Բաժիններ՝

Ուկրաինական ճգնաժամ. 6 պատճառ, թե ինչու է ԱՄՆ-ի կողմից ռազմական ուժ կիրառելը թվում աներևակայելի. Forbes

Ամերիկյան Forbes պարբերականում հրապարակվել է Ուկրաինայի ճգնաժամի վերաբերյալ լրագրող Լորեն Թոմփսոնի հոդվածը, որում բերվում է 6 պատճառ, թե ինչու ԱՄՆ-ը պատերազմ չի սկսի Ռուսաստանի դեմ.

«Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն այս շաբաթ ժամանեց Վաշինգտոն և, համաձայն New York Times-ի, ամերիկացի քաղաքական գործիչներին խնդրեց պաշտպանել անկախ ինքնիշխան պետությանը` համաձայն 1994 թվականի (Բուդապեշտի) պայմանագրի, որը երաշխավորում է Ուկրաինայի անվտանգությունը:

Մի շարք կոնգրեսականներ, կարծես թե, անգամ համաձայնվեցին, ինչը հատկապես վերաբերվում է հանրապետականներին, որոնք նախագահ Բարաք Օբամային մեղադրում են թուլության մեջ: Սակայն եթե Օբաման թույլ էլ թվում է, ապա դա նրա համար է, որ նա հասկանում է այն տարածքում վճռական գործողություններ իրականացնելու վտանգավորությունը, որը Ռուսաստանի համար շատ ավելի կարևոր է, քան` ԱՄՆ-ի համար:

Ամերիկացիների մեծ մասը նույնպես հասկանում է դա: CNN հեռուստաալիքի անցկացրած հարցման համաձայն, հարցվածների 3/4-ը դեմ է արտահայտվել Կիևին ռազմական օգնություն տրամադրելուն: ԱՄՆ-ի կողմից ռազմական ուժ կիրառելու ռազմավարական սխալ հաշվարկ կլինի հետևյալ 6 պատճառով:

1.  Ռուսաստանը կարող է ամբողջովին կործանել Ամերիկան: Տեղական հակամարտությունները հաճախ կարող են դուրս գալ վերահսկողությունից, երբ միջամտում են օտար պետությունները: ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև յուրաքանչյուր ռազմական դիմակայությունում գոյություն ունի միջուկային զենքի կիրառման վտանգ:

Հնարավոր է` դա թվում է անհավանական սցենար, սակայն պետք է հիշել, որ սերբ ազգայնականի կողմից էրցհերցոգի սպանությունը հանգեցրեց Առաջին համաշխարհային պատերազմին (նկատի է առնվում 1914 թվականի հունիսի 28-ին սերբ ուսանող Գավրիլ Պրինցիպի կողմից Սարաևոյում Ավստրո-Հունգարիայի գահաժառանգ Ֆրանց Ֆերդինանդին սպանելը – 168.am):

2. Ուկրաինան կեսնական նշանակություն ունի Ռուսաստանի անվտանգության համար: 1991 թվականին ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ռուսները շատ տարածքներ կորցին արևմուտքում, և Մոսկվան ներկայումս գտնվում է ուկրաինական սահմանից ինքնաթիռի թռիչքի մեկ ժամվա հեռավորության վրա:

Եթե անհասկանալի է, թե ինչու Ուկրաինայում ամերիկյան ուժերի տեղակայումը կարող է հանգեցնել պատերազմի, պետք է հիշել, թե Վաշինգտոնն ինչպես արձագանքեց Կուբայում խորհրդային հրթիռների տեղակայմանը (1961 թվականին ԱՄՆ-ը միջին հեռահարության (մինչև 2400 կիլոմետր, Մոսկվային սպառնացող) հրթիռներ տեղակայեց Թուրքիայում, ինչին ի պատասխան` ԽՍՀՄ-ը 1962 թվականին միջին հեռահարության (4000 կիլոմետր, Վաշինգտոնին սպառնացող) հրթիռներ տեղակայեց Կուբայում – 168.am):

3. ՆԱՏՕ-ի դաշնակիցները շահագրգռված չեն ռազմական գործողություններում: Ամերիկայի եվրոպական գործընկերները պատրաստ չեն Մոսկվայի հետ ռազմական դիմակայությանը: Նրանք տնտեսական (գազային) պլանում կախում ունեն Ռուսաստանից:

Ի հավելումն, եվրոպական քաղաքակրթությունը կարող է չմարսել ևս մեկ տարածաշրջանային պատերազմ, ինչի համար էլ եվրոպացի առաջնորդները նախընտրում են մնալ անմասն` չնայած ռուսական սադրանքներին: Ռուսաստանին մոտ գտնվող երկրներն անհանգստանում են իրենց անվտանգության համար:

4. Ռուսաստանն ունի տեղային ռազմական գերազանցություն: Դա գլխավորապես կապված է աշխարհագրական դիրքի հետ: Ռազմական գործողությունների վարելու համար ԱՄՆ-ին անհրաժեշտ կլինի կա´մ հենվել դաշնակիցների բազաների վրա, կա´մ Բոսֆորի նեղուցով ծովային ուժերը տեղափոխել դեպի Սև ծով

(Սևծովյան նեղուցներով խաղաղ և պատերազմական ժամանակներում առևտրանավերի ու ռազմանավերի անցումը կանոնակարգող 1936 թվականի Մոնտրյոյի կոնվենցիայի համաձայն, պատերազմի դեպքում, որին չի մասնակցում Թուրքիան, Սևծովյան նեղուցները փակվում են պատերազմող բոլոր կողմերի ռազմանավերի առջև – 168.am):

Սակայն այդ երկու տարբերակներն էլ հղի են հետևանքներով. դաշնակիցները կարող են չթույլատրել օգտագործել իրենց բազաները` վախենալով Ռուսաստանի պատասխան միջոցներից, իսկ ամերիկյան ռազմանավերը Սև ծովում կարող են թիախ հանդիսանալ ռուսական հրթիռների համար:

5. Քաղաքական ուժերի հարաբերակցությունն անորոշ է: Չնայած նրան, որ Ղրիմը ձևականորեն մտնում է Ուկրաինայի կազմի մեջ, վերջին դարերին նա հանդիսացել է Մոսկվայի ազդեցության գոտի, և այնտեղ բնակվողների մեծ մասն էթնիկ ռուսներ են: Ուկրաինայի արևելյան շրջանները նույնպես ամուր կապեր ունեն Ռուսաստանի հետ: Այնտեղ նույնպես չեն սպասում ամերիկացի զինվորականներին:

6. Ամերիկացիները դեմ են ռազմական գործողություններին: Չնայած նրան, որ մի շարք քաղաքական գործիչներ ԱՄՆ-ը դիտարկում են որպես համաշխարհային ժանդարմ, շարքային ամերիկացիները շահագրգռված չեն Ուկրաինա ամերիկյան զորքեր ուղարկելում: Նմանատիպ ռազմական կամպանիայի ռիսկը շատ մեծ է, իսկ հաջողության հասնելու հավանականությունը` չափազանց ցածր»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս