Արտակ Շաքարյան. «Աշխարհը գնում է դեպի նոր սառը պատերազմ»

Թուրքագետ Արտակ Շաքարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Ղրիմ-Ռուսաստան-Ուկրաինա հարաբերությունների մասին՝ ասաց, որ աշխարհը գնում է դեպի նոր սառը պատերազմ: Իսկ սա պայմանավորված է նրանով, որ ռուսները հեշտությամբ չեն զիջի Խորհրդային Միության նախկին տարածքները: Ա. Շաքարյանն ասաց, որ երկրորդական հարցերի պատճառով (իսկ այս դեպքում` Ղրիմի), Թուրքիան չի պատրաստվում խզել կամ վատացնել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, քանի որ այն ունի բազում շահեր Ռուսաստանից. «Ռուս-թուրքական հարաբերությունները շատ խորն են, և Թուրքիան տեսանելի-անտեսանելի կապերով կապված է Ռուսաստանի հետ, և բավականին բարդ է նրա համար որևէ կտրուկ քայլ անելը Մոսկվայի ուղղությամբ: Ռուսաստանը Թուրքիայի թիվ երկու առևտրային գործընկերն է՝ Գերմանիայից հետո: 2008 թվականին մոտ 38 միլիարդի ապրանքափոխանակություն է տեղի ունեցել: Թուրքիան կախում ունի Ռուսաստանից՝ գազի և նավթի առումներով, և Ռուսաստանից միանգամից հրաժարվելը Թուրքիայի համար ինքնասպանության նման մի բան կլինի»,- նշեց բանախոսը: Բարեկամական հարաբերությունների պահպանման համար, սակայն, պատճառ է հանդիսանում նաև այն, որ Ռուսաստանը Թուրքիայում կառուցում է առաջին ատոմային էլեկտրակայանը, որը Թուրքիայի վերջին 60 տարիների ռազմավարական զարգացման ծրագրի մեջ է եղել: Ուստի, ըստ բանախոսի, Թուրքիան քայլ առ քայլ «զգում է իրեն շրջափակման մեջ Ռուսաստանի կողմից»: Իսկ Սև ծովի ավազանից դուրսմղումը բավականին էական ռազմավարական հարված է Թուրքիայի համար: Ա. Շաքարյանն ասում է, որ պաշտոնական Անկարան պաշտոնական Մոսկվայի դեմ որևէ պաշտոնական քայլ չի անի: Բայց ոչ պաշտոնական առումով կան տեղեկություններ, որ Անկարան օգնում է թաթարներին կազմավորել ժամանակավոր ջոկատներ, որ առիթի դեպքում նրանք կարողանան գործադրել զենք և փորձել ուկրաինական կողմին ավելի շատ աջակցել, որովհետև ի սկզբանե Թուրքիային ավելի ձեռնտու է Ուկրաինայի կազմում ունենալ Ղրիմը և հատկապես՝ Սևաստոպոլի կարևորագույն նավահանգիստը վերցնել Ռուսաստանի ձեռքից: Այս դեպքում, բնականաբար, Թուրքիան Ուկրաինայի նկատմամբ ռազմածովային առումով շատ ավելի շահեկան դիրքերում կլինի՝ քան Ռուսաստանի: Ա. Շաքարյանի հավաստմամբ` ռուս-թուրքական հարաբերություններում ամենաէականը թաթարների հարցն է: «Զինված թուրքը հայի համար միշտ հանդիսանում է պոտենցիալ վտանգ: Զինված թուրքն առիթի դեպքում միշտ փորձելու է վնաս հասցնել հային, հատկապես, երբ որ Ղրիմի հայերը հստակ դիրքորոշում ունեն դեպի Ռուսաստան: Ուստի, կարելի է ասել` Թուրքիայի ազդեցության տակ գտնվող թաթարները հակահայկական են»:

ԴԻԱՆԱ ԹՈՐՈՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս