Նախագահը չի կարող լինել լեգիտիմ, երբ նա ամբողջովին կորցրել է իր ժողովրդի վստահությունը. Ղրղզստանի ԱԳՆ-ը՝ Յանուկովիչին
K-News-ի փոխանցմամբ՝ Ղրղզստանի ԱԳՆ-ը դատապարտել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի վերջին ելույթը: Երեկ երեկոյան Ղրղզստանի ԱԳՆ-ի տարածած համապատասխան հայտարարության մեջ նշված է.
«Ղրղզստանի Հանրապետությունը դատապարտում է ամեն տիպի գործողությունները, որոնք ուղղված են Ուկրաինայում իրավիճակի ապակայունացմանը: Դրա համար էլ ոչ տեղին ու ոչ ադեկվատ ենք համարում ընթացիկ տարվա մարտի 11-ին Վիկտոր Յանուկովիչի արած հայտարարությունը»:
Ղրղզստանի ԱԳՆ-ն ընդգծել է, որ երկրում իշխանության աղբյուրը ժողովուրդն է. «Նախագահը չի կարող լինել լեգիտիմ, երբ նա ամբողջովին կորցրել է իր ժողովրդի վստահությունը, փաստացիորեն կորցրել է նախագահական լիազորությունները, և ավելին՝ փախել է երկրից»:
Ղրղզստանի ԱԳՆ-ի կարծիքով՝ Ուկրաինայի ներկայիս ճգնաժամն առաջացել է նախկին իշխանությունների չմտածված գործողությունների ու կոռումպացվածության պատճառով: