Արման Մելիքյան. Ռուսական մոտեցումը քաղաքների ինքնորոշման հարցին էապես ընդլայնեց ինքնորոշման իրավունք ունեցող տարածքների ցանկը

ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ղրիմյան հանրաքվեն դեռ բազմաթիվ նոր քաղաքական, իրավական ու տնտեսական խնդիրներ է առաջ բերելու Ուկրաինայի, Ռուսաստանի ու միջազգային հանրության համար: Գուցե այդ հանրաքվեի հետևանքներն այդչափ ճակատագրական նշանակություն ձեռք չբերեին, եթե չլիներ Սևաստոպոլի գործոնը:

Երբ խոսքը գնում է այն մասին, որ Ղրիմի ինքնավար հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմինն է հանրաքվե անցկացնելու վերաբերյալ որոշում կայացրել, ապա ստեղծված իրավիճակում դա հնարավոր էր ընկալելի դարձնել, սակայն, երբ նույն բանն անում է ինքնավարության մաս չկազմող քաղաքը՝ Սևաստոպոլը, ապա առաջանում է իրավական մի նախադեպ, որը կարող է հանգեցնել շղթայական ռեակցիայի ու բերել նրան, որ Ուկրաինայի յուրաքանչյուր առանձին քաղաք, ավան, գյուղ ու խուտոր ինքնորոշվելու իր իրավունքը փորձի գործնականում իրականացնել:

Մեծ հաշվով, Սևաստոպոլի քաղաքային բնակչության ինքնորոշումը և այդ ինքնորոշման ճանաչումը Ռուսաստանի կողմից ռուսական դուռը (կամ, ինչպես սիրում են ասել մեր արևմուտքցի բարեկամները՝ ռուսական հնարավորության պատուհանը) բացեց Խարկովի, Դոնեցկի, Լուգանսկի, Օդեսայի ու մի շարք այլ բնակավայրերի ու տարածաշրջանների համար: Ռուսական մոտեցումը քաղաքների ինքնորոշման հարցին էապես ընդլայնեց ինքնորոշման իրավունք ունեցող տարածքների ցանկը և ոչ միայն Ուկրաինայի համար»:

Տեսանյութեր

Լրահոս