նոր ներդրումների հաշվին, և առանց նոր կարողությունների ներդրման` աճի սահմանափակումների եզրին էր: Թեպետ ՌԴ ֆինանսական վիճակը զարգացող այլ երկրների համեմատ բարվոք էր, բայց ՌԴ-ում հանրային մեծածավալ ներդրումների ծրագրեր կային, օրինակ` Սոչին, որ ավարտվեց: Այժմ ՌԴ-ն շարունակում է մեծ կախվածության մեջ մնալ էներգակիրների գներից, իսկ դրանց արտահանման ցուցանիշները մի փոքր այս տարի արդեն նվազել են: Տեսականորեն դա կարող է էական ազդեցություն ունենալ ՀՀ տնտեսության վրա»,- ասել է Հորթոնը։ Չափազանց զգույշ արված այս կանխատեսումն արդեն իսկ որոշակիորեն արտացոլվել է ՀՀ մակրոտնտեսական ցուցանիշներում։ Այսպես, Ազգային վիճակագրական ծառայությունը նախորդ շաբաթվա վերջին ամփոփեց ՀՀ նախնական մակրոտնտեսական ակտիվության ցուցանիշները` հունվար-փետրվար ամիսների համար։ Իհարկե, կային որոշ ուրախալի ցուցանիշներ։ Օրինակ` նախորդ տարվա հունվար-փետրվարի համեմատ` տնտեսական ակտիվությունն աճել է 2.4%-ով։ Գյուղատնտեսությունն աճել է 4.9%-ով։ Ավելին, տևական դադարից հետո աճ է արձանագրել նաև շինարարության ոլորտը. նախորդ տարվա հունվար-փետրվարի նկատմամբ շինարարության ծավալներն աճել են 1.2%-ով և կազմել 18.5 միլիարդ դոլար։ Սակայն կան նաև մտահոգիչ ցուցանիշներ։ Օրինակ` այն, որ անկում է ապրում արդյունաբերությունը։ Այս տարվա առաջին երկու ամիսներին արդյունաբերության ոլորտն անկում է ապրել 4.1%-ով, ինչը լուրջ ցուցանիշ է` հատկապես արդյունաբերական քաղաքականության մասին բազմիցս հնչող ելույթների համատեքստում։ Անկում է ապրել նաև արտաքին առևտրաշրջանառությունը։ Այս տարվա առաջին երկու ամիսներին ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 819.3 միլիոն դոլար, ինչը 5.8%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Այդ թվում` արտահանումը նվազել է 3.2%-ով, ներմուծումն ավելի շատ` 6.7%-ով։ Ներդրումների ցուցանիշները դեռ չեն հրապարակվել։ Ավելին` անգամ նախորդ տարվա ամփոփիչ ցուցանիշները դեռ չկան։ Սակայն հիշեցնենք, որ նախորդ տարվա առաջին 9 ամիսների տվյալներով` օտարերկրյա ներդրումները նվազել էին շուրջ 1/3-ով, իսկ այդ թվում օտարերկրյա ուղղակի ներդրումները` 2/3-ով։ Մի խոսքով` տնտեսության վիճակն ուրախալի չէ, իսկ եթե Ռուսաստանում ամեն ինչ գնա հոռետեսական սցենարով, դա կարող է նաև մեր երկրի վրա ազդել։ Ավելին, ինչպես նշել է Մարկ Հորթոնը, նույնիսկ մինչև վերջին իրադարձություններն ԱՄՀ-ն մտորում էր ՌԴ-ում տնտեսական աճի կանխատեսումը նվազեցնելու մասին: Ու այս պայմաններում մենք ցանկանում ենք ինտեգրվել Մաքսային միության տնտեսական տարածքին։ Առավելևս, ըստ ԱՄՀ ներկայացուցչի` Հայաստանն արդեն իսկ շատ մեծ չափով կախված է ՌԴ տնտեսությունից, և ՄՄ շրջանակներում այդ կապերը կարող են ավելի խորանալ, Հայաստանն էլ ավելի ենթակա կդառնա Ռուսաստանին: Մեր պաշտոնյաները նման դիտարկումներին պատասխանում են այսպես` մենք մեր փորձը կներդնենք Մաքսային միությունում։ Քիչ է մնում մտածենք, որ ոչ թե Հայաստանն է անդամակցում Մաքսային միությանը, այլ Մաքսային միությունն է ձուլվում մեր տնտեսական համակարգին, որը, թեպետ մի բան չէ, բայց մի քանի քայլ առաջ է ՄՄ անդամ երկրներից։ Սակայն միայն մերոնք չեն այդքան լավատես։ Մարկ Հորթոնը նշել է, որ չնայած այդ սերտ կապերին` պարտադիր չէ, որ այնտեղի իրականությունը կրկնվի այստեղ: Հոռետեսական տարբերակը ներկայացնելուց հետո` ԱՄՀ ներկայացուցիչը խոսել է նաև դրական կողմերի մասին` նշելով, որ ՀՀ-ից ՌԴ արտահանումն ընդամենը 280 մլն դոլար է, իսկ միայն Մոսկվայի շուկան գնահատվում է 400 մլրդ դոլար, այսինքն` հսկայական ներուժ կա ՀՀ ապրանքների արտահանման համար: Հետո նա սկսել է թվարկել այն հնարավոր օգուտները, որ կարող է Հայաստանի համար ունենալ ՄՄ-ին անդամակցությունը, օրինակ` գազի գնի հստակեցումն առաջիկա տարիների համար, որը տնտեսելու է 130-150մլն դոլար: Կամ` հայ աշխատանքային միգրանտների հետ կապված խնդիրների կանոնակարգումը, ինչը կհեշտացնի այդ մարդկանց գործը։ Ինչ վերաբերում է ՄՄ բարձր մաքսատուրքերի պատճառով Հայաստանին սպառնացող գնաճին, ԱՄՀ ներկայացուցիչն այստեղ էլ չի շտապել հոռետեսական կարծիքներ հայտնել` հիշեցնելով, որ ՀՀ իշխանությունները խնդրել են, որպեսզի այդ բարձր մաքսատուրքերը չկիրառվեն 1000 ապրանքների դեպքում։ «Բանակցությունները կավարտվեն տարվա կեսերին, դրա համար դժվար է հիմա կանխատեսել որևէ ազդեցություն»,- ասել է նա` նշելով, որ կարող է ավելանալ ՄՄ երկրների կողմից ՀՀ-ին տրամադրվող ֆինանսավորումը, մասնավորապես` ԱԷԿ-ի շահագործման երկարացման համար տրվող ֆինանսավորումը: Եվ վերջապես, ըստ Հորթոնի` ՌԴ-ն արդեն մեծ ներդրումներ է արել ՀՀ հեռահաղորդակցության, էներգետիկ, տրանսպորտի և այլ ոլորտներում, և ինքը տեսնում է դրական կողմերի` ավելի ծանրակշիռ լինելը։ «Մաքսային միության անդամակցության դրական կողմերի` բացասականին գերազանցելու հնարավորությունը տեսականորեն կա, դա կախված է, թե ինչպես կիրականացվեն ընձեռվող հնարավորությունները»,- նշել է նա: Սա, ըստ էության, կարելի է սենսացիոն հայտարարություն համարել, քանի որ ստացվում է` ԱՄՀ-ն ողջունում է Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը։ Ինչ վերաբերում է տեսական հնարավորություններին, ապա դրանք միշտ կան` ցանկացած հարցում։ Օրինակ` այն հարցում, որ ՀՀ ֆուտբոլի հավաքականը կարող է ոչ միայն աշխարհի 2018 թվականի առաջնության ուղեգիր ձեռք բերել, այլև դառնալ աշխարհի չեմպիոն։ Ընդ որում, ոչ ոք չի կարող ասել` տեսականորեն դա՞ է ավելի հավանական, թե՞ Մաքսային միությունից օգուտներ ունենալը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս