
Ֆրանսիայում հաղթում են ազգայնականները

Ֆրանսիայում կայացել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների առաջին փուլը: «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը հայտարարել, որ իր ղեկավարած քաղաքական ուժը դրական արդյունքներ է արձանագրել ընտրությունների առաջին փուլում, ինչը կարող է վերջ դնել երկրում «երկբևեռ քաղաքական համակարգին»:
Նախնական տվյալներով ազգայնական կուսակցության թեկնածուները առաջատար են Էնեն-Բոմոն, Ավինյոն, Բեզե, Ֆրեժյուսե և մի շարք այլ քաղաքներում: Սակայն բազմաթիվ քաղաքներում երկրորդ փուլից խուսափել հնարավոր չի եղել: Դիտորդների կարծիքով, ազգայնականների հաջողութունը պայմանավորված է գործող նախագահ, սոցիալիստ Ֆրանսուա Օլանդի և նրա կառավարության հեղինակության նվազմամբ:
Հանրային կարծիքի ուսումնասիրման ինստիտուտի գնահատականներով, սոցիալիստներն ու նրանց դաշնակիցները կարող են ստանալ ընտրողների ձայների 43 տոկոսը: Խոշորագույն ընդդիմադիր կուսակցությունը՝ Ժան Ֆրանսուա Կոպեի ղեկավարած «Հանուն ազգային շարժման միությունը» նախնական տվյալներով, ստացել է ձայների 48 տոկոսը: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները Ֆրանսիայում անցնում են երկու փուլով. վճռորոշ փուլը կկայանա մարտի 30-ին: Փորձագետների կարծիքով, ընտրություններից հետո կառավարությունում լուրջ վերադասավորումներ կկատարվեն: