Բաժիններ՝

Հայաստանը կարող է կորցնել իր առևտրաշրջանառության ամբողջ ծավալի 40-45 %-ը

Ուկրաինական ճգնաժամը շարունակում է էլ ավելի խորանալ և այդ պայմաններում Հայաստանը կարող է կորցնել իր առևտրաշրջանառության ամբողջ ծավալների 40-45 %-ը: Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ հիմնավորելով, որ ՀՀ-Ուկրաինա առևտրաշրջանառությունը 230 մլն դոլար է, իսկ ՌԴ հետ կարող ենք կորցնել շուրջ 270 մլն շրջանառություն, այսինքն՝ մոտ 0.5 մլրդ դոլարի արտաքին առևտրի փոփոխություն է լինում, իսկ ՀՀ ամբողջ առևտրաշրջանառությունը 1.1 մլրդ է:

Ըստ նրա՝ Ուկրաինան ՀՀ համար կարևոր գործընկեր է և առևտրաշրջանառության առումով առաջին հնգյակի մեջ է, ընդհանուր ծավալից 215 մլն դոլարը ներմուծումն է, որի կեսը սննդամթերք է՝ ձեթ, շոկոլադ, մարգարին  և այլն, երկրորդ խումբը՝ ամրանների, տանիքների համար մետաղական իրեր և այլն. «Արտահանում ենք 14 մլն դոլարի ապրանքներ՝ կենդանի խեցգետին, ալկոհոլային խմիչքներ, որից զրկվելու հավանականությունը կա: Ուկրաինայի ճգնաժամն անուղղակի ձևով կազդի մեզ վրա, եթե ՌԴ-ն ավելի մեծ կերպով ներգրավվի դրանում և հայտնվի դեֆոլտի շեմին, այնտեղ թանկացումներ լինեն, դոլարի ինֆլյացիա լինի ռուբլու նկատմամբ: Այդ դեպքում ՌԴ-ում աշխատող հայերն իրենց աշխատանքը կկորցնեն, քանի որ առաջինը նման փոփոխությունները զգում է շինարարությունը, որի մեջ ներգրավված են հիմնականում հայերը: Տնտեսական ճգնաժամի դեպքում ՌԴ-ն մեզ գազ ու նավթ կվաճառի, բայց թե ինչ կգնի, այլ հարց է՝ մրգերի, բանջարեղենի, խմիչքների ծավալը կարող է պակասել: Դրան հավելած նաև միգրանտների ու տրանսֆերտների խնդիրը»:

Գ.Մակարյանի կարծիքով՝ եթե ՌԴ-ն մեկուսացվի աշխարհից, ՄՄ-ին անդամակցելու ՀՀ-ի ձգտումը երկիրը դնում է միայնակության ռեժիմի մեջ, քանի որ Եվրոպան ու Ամերիկան ճգնաժամի խորացման դեպքում կփորձեն ազդել ՄՄ կայացման վրա: Նրա խոսքով՝ այս առումով Ղազախստանը խոցելի է՝ իր կոռումպացվածությամբ, օլիգարխներով և այլն, և Արևմուտքը կարող է Ղազախստանին հեշտությամբ ներգրվել իր կողմը, իսկ Բելառուսը Արևելյան գործընկերության ծրագրում միշտ ճնշված երկիր է եղել, այժմ կարող են դա ակտիվացնել և իրենց կողմը գավել: Միության նախագահը նշեց, որ ՌԴ համար Ուկրաինան կարևոր է որպես Եվրոպայի դարպաս, ՀՀ-ն՝ որպես Արևելքի, և նույն խստությամբ, ինչպես Ուկրաինային, ՌԴ-ն կբերաբերվեր մեզ, եթե ՀՀ-ն գնար դեպի ԵՄ. «Սերժ Սարգսյանի որշումն ավելի կարժևորվի, եթե կառավարությունը արագ կերպով էքսկլյուզիվ քայլեր կատարի, վերանայի ռազմավարությունը, բյուջեն և այլն, որովհետև մեր ամեն ինչը մշակված է խաղաղ միջավայրի համար, իսկ հիմա մենք հայտնվում ենք ռազմական միջավայրում: Մենք հայտարարում ենք, որ պատրաստ ենք ՄՄ-ին անդամակցել, բայց դրանով մենք մեզ դնում ենք ծանր վիճակի մեջ, քանի որ կարող են ասել՝ եկեք վավերացնենք պայմանագիրը, բայց մեզ շտապողականությունը բոլորովին պետք չէ, այլ պետք է դանդաղեցնել ընթացքը, մինչև իրավիճակը կկայունանա: Դրա  համար կարող ենք պատճառ բերել Ուկրաինային, որ շուկա են կորցրել ու լրացուցիչ հաշվարկների կարիք կա նախքան փաստաթուղթ ստորագրելը: 1-2 ամսում պարզ կլինի՝ ՌԴ-ն վերջնական ներքաշվում է հակամարտության մեջ, թե ոչ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս