Լյուդմիլա Սարգսյանը հորդորում է ընդդիմությանը խորհուրդներ չտալ. Մենք մեր և՛ տեղը գիտենք, և՛ դերը
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը ԱԺ մեծամասնությանը հորդորում է՝ ընդդիմությանը խորհուրդներ չտալ: Ոչ իշխանական չորս խմբակցությունների կողմից ներկայացված՝ «Կառավարության և Երևանի քաղաքապետարանի կողմից 2012-13 թթ. ընթացքում ազգաբնակչության և տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ լրացուցիչ վճարներ, տուրքեր, տուգանքներ, արագաչափեր, նկարահանող սարքեր, վճարովի ավտոկայանատեղեր, Երևանի մարդատար ուղևորափոխադրումների ուղեվարձի թանկացում, չշահագործվող ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության տուգանքներ սահմանելու միջոցով թաքնված հարկային բեռը ուսումնասիրող» ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագծի քննարկման ժամանակ Լյուդմիլա Սարգսյանը հայտարարեց, թե ի տարբերություն Կառավարության, ընդդիմությունն իր տեղը շատ լավ գիտի:
«Մենք մեր և՛ տեղը գիտենք, և՛ դերը: Շատ լավ կիներ, որ Կառավարությունը գիտակցեր, թե իրականում ինքն ինչ դեր ունի երկրում ու մեզ խորհուրդներ չտար»,- նշեց նա:
Անդրադառնալով նախաձեռնության բովանդակությանը՝ Լյուդմիլա Սարգսյանը հայտարարեց. «Բոլորս շատ լավ հասկանում ենք, որ «մեկ օլիգարխի» մոդելով գործող իշխանությունները գնալով ավելի են կենտրոնացնում բոլոր եկամուտները Սերժ Սարգսյանի ընտանիքի հայտնի անդամների ձեռքին: Բոլոր տեսակի եկամուտների տոտալ կենտրոնացումը հասել է այն աստիճանի, որ անգամ քաղաքային ավտոկանգառների վարձույթից կամ արագաչափերից ստացվող տուգանքներից առաջացող գումարները փոխանցվում են բոլորիս հայտնի ընտանիքի բյուջեին:
Խոսեմ փաստերով, կարմիր գծանշերով ներկված ավտոկանգառներում ո՛չ Երևանի քաղաքապետարանի, ո՛չ «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերության կողմից վարորդների համար, ըստ էության, որևէ իրական ծառայություն չի մատուցվում: Այսինքն, ինչ-որ մասնավոր ընկերության թույլատրվել է մեզ բոլորիս պատկանող հանրային տարածքի՝ փողոցի վրա գծեր քաշել, տեսախցիկներ տեղադրել և ուղղակի ստանալ մեր կողմից կանգառելու համար վճարվող գումարի 70 տոկոսը:
Հարց է առաջանում՝ ինչո՞ւ, ո՞ր ծառայությունների համար: Ավելին, այդ ընկերությունը օգուտներ է ստանում նաև մեր վճարած հարկերի հաշվին, քանի որ հենց մեր հարկերից գոյացած բյուջետային միջոցներն են ծախսվում ճանապարհներն ասֆալտապատելու, փողոցները մաքրելու համար, իսկ նրանց մնում է ընդամենը գծեր քաշել և չարդարացված գերշահույթներ ստանալ»,- ասաց նա:
Նա ուշադրություն հրավիրեց, իր իսկ խոսքով՝ մեկ այլ ուշագրավ նրբության վրա. «Ծառայություններ մատուցող ընկերությունը որևէ պարտավորություն չի ստանձնել ստացվելիք եկամուտների մի մասը տրանսպորտային համակարգի բարեկարգման մեջ ներդնելու և համակարգը զարգացնելու համար: Ընկերությունն ընդհանրապես որևէ հանրօգուտ աշխատանք կատարելու պարտավորություն չունի, նա միայն իր գումարի տերն է, ինչը ևս որևէ առողջ տրամաբանության մեջ չի տեղավորվում:
Այս համատեքստում մենք խնդիր ենք տեսնում նաև անհատական տվյալների գաղտնիության սահմանադրական իրավունքի խախտման համար: Հարցը նրանում է, որ հնարավոր խախտումները վերահսկելու նպատակով «Փարքինգ Սիթի Սերվիս» ընկերությանն իրավունք է տրված քաղաքապետարանին ներկայացնել ավտոմեքենաների տեսաձայնագրված տվյալները, որի հիման վրա քաղաքապետարանը պետք է տուգանք կիրառի»:
Լ. Սարգսյանի խոսքով՝ դրանով վտանգվում է ՀՀ սահմանդրության 23-րդ հոդվածով երաշխավորված՝ անձնական կյանքի գաղտնիության իրավունքը, համաձայն որի՝ առանց անձի համաձայնության նրա վերաբերյալ չի կարելի հավաքել, պահպանել, օգտագործել կամ տարածել այլ տեղեկություններ, քան նախատեսված է օրենքով («Անհատական տվյալների մասին» ՀՀ օրենքի համաձայն, տեղեկատվության հավաքման համար պատշաճ սուբյեկտներ են հանարվում, օրինակ՝ իրավապահ մարմինները, հիվանդանոցները և այլն, բայց ոչ երբեք այսօրինակ ծառայություններ մատուցող մասնավոր ընկերությունները):
«Մեկ այլ հիմնախնդիր է արագաչափերից ստացվող եկամուտների բաշխման տրամաբանությունը: Ու կրկին, ինչ-որ մասնավոր ընկերության տրված է արագաչափեր տեղադրելու և արագությունը գերազանցած վարորդների վճարած տուգանքներից եկամուտներ ստանալու իրավունք: Ընդ որում, երբեմն արագության սահմանափակման այնպիսի սահմաններ են դրվում, որոնք չգերազանցելը գրեթե անհնար է: Սրան զուգահեռ, վերջնական լուծում չի ստացել նաև քաղաքային տրանսպորտի թանկացման հարցը, որը հանրային լուրջ ճնշումներից հետո ժամանակավորապես կասեցվել է, սակայն հիմնավոր լուծում այդպես էլ չի ստացել»:
Պատգամավորի դիտարկմամբ՝ Կառավարությունը այս անհեթեթ և առանձին մարդկանց շահերը սպասարկելու համար ընդունված որոշումները, սովորաբար արդարացնում է՝ վկայակոչելով ինչ-որ եվրոպական ստանդարտներ՝ «մոռանալով որ ՀՀ քաղաքացին օր-օրի աղքատանում է և նրա միջոցները շատ հեռու են շարքային եվրոպացու միջոցներից: Խորհուրդ կտայի նախ եկամուտների հավասարությունն ապահովել, և հետո միայն խոսել եվրոպայում ընդունված ստանդարտներից»:
«Թե՛ վճարովի ավտոկանգառներից, և թե՛ արագաչափերից ստացվող եկամուտների բաշխման տրամաբանությունը նույնն է՝ վարորդների համար ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի նրանք հնարավորինս շատ գումար վճարեն:
Քաղաքապետարանը կամ քաղաքաշինական գերատեսչությունները որևէ հիմնավոր բացատրություն չեն տալիս, թե ինչու՞ այդ նույն սարքավորումները չէին կարող ձեռք բերել պետական կամ համայնքային իշխանությունները, իսկ ստացվող եկամուտն օգտագործել, օրինակ՝ հանրային տրանսպորտի ենթակառուցվածքը բարելավելու, մետրոյի նոր կայաններ կառուցելու կամ տրանսպորտի սակագինը կարգավորելու համար:
Քանի որ թվարկված հիմնախնդիրները ստացել են լայն հանրային հնչեղություն, ուստի խնդրի տեղափոխումը Ազգային ժողով լիովին արդարացված է: Կարծում եմ, այս հիմնախնդիրների ուսումնասիրման ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը կարող է հանրության շահագրգիռ խմբերի հետ սերտ համագործակցության միջոցով ամբողջական և համապարփակ լուծումներ գտնել հանրային տրանսպորտի ոլորտում կուտակված բոլոր հիմնախնդիների լուծման համար»,- հայտարարեց Լ. Սարգսյանը: