Բաժիններ՝

Օղու էֆեկտը

Եվ այսպես, Ազգային ժողովը երեկ առաջին ընթերցմամբ ընդունեց «Գովազդի» ու «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքների փոփոխության նախագծերը` 66 կողմ, 1 դեմ և 2 ձեռնպահ ձայներով:

ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանի, Արման Սահակյանի, Լևոն Մարտիրոսյանի, Նաիրա Կարապետյանի, Արթուր Գևորգյանի, Էդմոն Մարուքյանի և Տաճատ Վարդապետյանի հեղինակած օրենսդրական փաթեթի ընդունմամբ զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներին հնարավորություն կտրվի երեկոյան ժամը 22:00-ից մինչև առավոտյան 06:00-ը ցուցադրել թունդ ալկոհոլային խմիչքների (սպիրտի պարունակությունը` 20 և ավելի ծավալային տոկոս) գովազդ: Նշենք, որ ներկայումս Հայաստանում 20 տոկոսից ավելի թնդություն ունեցող ալկոհոլային խմիչքները, բացի կոնյակից, հեռուստատեսությամբ ու ռադիոյով գովազդել չի կարելի։

ԱԺ ոչ իշխանական ուժերի հակափաստարկները խորհրդարանը հաշվի չառավ։ Խորհրդարանական մեծամասնության համոզմամբ` այս օրինագիծը թույլ կտա բարելավել հայկական հեռուստաընկերությունների ֆինանսական վիճակը։ Իսկ ալկոհոլի սպառման վրա, ըստ հեղինակների, դա ազդեցություն չի ունենա, քանի որ «մենք` հայերս, կարողանում ենք լուրջ վերաբերվել ալկոհոլ օգտագործելուն»։ Իհարկե, այս դեպքում անհասկանալի է, թե ինչո՞ւ պետք է օղի վաճառողները հեռուստատեսային գովազդ պատվիրեն, եթե դա չի ավելացնելու վաճառքի ծավալները։

Ինչևէ, շուտով հայրենի հեռուստաալիքները մեզ կսկսեն համոզել գնել ալկոհոլ, որպեսզի բարելավվի թե ալկոհոլ վաճառողների, թե իրենց` հեռուստաընկերությունների վիճակը։ Ի՞նչ է տալու այս փաթեթն իրականում։ Նախ` նշենք, որ ալկոհոլի գովազդի ամբողջական արգելքը հեռուստաընկերությունների եթերում օրենսդրությամբ արգելվել է 2002 թվականի կեսերից։

Այսինքն` հայկական հեռուստաընկերությունները ներկայիս մեխանիզմով աշխատում են մոտ 12 տարի։ Իսկ ինչո՞ւ 12 տարի անց միայն հանկարծ հեռուստաընկերությունները հիշեցին, որ ալկոհոլի գովազդի բացակայությունն իրենց վնասում է։ Իրականում, միշտ են հիշել։ Սակայն նեղն ընկել են միայն վերջերս` վերջին 2-3 տարվա ընթացքում։
Այսպես, պաշտոնական վիճակագրության համաձայն` 2011 թվականին հեռուստածրագրերի կազմման և հեռարձակման ոլորտի (հեռուստաընկերությունների) հասույթը կազմել է 10.5 միլիարդ դրամ:

2012 թվականին հասույթը նվազել է մինչև 8.5 միլիարդ։ Իսկ 2013 թվականը հեռուստաընկերությունները փակել են 7.8 միլիարդ հասույթով։ Ըստ երևույթին` դանակը հասել է ոսկորին, և հեռուստաընկերությունները որոշել են, որ պետք է շտկել ֆինանսական վիճակը` ալկոհոլի գովազդի միջոցով։ ԱԺ-ում հնչած հայտարարություններից դատելով` կարող է տպավորություն ստեղծվել, որ հեռուստաընկերությունների դժբախտության պատճառը հենց ալկոհոլի գովազդի արգելքն է։ Նրանք չունեն բավարար միջոցներ։

Արդյունքում` հեռուստաընկերությունների դժբախտությունը դառնում է նաև մերը` հեռուստադիտողներինը, քանի որ անբավարար միջոցների պատճառով մեզ հրամցնում են անորակ և անճաշակ եթեր։ Թվում է, որ մոտավոր հաշվարկներով` օրենսդրական նախաձեռնության ընդունմամբ, գովազդատուների կողմից, գովազդի դիմաց կատարվող վճարների տեսքով, տարեկան մինչև լրացուցիչ 1 մլրդ դրամ կարող է ուղղվել հայաստանյան հեռուստատեսություններ, ինչը որոշակիորեն կբարելավի նրանց ֆինանսական ներկա վիճակը:

Ընդունենք, որ այդպես է, և, որ հեռուստաընկերությունները կորուստներ են կրում ալկոհոլի գովազդի արգելքի պատճառով։ Այդ դեպքում ինչպե՞ս բացատրել այն հանգամանքը, որ մինչև 2012 թվականը հեռուստաընկերությունների հասույթն աճել է ոչ թե տոկոսներով, այլ անգամներով։

Տեսեք` 2006 թվականին հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման ոլորտի (հեռուստատեսություններ և ռադիոընկերություններ) հասույթը կազմել է 2,9 միլիարդ դրամ, 2007 թվականին` 3.1 միլիարդ դրամ, 2008 թվականին` 3.3 միլիարդ, 2009-ին` 4.7 միլիարդ։ Իսկ 2011-ին, ինչպես արդեն նշեցինք, միայն հեռուստաընկերությունների հասույթը (առանց ռադիոյի) կազմել է 10.5 միլիարդ դրամ։

Հիշեցնենք, որ այս ամբողջ ժամանակահատվածում ալկոհոլի գովազդն ընդհանրապես արգելված է եղել հեռուստատեսությամբ, սակայն դա չի խանգարել եկամուտների աճին։

Այստեղից հետևություն` հեռուստատեսությունների դժբախտությունների պատճառն ալկոհոլի գովազդը չէ։ Այդ գովազդը պարզապես փրկօղակ է` դժվարությունները հաղթահարելու համար։ Թեպետ խիստ կասկածելի է, որ դա կլուծի հեռուստաընկերությունների խնդիրները։

Այն, որ հեռուստաընկերությունների ֆինանսական միջոցները շատ քիչ են` ոչ ոք չի վիճարկում։ Դա երևում է անգամ նրանց վճարած հարկերից։ 2013 թվականի 1000 խոշոր հարկատուների ցանկում հանրապետական սփռում ունեցող շուրջ երկու տասնյակ հեռուստաընկերություններից ներկայացված է ընդամենը 7-ը։ Ամենախոշոր հարկատու հեռուստաընկերությունը «Արմենիա Թի Վի»-ն է (207-րդ տեղ, 537 միլիոն դոլարի հարկ):

Երկրորդ տեղում Հանրայինն է (236-րդ տեղ, 465.7 միլիոն):

Շանթ հեռուստաընկերությունը երրորդն է (452-րդ տեղ, 441 միլիոն դոլար)։ Սրանցից բացի, խոշոր հարկատուների ցանկում տեղ են գտել նաև Ա-Թիվին (170.9 միլիոն դրամ), Արմնյուզը (139.9 միլիոն դրամ), ԱՐ-ը (125.1 միլիոն) և Հայկական երկրորդ հեռուստաալիքը (124.4 միլիոն դրամ)։ Առաջին հայացքից` մեծ գումարներ են, սակայն զիջում են անգամ որոշ պոլիկլինիկաների և բուհերի։

Իսկ ո՞րն է հեռուստաընկերությունների ֆինանսական դժվարությունների պատճառը` դժվար է միանշանակ ասել: Ամեն դեպքում մի բացատրություն կա` հեռուստաընկերությունները գովազդային շուկայում չեն դիմանում ինտերնետի մրցակցությանը։ Ինտերնետը լայն տարածում է գտել և մատչելի դարձել հատկապես վերջին 3 տարիների ընթացքում:

Իսկ հեռուստաընկերությունների հասույթը սկսել է նվազել հենց 2011 թվականից սկսած։ Այսօր կան լրատվական կայքեր, որոնք ավելի շատ դիտում ունեն, քան որոշ հեռուստաընկերություններ։ Մարդիկ դադարել են հեռուստատեսություն դիտել, քանի որ նույնը կարող են անել ինտերնետով։ Ֆիլմերը դիտում են համակարգչով, իսկ լուրերի հարցում հեռուստաընկերություններն այլևս ընդհանրապես մրցակից չեն էլեկտրոնայիններին. Հայկական հեռուստատեսային լրատվականներն ամեն ինչ արել են` հասարակության վստահությունը կորցնելու համար։

Դրա համար էլ գովազդի մի մասը տեղափոխվում է հեռուստատեսությունից` ինտերնետ։ Արդյունքում` հայկական որոշ կայքերում բանների գինն ավելի թանկ է, քան որոշ հեռուստաընկերությունների գովազդը։

Ու քանի որ հայկական առևտրային ընկերությունների բյուջեն անսահմանափակ չէ (հատկապես, որ նվազում է բնակչության գնողունակությունն ու սպառումը), ապա ինտերնետային գովազդը լինում է հեռուստատեսայինի հաշվին։
Սա նշանակում է, որ խնդիրն ավելի լուրջ է և խորքային, և ալկոհոլի գովազդը դժվար թե երկարաժամկետ հեռանկարում օգնի հեռուստաընկերություններին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս