
Արցախի նախագահն ընդունել է ՀՅԴ խորհրդաժողովի մասնակիցներին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 23-ին ընդունել է Ստեփանակերտում մեկնարկած ՀՅԴ միջմարմնական խորհրդաժողովի մասնակիցներին, հայտնում են Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե հանդիպման ընթացքում արծարծվել են Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանը, ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր:
Երկրի ղեկավարը պահանջված է համարել նման հանդիպումները եւ երախտագիտություն հայտնել ներկաներին` միջազգային տարբեր ատյաններում արցախյան հիմնախնդրի օբյեկտիվ ներկայացման, Արցախի միջազգային ճանաչման, տարբեր պետությունների հետ կապերի հաստատման ու ամրապնդման, հանրապետության զարգացման եւ զորացման ուղղությամբ նրանց հայրենանվեր գործունեության համար:
Հանդիպման ընթացքում նախագահ Սահակյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանն ուղղված ակտիվ գործունեության համար Հայ Հեղափոխական Դաշնակցության Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի պատասխանատու Գասպար Կարապետյանին պարգեւատրել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով: