«Հասարակությունը սկսում է գիտակցել, որ չի կարելի սեփական շահերը հանձնարարել որևէ մեկին»
Հարցազրույց Երևանի Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի
գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ
– Պարոն Բաբայան, հետևո՞ւմ եք քաղաքական գործընթացներին: Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները: Ձեր կարծիքով՝ ի՞նչ վիճակում է հասարակությունը:
– Չէի ասի, թե շատ ակտիվ հետևում եմ քաղաքական ուժերի անցուդարձին, որովհետև կարծում եմ՝ իրենք գործիք են, իսկ ավելի ակտիվ պետք է լինի ինքը՝ հասարակությունը, հասարակական կազմակերպությունները, որոնք իրենք են որոշակի հարցեր առաջ բերում: Ես կարծում եմ, որ Հայաստանում բոլոր դեպքերում փոփոխություններ կատարվում են, և հույսս կապում եմ երիտասարդ սերնդի հետ: Այս 25 տարիների ընթացքում բոլոր դեպքերում նոր մտածողությամբ նոր սերունդ է եկել. սերունդ, որը չի ուզում ապրել սև-սպիտակ աշխարհում, որին այժմ դժվար է խաբել, մոլորեցնել, սերունդ, որի հիմնական մասը փորձում է ինքնուրույն հասկանալ ամեն ինչ և տեր կանգնել իր իրավունքներին: Կարծում եմ՝ սա շատ կարևոր պրոցես է
: Հայաստանում ձևավորվում է մի նոր հասարակություն, և հասարակությունը սկսում է գիտակցել, որ չի կարելի սեփական շահերը հանձնարարել որևէ մեկին, նկատի ունեմ` որևէ կուսակցության: Հասարակությունը սկսում է կուսակցությունների հանդեպ շատ ավելի ճիշտ մոտեցում ունենալ, սկսում է գնահատել ինքն իրեն, մաքրվել ինքն իր մեջ, տեր կանգնել իր իրավունքներին: Սա շատ կարևոր բան է: Գուցե սա դժվար է ընթանում, գուցե փորձում են և շեղել, գուցե սա մինչև վերջ ճիշտ չի ընկալվում, բայց ինքը` պրոցեսն, ընթանում է, և գնալով ավելի ու ավելի լայն խավեր կներգրավվեն սրա մեջ: Սա ինձ մեծ հույս է ներշնչում, որովհետև, երբ երիտասարդներն են դրոշն իրենց ձեռքը վերցրել, նշանակում է՝ ապագա կա: Եթե լինեին, օրինակ, իմ տարեկիցները, ավելի անհուսալի կլիներ:
– Պարո՛ն Բաբայան, որտե՞ղ եք պատկերացնում արվեստագետի, մտավորականի տեղը: Արդյո՞ք նա պետք է քաղաքական ուժերի կողքին լինի, թե՞ զբաղվի միայն իր գործով:
– Ես միշտ տարանջատել եմ արվեստագետին ու մտավորականին: Մարդ կարող է արվեստագետ լինել, բայց մտավորական չլինել: Պարտադիր բան չէ: Անպայման չէ, որ բարձր արժեք ստեղծողը, այդպես է կյանքը, մտահոգված լինի սեփական ժողովրդի կամ երկրի խնդիրներով: Ես կարող եմ միայն իմ տեսակետն ասել՝ առանց որևէ մեկին մեղադրելու: Ինձ համար այս ամենը շաղկապված է: Ես չեմ կարող անտարբեր նայել այն ամենին, ինչ կատարվում է մեր երկրում, անմասն մնալ՝ ասելով, որ ես արվեստագետ եմ, և դա ինձ չի հետաքրքրում: Ինձ դա հետաքրքրում է, որովհետև ես աշխատում եմ մի ոլորտում՝ թատրոնում, որն անմիջական կապ ունի հենց այսօրվա հանդիսականի հետ:
Անպայման չէ, որ ես իրենց հետ խոսեմ կոնկրետ այս խնդիրների մասին: Բայց եթե մենք խոսում ենք ազատության, արժանապատվության, սիրո մասին, սրանք ևս այսօրվա թեմաներ են և կարևոր հարցեր: Ես չեմ կարող չարձագանքել ձեզ և չխոսել ընդհանուր խնդիրների մասին: Շատ հավանական է, որ իմ մոտեցումները դիլետանտական են, ոչ այնքան գրագետ, որովհետև դա իմ ոլորտը չէ, բայց չեմ կարող չարտահայտել իմ տեսակետը: Կարծում եմ՝ քեզ այս կամ այն ճամբարում դնելը, առավել ևս` որևէ կուսակցություն մտնելն այդքան էլ ճիշտ չէ, որովհետև արվեստագետը, մտավորականը պետք է ազատ լինի: Ինչքան էլ հարգես, սիրես որևէ կուսակցություն կամ կուսակցական գործչի, պետք չէ թևերդ կապել և քեզ զրկել ազատ խոսելու հնարավորությունից:
Ավելին, այն, ինչ կատարվում է ինձ հետ, այն փոփոխությունները, որոնք կատարվում են ինձ հետ, պատճառաբանված և արդարացված են այն ներքին խմորումներով, որոնք կատարվում են իմ ներսում: Կարող են փոխվել հայացքները, մոտեցումները և գնահատականները: Քաղաքական ուժերի մոտ հայացքների, մոտեցումների փոփոխությունները հիմնված են արտաքին աշխարհի փոփոխությունների վրա: Ներքին մղումներն ու արտաքին տարբեր հանգամանքներից կախված փոփոխությունները տարբեր են: Այստեղ է, որ մենք, համենայնդեպս` ես, չեմ կարողանա ընդհանուր եզրեր գտնել: Ես կարող եմ համաձայնել այս կամ այն կուսակցության այս կամ այն մոտեցումների հետ, մյուս մոտեցումների հետ կարող եմ չհամաձայնել՝ անկախ նրանից՝ դրանք իշխանակա՞ն, թե՞ ընդդիմադիր կուսակցություններ են: Իշխանական կամ ընդդիմադիր լինելն ինձ համար կողմնորոշման պարտադիր վիճակ չի ստեղծում, բացարձակապես: Իմ պարտադիր վիճակը ներքին համոզմունքի առկայությունն է, այլ ոչ թե որոշակի արտաքին գործոններ:
– Չորս կուսակցություններ, որոնց ոչ իշխանական են անվանում, որոշակի միասնական քայլեր են փորձում անել: Ձեր կարծիքով՝ որքանո՞վ է հնարավոր Հայաստանում կուսակցությունների համախմբումը մեկ միասնական գաղափարի շուրջ:
– Եթե այդ գաղափարն այս երկիրը կարգին, օրինական երկիր դարձնելն է, ինչո՞ւ ոչ: Ճանապարհները կարող են տարբեր լինել, բայց կարծում եմ՝ եթե դու իսկապես մտահոգված ես երկրով, օրինակ՝ անկախ դատարաններ ունենալը պետք է բոլորին միավորող լինի՝ լինեն այդ քաղաքական ուժերն ազատ շուկայական հարաբերություններ պրոպագանդող թե սոցիալիստական:
Անկախ դատարանները պետք են բոլորին, տնտեսության, արվեստի մեջ մրցակցությունը, ազատ, արդար ընտրությունները, բոլորի հավասարությունն օրենքի առջև ևս կարող են միացնել բոլորին: Կան բազմաթիվ կետեր, որոնք միացնում են մարդկանց, դրանք խաղի այն կանոններն են, որոնք հասարակությունը, պետությունն ընտրում է իր համար: Հետո այս խաղի կանոնների հետ յուրաքանչյուրը խաղում է իր խաղը, խնդրեմ՝ պահպանելով այս կանոնները:
Եկեք իշխանության գանք, բայց արդար ձևով գանք, եկեք դատական գործընթացներ անենք, բայց անենք արդար, թող դատարանների վրա ոչ մի ազդեցություն չլինի, եկեք մրցակցային պայմաններ ստեղծենք, որևէ մեկն արտոնյալ պայմաններ չունենա: Կան բազմաթիվ հարցեր, որոնց շուրջ կարելի է միանալ: Մի պաշտոնյային հանենք, մյուսին նշանակենք՝ հարցի շուրջ միանալն ինձ հարազատ չէ: Ինձ համար ավելի կարևոր է համակարգի փոփոխությունը, համակարգի բարելավումը, քան որևէ անձի մյուսով փոփոխելը: Համակարգը մնաց նույնը, Պողոսին փոխեցինք Պետրոսով՝ ի՞նչ:
– Ասացիք, որ երիտասարդությունը դրոշակն իր ձեռքն է վերցրել: Միևնույն ժամանակ` հաճախ են նշում, որ հասարակության շրջանում ապատիա կա, մարդիկ հավատ չունեն ապագայի հանդեպ: Նման տրամադրություններ նկատո՞ւմ եք:
– Իհարկե, դա էլ կա: Տարբեր մարդիկ կան: Ցավոք սրտի, մեր մեջ տարածված է, որ կարելի է մեկնել, գնալ. կյանքը մեկ անգամ է տրվում: Ավելին ասեմ՝ մենք ինքներս մեղավորություն ունենք դրա մեջ: Մենք մեր երիտասարդներին ծնված օրվանից քարոզում ենք, որ մեր չորս կողմը թշնամիներ են, իսկ դա նշանակում է, որ դու երբեք ապահով կյանք չես ունենա, որ միևնույն է՝ երկրում որևէ բան չի փոխվի, որովհետև մեր հայ ազգն այդպիսին է: Չկա այդպիսի բան: Չկա՛: Ամեն ինչ մեզնից է գալիս: Կարծում եմ՝ աշխարհում չկա ավելի մեծ հարստություն, քան լինել սեփական երկրի տերը՝ անկախ այդ երկրի չափերից ու սահմաններից:
Մենք կարող ենք մի մեծ ընտանիք, գերդաստան տեսնել, որտեղ ահավոր հարաբերություններ են: Կարող ենք տեսնել նաև մի փոքր, շատ համեստ ապրող ընտանիք, որն ապրում է մեկ սենյականոց բնակարանում, բայց որտեղ ամեն ինչ ճիշտ է կառուցված: Սա շատ կարևոր է: Քանի որ նաև երիտասարդների հետ եմ շփվում` ոչ միայն թատրոնում, այլև ինստիտուտում, փորձում եմ առաջ բերել այս թեզը՝ դուք ինքներդ եք պատասխանատու ամեն ինչի համար, դուք ինքներդ եք ձեր կյանքը կառուցում և հավատացեք, որ դուք ուզում եք կառուցել:
Մարդը շատ ուժեղ է, առավել ևս, երբ նա համոզված է որևէ բանում, նրան հաղթահարել հնարավոր չէ: Եթե մենք ժպտանք իրար, եթե բարի լույս ասենք միմյանց, եթե մենք միմյանց լավը ցանկանանք, եթե մենք ուրախանանք միմյանց հաջողություններով, եթե մենք չհանդուրժենք սուտն ու դաժանությունը մեր չորս կողմում, եթե մենք մեր միջավայրից վերացնենք մուննաթը, մենք կտեսնենք, որ կյանքն ինքն իրեն փոխվում է:
Երբ խոսվում էր այն մասին՝ Հայաստանը պետք է Եվրոպա՞, թե՞ մեկ այլ տեղ գնա, ես միշտ ասում էի՝ պետք չէ ոչ մի տեղ գնալ: Պետք է պարզապես այստեղ մաքուր ապրել, իրար ժպտալ, կաշառք չտալ և կաշառք չվերցնել, հարգել օրենքները, չկեղտոտել չորս կողմը, և մենք ոչ մի տեղ չենք գնա և կտեսնենք, որ Եվրոպան կգա այստեղ: Վերջիվերջո, մենք ծնվում ենք մի շատ պարզ բանի համար, որ հասկանանք մեր տեղն այս աշխարհում: Կարելի է շատ երկար պտտվել և չհասկանալ, կարելի է այստեղ ապրելով հասկանալ, բայց դու ինքդ դրա համար պետք է քայլեր անես: Սա է մեր ամենակարևոր խնդիրը: