Անվանման մեջ «բիո», «էկո» և նման բառեր օգտագործող տնտեսավարողները կարող են պատժվել
2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «Օրգանական գյուղատնտեսության մասին» ՀՀ օրենքի դրույթը, որով արգելվում է ապրանքի անվանման մեջ կիրառել «էկո», «օրգանական», «էկոլոգիապես մաքուր», «բիո» և համանման այլ որակումներ, եթե արտադրանքն իսկապես էկոլոգիապես մաքուր չէ և չունի համապատասխան սերտիֆիկատ: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը գտնում է, որ նման մակնշումները սպառողին մոլորեցնում են:
ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը հայտնեց, որ հանձնաժողվն այս ամսվա սկզբին վարույթ է սկսել «Էկոֆերմա» ընկերության նկատմամբ: Ըստ նրաա՝ չնայած նորմը գործում է, բայց շատ ընկերություններ շարունակում են օգտագործել այս բառերը:
««Էկոֆերման» զբաղվում է մանրածախ առևտրով, բայց իրավունք չունի այդ անունը կրել, եթե չի վաճառում միայն էկոլոգիապես մաքուր ապրանքներ»,- ասաց
Շաբոյանը՝ հավելելով, որ դիմել են ընկերությանը՝ պահանջելով փաստաթղթերը, բայց ՏՄՊՊՀ նիստին տնտեսվարողները չեն ներկայացել:
Շաբոյանի գնահատմամբ՝ օրենսդրության պահանջն է խախտվում և մրցկացության խնդիրներ են առաջանում: Ըստ այդմ՝ 2008 թ. ապրիլին օրենքի ընդունումից հետո չպետք է գրանցվեին նման անվանումներով ընկերություններ, իսկ նախկինում գրանցվածները պետք է այս տարվանից անվանափոխվեին կամ ներկայացնեին փաստաթղթեր:
Համբուրգի Սպառողների պաշտպանության կենտոնի ղեկավար Էդդա Կաստելոյի կարծիքով՝ բիոլոգիական չափանիշներին չհամապատասխանող այն ընկերությունները, որոնց անվանման մեջ կան նման մակդիրներ, սպառողներին մոլորության մեջ են գցում. «Գերմանիայում ունենք որոշակի ապրանքանշային կնիքներ, որոնք արտադրող ձեռնարկությունների միավորումներն իրենք են ստեղծել և այդ ապրանքանիշերի ներքո վաճառվում է միայն էկոլոգիապես մաքուր արտադրանք: Եթե շուկայում արտադրանք է հայտնվում, որ կրում է նման մակնշում, պետք է համապատասխան ստուգումներ անցկացնել և խախտում հայտնաբերելու դեպքում դատական կարգով դադարեցնել դրա վաճառքը: Ամեն դեպքում խախտումների հազարավոր դեպքեր կան և կեղծիքները տարածված են»: