Ի՞նչ մի առանձնակի բան է տեղի ունեցել, որ իրար եք անցել. Մանվել Բադեյանը՝ ոչ իշխանական ուժերի հանդիպումների մասին

168.am-ի հարցազրույցը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանի հետ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ հանդիպեց ՀԱԿ կուսակցության փոխնախագահներ Արամ Մանուկյանի, Լևոն Զուրաբյանի և վարչության անդամ Ավետիս Ավագյանի հետ: Օրեր առաջ էլ նման հանդիպում տեղի ունեցավ ՀՅԴ գերագույն մարմնի և բյուրոյի անդամների հետ: Ի՞նչու է Գագիկ Ծառուկյանն, ըստ Ձեզ, հանդիպում ընդդիմադիր ուժերի հետ:

– Իրենցից հարցրեք: Ես չգիտեմ, ըստ երևույթին, համագործակցության խնդիրներ ունեն, հայտարարություններով են հանդես գալիս, պարզաբանումներով:

– Քաղաքական նոր գործընթա՞ց է սկսվում:

Կարդացեք նաև

– Չէ, նոր գործըթնաց չկա, բնականոն գործըթնաց է, երբ ընդդիմադիր ուժերը փորձում են տապալել իշխանությունը: Այլընտրանքը ու օպոզիցիան համագործակցում են, թե դրանից հետո ի՞նչ կլինի,  այդ հարցում երբեք չեն կարող գալ միասնության, ուստի իրենց քայլերը անարդյունավետ են:

– Երեկ Գագիկ Ծառուկյանը, ilur.am –ի փոխանցմամբ, ասել է, որ ԲՀԿ-ՀԱԿ հանդիպումը շատերի մոտ առողջական խնդիրներ է հարուցել, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն էլ նշել է, որ շատերը հանդիպումից միկրոինֆարկտ կստանան: Հանդիպումը առողջական խնդիրներ Ձեզ վրա թողե՞լ է:

– Չգիտեմ, համենայնդեպս, իմ առողջությունից ես չեմ բողոքում: Երևի դա բժշկական խնդիր է, ես տեղյակ չեմ, որ ՀՀԿ-ում որևէ մեկը սրտից թույլ լինի: Չգիտեմ, երևի ուրիշ դիագնոզի տեր մարդիկ կարող են նման բան պնդել:

– Ոչ իշխանական ուժերի համագործակցության հետևանքով իշխանափոխության սպառնալիք չե՞ք տեսնում:

– Ոչ, բացարձակապես,իսկ ինչո՞ւ պիտի զգանք, ի՞նչ անենք, որ միավորվել են: Էդ չորս ուժով իրար հետ ավելի քիչ հատվածն են ժողովրդի ներկայացնում, քան մենակ Հանրապետականը:  Դա ցույց է տվել ընտրությունը, և սա խոսում է ուժերի հարաբերակցության մասին։ Թող ինչքան ուզում են համախմբեն, ի՞նչ է եղել որ: Ցանկացած ընդդիմադիր ուժի նպատակը իշխանափոխությունն է, և այստեղ որևէ մեղադրական բան չկա, նորություն էլ չկա, էդ ի՞նչ մի առանձնակի բան է տեղի ունեցել, որ սենց իրար եք անցել, թեմաներ եք ման գալիս, ոչինչ տեղի չի ունեցել: Հիմա իրենք պաշտոն են ուզում, միշտ ուզում են, դու քանի՞ տարի է լրագրող ես, միշտ էդ են ուզում, ուրիշ բան չեն ուզում:

– Ինչո՞ւ ԲՀԿ-ն հանրապետության նախագահի հրաժարականը չի պահանջում:

– Չի ուզում, չի պահանջում, իրենցից հարցրեք, որովհետև, թե դրանից հետո ինչ պիտի լինի, իրանք շատ լավ գիտեն, դրա համար էլ չեն պահանջում:

– Ի՞նչ պիտի լինի:

– Պիտի լինի վիճակի վատթարացում: Իսկ ո՞ւմ եք դուք տեսնում նախագահ: Ժողովուրդը տեսել է Սերժ Սարգսյանին, դո՞ւք ում եք տեսնում, ԲՀԿ-ն ո՞ւմ է տեսել… Չի տեսել, դրա համար չի պահանջում:

– ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը Գագիկ Ծառուկյանին Բ. Իվանիշվիլու հետ համեմատեց, հռետորական հարց հնչեցրեց, թե ինչո՞վ է Ծառուկյանը պակաս Իվանիշիլուց: Ինչո՞վ է պակաս Ձեր կարծիքով:

– (Ծիծաղում է): Էդ չեմ կարող ասել, Լևոն Տեր-Պետրոսյանին հարցրեք, ըստ իս, դրանք համեմատելու բան էլ չեն, գոնե գումարի առումով համեմատելու չեն, Իվանիշվիլին ավելի հարուստ է:

– Ասացիք, որ ոչ իշխանական ուժերը պաշտոն են ուզում: Ստացվում է, որ ՀՀԿ-ն էլ ոչ մի կերպ չի՞ զիջելու:

– Իհարկե, ընտրությունների իմաստը բա էլ ո՞րն է, ինչի՞ ես դու դրանից վատ զգում քեզ: Կուսակցությունը ստեղծվում է ընտրության միջոցով իշխանության գալու, չզիջելու համար:

– Իսկ եթե փողոց  հաջողվի փողոց դուրս բերել հասարակությանը, չե՞ք վախենում այդ սցենարից:

– Չէ, չեմ վախենում, իսկ դուք չե՞ք վախենում, որ ՀՀԿ-ն մարդկանց փողոց կհանի:

Գուցե չեն վախենում, որովհետև ՀՀԿ-ին երբեք փողոցում չեն տեսել մարդիկ:

– Չեն տեսել, որովհետև մենք ամբոխավար կուսակցություն չենք: Մենք իրենց շատ հանգիստ ենք վերաբերում, նույնիսկ հումորով:

Տեսանյութեր

Լրահոս