Նաիրա Զոհրաբյան. Հայաստանում այս «ռեֆորմների» 70 տոկոս եկամուտը գնում է «բոլորիս հայտնի մասնավոր անձի գրպանը»

ԱԺ-ում շարունակվում է ոչ իշխանական չորս խմբակցությունների կողմից ներկայացված՝ արագաչափերի, կարմիր գծերի, տրանսպորտի վարձավճարի և այլ խնդիրներն ուսունասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը:

Աժ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` անդրադառնալով մեծամասնության կողմից հնչած փաստարկին, թե նման հանձնաժողով ստեղծելով ոչ իշխանական խմբակցությունները «յուղ են լցնում առանց այդ էլ լարված իրավիճակի վրա», հակադարձեց. «Եթե փորձենք վերծանել մեծամասնության այս թեզը, ապա կստացվի մոտավորապես այսպիսի ձևակերպում՝ ինչի՞ եք փորձում ձեր հարցադրումներով խանգարել թալանչիների մասնավոր ռեկետի անդորրը, մարդիկ զբաղված են մասնավոր թալանով, և մի փորձեք ձեր հարցադրումներով խանգարել նրանց: Բայց մենք փորձելու ենք, խանգարելու ենք»:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, թե ինքը «չարաբաստիկ» կարմիր գծերի մասով միջազգային փորձը մոնիտորինգի է ենթարկել և եկել հետևյալ եզրահանգման. «Ինձ հանդիպած որևէ երկրում ես նման բան չեմ տեսել, Փարիզում էլ ինքս հարցում անցկացրի և իմացա, որ գումարը հարյուր տոկոսով գնում է համայնքային բյուջե»:

ԲՀԿ պատգամավորն ասաց, թե իրենք դիմել են նաև անկախ փորձագետների՝ պարզելու համար, թե կարմիր գծանշումների արժեքը կարո՞ղ էր կազմել 5 մլն դոլար:

«Երբ հարցրեցինք, փորձագետներից մեկը, ով լավ հումոր ուներ, ասաց, որ հնարավոր է՝ այդքան կազմի, եթե այդ կարմիր ներկը Ռեմբրանդի կամ, ասենք, վերածննդի ամենաբարձր մակարդակի նկարիչների յուղաներկն է: Բոլորիս համար էլ ակնհայտ է, որ 5 մլն դոլարի ծախս չի արվել, և աբսուրդ է այստեղ փորձել ստել, խաբել»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

ԲՀԿ խմբակցության քարտուղարն ընդգծեց նաև, որ Հայաստանում այս «ռեֆորմների» 70 տոկոս եկամուտը գնում է «բոլորիս հայտնի մասնավոր անձի գրպանը»:

«Հիմա հարց է առաջանում, չնայած ես առանձնապես քաղաքապետի մեղքը չեմ տեսնում, որովհետև նրանց ինչպես ասեն, այդպես էլ կանեն, հանձնարարվել է ընդունել խաղի կանոնը և այդ կոնկրետ մարդը տարեկան 6-8 հազար եվրո մլն պետք է փող աշխատի և Երևանի քաղաքացին պետք է համակերպվի, ընդունի այս խաղի կանոնը»,- նշեց նա:

Նաիրա Զոհրաբյանը առաջարկեց պատգամավորներից կազմել նոր հանձնաժողով, դուրս գալ Աբովյան, Մոսկովյան փողոցներ, ու տեսնել, որ նշված կարմիր գծերի կողքին կանգնած են տարեց, երիտասարդ անձնավորություններ ու քաղաքացիներից մինևնույն է՝ գումարներ են վերցնում, չնայած մարդիկ մեքենայի կայանման համար վճարում են գումար:

«Ես բառ չեմ գտնում անուն տալու այս խայտառակ, անբարոյական համակարգին»,- նշեց նա: Պատգամավորի խոսքով՝ մարդիկ ի վիճակի չեն վճարելու տուգանքները, որովհետև «թալանչին ագահ է»:

«Չկա որևէ ընտանիք, որ ամեն երեկո չանիծի այն անձին, որն ամեն Աստծո օր մտնում է իր գրպանը՝ իր համար ապահովելով տարեկան միջինը 8 հազար եվրոյի եկամուտ»,- եզրափակեց նա:

Տեսանյութեր

Լրահոս